Ռոբերտ Քոչարյանի վրա ուղղակի ազդեցություն ոչ ոք չի կարող ունենալ. տուժողի ներկայացուցիչներ

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Սեդա Սաֆարյանը և Տիգրան Եգորյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդությանը, ասացին, թե անձնական միջնորդություն ներկայացրած ՀՀ  երեք և Արցախի Հանրապետության նախկին վարչապետներն  ունակ չեն հսկելու Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը, քանի որ, ըստ նրանց, Ռոբերտ Քոչարյանի վրա ուղղակի ազդեցություն ոչ մեկը չի կարող ունենալ:

Սեդա Սաֆարյանի խոսքով՝ անհրաժեշտ է պատշաճ ուսումնասիրել, թե ովքեր են այն մարդիկ, որոնք առաջարկել են իրենց անձնական երաշխավորությունը, արդյո՞ք կամավոր են եկել, թե՞ պիտի գային, ըստ Սաֆարյանի, Ռոբերտ Քոչարյանին իրենց հարստության համար հատուցելու համար:

Երկու փաստաբաններն էլ հայտարարեցին, որ  ներկայացված միջնորդությունները ենթակա են մերժման: Նույն  տեսակետը հայտնեցին նաև տուժողների իրավահաջորդները:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև՝ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Վարչապետներն այսօր դատարանում վերահաստատել էին նախապես ներկայացրած իրենց դիմումներում նշված դիրքորոշումը, համաձայն որի՝ պատրաստ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դեպքում երաշխավորել վերջինի պատշաճ վարքագիծը և մասնակցությունը դատական գործընթացներին:

Միջնորդություններին անդրադառնալով՝ դատախազներ Պետրոս Պետրոսյանը և Գևորգ Բաղդասարյանը նշեցին, որ չի նվազել Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ լինելու ժամանակ քրեական գործին խոչընդոտելու ռիսկը:

«Որևէ խափանման միջոց, այդ թվում՝ գրավը, ի զորու չէ զսպելու, այդ թվում՝ նաև անձնական երաշխավորությունը: Անձնական երաշխավորության կամ անձնական երաշխավորների վերաբերյալ որևէ հանգամանք նշելը, ըստ մեզ, այս փուլում առարկայազուրկ է, որևէ անհրաժեշտություն չկա խափանման միջոցի կիրառման պայմաններում անդրադառնալ, այդ թվում՝ նաև պաշտպանների կողմից ներկայացված հանգամանքներին»,- ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Դատախազների խոսքով՝ դատարանում ներկայացված խափանման միջոց կալանավորումը թե՛ անձնական երաշխավորությամբ, թե՛ գրավով փոխելը անհիմն են և ենթակա են մերժման:

Տեսանյութեր

Լրահոս