Բաժիններ՝

Ջա՞րդ, թե՞ համերաշխություն. ի՞նչ փոփոխությունների համար է եկել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ակադեմիական լռությունը խաթարվել է: Գիտահետազոտական կենտրոնն անսովոր աղմուկի թիրախ է դարձել: Անսովոր, որովհետև 20-րդ դարասկզբի հայոց պատմության մի զգալի հատված ներառող այս կառույցը  (որ գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության վերահսկողության տակ և մասնագիտացված է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ) հանկարծ հայտնվել է այդ իրողության պատմական  տարբեր դրվագներն ու իրադարձություններն այս կամ այն կերպ հերքել, ձևախեղել կամ  շրջանցել փորձող անհավանական հորձանուտում:  Այլ կերպ ասած՝ ամեն ինչ այնտեղ այնքան էլ հարթ չէ:

Սկսենք ամենասկզբից, որը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո էր: Նոր իշխանությունները որոշել էին՝ թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն է ունենալու: Ստացվում է, որ ստրատեգիական կարևորության այս հիմնարկի  տնօրինության փոփոխության հարցը ոչ միայն՝ հեղափոխականների  օրակարգում էր, այլև՝ նրանց գլխավոր առաջնայություններից  մեկը: Այդպես էլ եղավ: Նոր տնօրենի ընտրությունները տեղի ունեցան հեղափոխությունից անմիջապես հետո: Տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:

Առաջին փորձերը՝ պարզելու համար՝ ի՞նչ գիտական և հասարակական գործունեություն է ծավալել պարոն Մարությանը մինչ թանգարան-ինստիտուտի տնօրեն դառնալն ու նաև դրանից հետո, տվեցին հետևյալ արդյունքները: Հարություն Մարությանը կարճ ճանապարհ չի անցել, թեև, չգիտես՝ ինչու կամ ինչպես, այդ մասին հասարակության լայն շերտերը տեղյակ չեն: Նրա մասնագիտական գործունեությունը սկսում է հեռավոր 1978-ից՝ Հայաստանի ազգագրության պետական թանգարանից, որտեղ նա բաժնի վարիչ էր:  Ուսումնասիրելով սույն գիտնականի մասնագիտական գործունեության, հետազոտությունների, ակադեմիական,  գիտահետազոտական և փորձագիտական գործունեության տարիները,  նախ՝ պարզում ենք, որ պարոն Մարությանը նախընտրում է այլ երկրների (մասնավորապես՝ Թուրքիայի Հանրապետության) հետ գիտաուսումնական ծրագերի համատեղ իրականացման ուղին, և հաճախ դա անում է իր իսկ կողմից համահիմնադրված «Հազարաշեն» ՀԿ-ի շրջանակներում, առավել հաճախ՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ համատեղ:

Օրինակ,  Հարություն Մարությանի գիտական գործունեության արդյունքում այսպիսի աշխատություններ են լույս տեսել (թվարկենք դրանցից միայն մի քանիսը)՝ Հարություն Մարության. Ծրագրի ղեկավար, «Խոսելով միմյանց հետ. Աջակցություն մեծահասակների կրթությանը, որպես ներդրում հայ – թուրքական երկխոսությանը», ԴՎՎ ինթերնեյշնլ (ԳՖՀ) և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ (Երևան) 2012–2013 հունվար, կամ Պատմություններ աղքատության մասին, գիրք երկրորդ (խմբագիրներ՝ Հր. Խառատյան, Հ. Մարության), Երևան, Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն «Հազարաշեն», 2007, 544 էջ (նյութերի հեղինակներ՝ Ա. Գուլյան, Հր. Խառատյան, Հ. Մարության և ուրիշներ) կամ  Կարո՞ղ է արդյոք ցեղասպանության հիշողությունը առաջնորդել դեպի հաշտություն. հայացք Երևանից. – 21-րդ դար. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, 2011, թիվ 5, էջ 20-45, և այլն:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի պաշտոնական կայքում հրապարակված պարոն Մարությանի ինքնակենսագրական տվյալներից պարզ է դառնում նաև, որ նա հաջողությամբ համագործակցելով  Բաց Հասարակության ինստիտուտ-օժանդակության հիմնադրամի հետ, 1999 թվականի փետրվար-հուլիս ամիսներին հանձն է առնում տնօրինելու գիտահետազոտական մի քանի  ծրագրեր, որոնցից մեկը, օրինակ,  ներկայացնում է, այսպես ասած՝ հայ բոշաների ավանդույթներն ու արդի վիճակը և կրում,  համապատասխանաբար՝  «Հայ գնչուներ (բոշաներ). ավանդույթները, արդի վիճակը, հեռանկարները» անվանումը: Ամենաքիչը հայտնի և հասկանալի չէ, թե որտեղի՞ց է այս գիտնականը հայտնաբերել և Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակությամբ  հանրահռչակել հայ բոշաների, ընդ որում՝ ուսումնասիրելով  նրանց արդի վիճակը, չմոռանալով քննարկել նաև հեռանկարները: Այսպիսի գիտական աշխատություն կատարելու համար առնվազն պետք էր փնտրել և կարողանալ գտնել  հայկական այդպիսի  խավ կամ «էթնոս», բայց, անցնելով  առաջ, տեղեկացնենք միայն, որ հայի տեսակը  գնչու կամ բոշա ներկայացնելու, հայերին իրենց պատմական լեռնաշխարհում քոչվոր «հռչակելու»  նախաձեռնությունն ու տարիներ շարունակ  այդ թեզն ամենատարբեր գիտական  շրջանակներում շրջանառելու նախաձեռնությունը պատկանում է բացառապես  թուրքական կողմին:

