«Վանի հայկական մշակութային արժեքները մեկը մյուսի հետևից ոչնչանում են». թուրք մասնագետ

Վանի պատմական շինությունները շարունակում են մնալ կործանման վտանգի առաջ։ Քաղաքի հայկական մշակութային ժառանգության մեծ մասը տարիների անտարբերության և անխնամության պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տուրիզմի մասնագետ Մուրաթ Բեյազը, անդրադառնալով Թուրքիայում մշակութային ժառանգության հետ կապված խնդիրներին, նշել է, որ եթե այս հուշակոթողները վերականգնվեն, ապա 20 տարի նույն տեղում դոփելուց հետո Վանի զբոսաշրջությունը կարող է կրկին աշխուժանալ։

«Այս պատմական կառույցները ստեղծած մարդիկ, եթե այսօր տեսնեին դրանց վիճակը, բան չէր մնա, որ մեզ չասեին: Մենք մարդկանց ջանքն ու պատմությունը չհարգեցինք: Մենք չկարողացանք բացել հայկական վանքերը: Ամենը գանձագողերի կողմից կործանված վիճակում են: Մենք տեր չենք կանգնում մեր մշակութային ժառանությանը»,- քննադատել է Բեյազը:

Այդպիսի մշակութային կոթողների թվում է Վանի Բաշքալե շրջանում գտնվող 1700 տարվա Սուրբ Բարդուղիմեոս հայկական եկեղեցին, ինչպես նաև Գևաշի Սուրբ Թովմա վանքը և հանրահայտ Կարմիր եկեղեցին (Գարմրավանքը): Այս հուշակոթողները, որոնք երբևէ եղել են տարածաշրջանի մշակութային ինքնության անբաժանելի մասը, այսօր լքված են և պարբերաբար ենթարկվում են գանձագողերի վնասմանն ու թալանին։

Բեյազը նաև քննադատորեն է մոտեցել Վանի բերդի վերականգնման աշխատանքներին՝ ընդգծելով, որ դրանք առաջ են գնում դանդաղ տեմպերով, ապա հավելել․ «Եթե այս կառույցները վերանորոգվեն, զբոսաշրջիկը հանգիստ կարող է Վանում 6–7 օր ժամանակ անցկացնել: Այս կոթողները պետք է հրատապ վերանորոգվեն»։

Տեսանյութեր

Լրահոս