Ձեր քարոզիչը ստել է՝ դուք չեք իմացե՞լ․ նշանակում է՝ դուք փալաս եք, ղեկավար չեք․ Արթուր Խաչիկյան
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ղեկավարն է, այլ՝ Ալիևի դեսպանը՝ Հայաստանում։
«Նա մի մարդ է, և իր խումբը մի խումբ է, որը մեր պատմության մեջ կմնա՝ որպես ամենախայտառակ դավաճանական քրեական մի խումբ, որը հանձնեց մեր երկիրը, կոտրեց մեր ժողովրդին և կատարեց արտաքին ուժերի պատվերը՝ Ալիևի, ամերիկյան, բրիտանական և, հնարավոր է՝ թուրքական հետախուզության»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
Ըստ Արթուր Խաչիկյանի՝ Փաշինյանը կտրուկ է արձագանքում ՀՀ նախկին ղեկավարների հայտարարություններին, որովհետև չի կարողանում իրեն համեմատել նախկին որևէ ղեկավարի հետ․
«Ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ ղեկավարի ժամանակ այսպիսի խելագարություն, այսպիսի ողբերգություն, պարտություն մենք չէինք կրել, և նա դա գիտի։ Ես սկսել եմ հոգեբանություն ուսումնասիրել, որովհետև գժանոցում ենք ապրում, և սովորաբար, եթե մարդ տեսնում է, որ ինչ-որ խայտառակ սխալ է գործել, և բոլորը դա հասկանում են, նա էլ է անցնում այս հիստերիկ վիճակին և սկսում իրեն արդարացնել, մերժում է իրականությունը, չի ուզում ընդունել, որ սխալվել է։ Հենց դրա համար էլ անում է այս խելագար գրառումները։ Ամեն առավոտ մարդ աչքերը բացում է, էլի նոր ինչ-որ խելագարություն է գրել։ Այսօր էլի այդ խելագարությունը գրել է, որ 5000 տղայի կյանքը այն պարանն էր, որը պետք էր կտրել, Ղարաբաղն այն պարանն էր, որը պետք էր կտրել։
Երկրի ղեկավարը բացեիբաց խոստովանում է, որ նա դիտավորյալ ձևով հանձնել է Ղարաբաղը՝ Անգլիայի, Ամերիկայի, Թուրքիայի պատվերով, նա դա չի ասում, բայց դա պարզ է, նա բաց ընդունում է, որ կատարել է պետական դավաճանություն՝ հանձնել է Ղարաբաղը, և ամենակարևորը՝ չի կանգնեցրել պատերազմը, որ 5000 տղա մահանա։ Դա իր համար այն պարանն էր, որը պետք էր կտրել։ Ցանկացած պետության ղեկավար եթե նման բան աներ, անմիջապես իրեն կստիպեին հրաժարական տալ, եթե ինքն ինքնասիրություն չունի դա անելու, և կտանեին համապատասխան օրգաններ՝ հարցաքննելու»։

Քաղաքագիտության դոկտորը վստահ է, որ այս պայմաններում 2026-ի ընտրություններին լինելու են զանգվածային կեղծիքներ, զանգվածային տեռոր․ «Փաշինյանը բոլորին ձերբակալում է, նրա հրահանգներն անօրինական են, բայց կատարվում են։ Տեռորը շարունակվելու է, ում ռեյտինգը բարձրանա՝ միանգամից բանտարկելու է, և եվրոպացիները կասեն՝ լավ է անում, դեմոկրատիան հենց դա է։ Երբ Պուտինը Նավալնիին ձերբակալում է՝ ամբողջ աշխարհն ամեն 15 վայրկյանը մեկ բոլոր ալիքներով այդ մասին խոսում է, Հայաստանում հիմա տասնյակ քաղբանտարկյալներ ունենք, հարձակվում են եկեղեցու վրա, փաստաբանի, և ամբողջ աշխարհը լռում է։ Այսինքն՝ իրեն քարտ-բլանշ են տվել, ինչ ուզի՝ կանի։ Դժվար է սպասել, որ լինելու են արդար ընտրություններ։ Բայց մյուս կողմից, եթե ոչինչ չանենք, եթե նա վերընտրվի, ես անձամբ հարյուրավոր մարդիկ գիտեմ, որ լքելու են Հայաստանը, որովհետև Հայաստան չի լինի։ Ալիևն իրեն ավելի զուսպ է պահում, քան նրա դեսպանը Հայաստանում»։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման հինգերորդ տարելիցի օրն Ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը որևէ խոսք չի ունեցել ասելու և փորձել է հետին թվով «սրբագրել» պատերազմի օրերին տեղի ունեցածը, մասնավորապես, իշխանական քարոզչամեքենայի «հաղթելու ենք» թեզը, թե իբր իրենք դեմ են եղել դրան, ու Փաշինյանը հարցրել է, թե ում մտքով է դա անցել։ Արթուր Խաչիկյանից հետաքրքրվեցինք, թե սա ի՞նչ է, և արդյո՞ք Աննա Հակոբյանի մոտ կրթվող Արծրուն Հովհաննիսյանին մոռացել են, որը պատերազմի օրերին իշխանության գլխավոր քարոզիչն էր։
«Ես հրաժարվում եմ այս անձանց ասածները մեկնաբանել, սա խելագարություն է, սրանք փորձում են ամեն ինչի արդարացումը գտնել։ Եթե դուք մի խումբ եք, որը չգիտի՝ իր սեփական քարոզիչները ոնց են աշխատում, որտեղից են այդ թեզերը գալիս, եթե դուք ղեկավար եք, և ձեր երկրում 44 օր սուտ են ասում մարդկանց, և դուք չգիտեք՝ դա որտեղից է ղեկավարվում, դա նշանակում է, որ դուք փալաս եք, դուք ղեկավար չեք։ Ձեր քարոզիչը 44 օր սուտ է խոսել, դուք չգիտեք՝ դա ոնց է եղե՞լ։ Երևի 7-8 տարեկան երեխան ավելի լավ արդարացում կմտածեր»,- ի պատասխան՝ ասաց նա։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