Ի՞նչ նոր հայտնագործություն կատարեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  տնօրեն  Հարություն Մարությանը  Ցեղասպանության 105-րդ տարելիցի նախաշեմին: Մարդը  երևի որոշեց, որ  կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների,  սփյուռքահայերի և բովանդակ հայ ժողովրդի անունից հանդես գալ պահանջատիրությունը մոռացող,  հերքող կամ անտեսող անհատի դիրքերից, լավագույն դեպքում՝ մոռանալով, որ իր կողմից բարձրաձայնած ցանկացած  տեսակետ, առաջին հերթին՝  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական դիրորոշումն է, հետո միայն՝ իր անձնական՝ անհատականը:

Այսպիսով, Ցեղասպանության հանցավոր իրողությունից 105 տարի անց առաջին անգամ  ականատես եղանք Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի պաշտոնական հայտարարությանը, որտեղ արդեն տասնամյակներ  շարունակ՝ «Հիշում եմ և պահանջում եմ» կարգախոսը վերաձևեց, դառնալով՝ «Ես հիշում եմ» կամ  «Կը յիշեմ»: Ի՞նչ էր սա՝ հանցավոր անփութությո՞ւն, թե՞ լավ  մտածված քաղաքականություն, մինչ այս պահը պարզ չէ: Պարզ է այն, ինչ կա՝ փաստացի է: Իսկ ի՞նչ կա: Կան թանգարանի տնօրեն Հարություն Մարությանի բազմանշանակ մտքերն ու դատողությունները Հայոց ցեղասպանության մասին: Թվարկենք դրանցից մի քանիսը: Ամիսներ առաջ Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը, պատասխանելով տեղական լրատվամիջոցներից մեկի հարցերին՝ ասում է.

«Գիտեք, ես հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չեմ…»:  Մեղմ ասած, անհասկանալի է, թե ինչո՞ւ է թանգարան- ինստիտուտի տնօրենը «ցեղասպանություն» եզրույթը փոխարինում  թուրքական ժխտողական պատմագրության կողմից լայն կիրառություն գտած «իրադարձություններ» եզրույթով: Հույն լրագրողի հետ ողջ զրույցի ընթացքում  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հետևողականորեն խուսափում է «ցեղասպանության» եզրույթը կիրառելուց, և դա հատկապես ակնբախ է դառնում Հայոց  ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  պաշտոնական անվանումն  արտաբերելու դեպքում: Ի դեպ, նյութի պատրաստման ընթացքում թանգարան- ինստիտուտից  մեզ հայտնեցին նաև, որ վերջին երկու տարիներին թանգարանի ցուցադրություններում   «ցեղասպանություն» եզրույթը հաճախակի փոխարինվում է «եղեռն»  բառով, միաժամանակ՝  մտահոգություն և անհանգստություն հայտնելով, որ այս երևույթը թանգարանի ներսում ընդունված նորմ դառնալու միտում ունի:

Վերադառնանաք տնօրենի միջազգային հարցազրույցների թեմային: Պարոն Մարությանը շարունակում է. «…Ես կոլեկտիվ և պատմական հիշողության մասնագետ եմ ու եկել եմ թանգարան-ինստիտուտ՝ որոշակի փոփոխություններ իրականացնելու համար, որովհետև  հիշողությունը կայուն ու հաստատ երևույթ չէ, այն ենթակա է փոփոխությունների: Եթե  ցանկանում ենք այս հարցի շուրջ երկխոսություն սկսել  երիտասարդների հետ, ապա  անհրաժեշտ է  որոշակի  դրական տարրեր մեջբերել, ինչպիսիք են, օրինակ՝ օգնությունը, համերաշխության մասին խոսելու անհրաժեշտությունը: Ինչո՞ւ խոսել  միայն ջարդերի ու կոտորածների մասին, եթե կարող ենք խոսել այլ հարցերի մասին նույնպես: Ինքս ազգագրագետ եմ և գործ ունեմ մարդկանց հետ, ի տարբերություն  պատմաբանների, որ  գործ ունեն փաստաթղթերի ու գրքերի հետ:  Ես հասկանում եմ, որ չափազանց  դժվար գործ  է  կարծրատիպեր կոտրելը, և այս պատճառով ես ենթարկվում եմ քննադատությունների, բայց դրա համար ժամանակ է պետք»:

«168 Ժամը» զրուցել է  Հայոց  ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի, ինչպես նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից Հարություն Մարությանի հրամանով հեռացված գիտաշխատող Անի Ոսկանյանի հետ, ով այս պահին փորձում է  դատական կարգով վերականգնել խախտված աշխատանքային իրավունքները:

Նվարդ Մանվելյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս