
Երևանում 2026թ. նախատեսված գագաթաժողովը կանցկացվի նաև Թուրքիայի աջակցությամբ. Փաշինյան

Երևանում 2026 թ. նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն անցկացվելու է այդ թվում Թուրքիայի աջակցությամբ։ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին հատարարել է Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ պատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Հայաստան` մասնակցելու այդ միջոցառմանը։
Նա նաև նշել է, որ իր ղեկավարած իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները պայմանականորեն սկսել է զրոյական կետից։
«Այնպես չէ, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև շփումներ տեղի չեն ունեցել. այդ շփումները եղել, թեև ոչ այս ինտենսիվությամբ, սակայն դրանք եղել են թե՛ 1990-ականների սկզբին, թե՛ 2000-ականներին։ Քանի որ դրանք հետագա զարգացում չեն ունեցել, մենք հիմա, թեկուզ և դիվանագիտական հարաբերություններ չունենք, սահմանները բաց չեն, սակայն միջինացված զրոյական մի կետի կամ մեկնարկային միջակայքում ենք գտնվում։ Նոր հարաբերություններ և օրակարգ հաստատելու մասին է այս ամենը»,- ընդգծեց նա։
Նրա կարծիքով՝ վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերություններում առաջին հայացքից ոչ շատ շոշափելի, սակայն, իր կարծիքով, շատ էական բան է փոխվել, քանի որ եթե մի քանի տարի առաջ Թուրքիայի կամ մեր դիրքորոշումները` բացի հրապարակային հայտարարություններից, պետք է երկուստեք պարզեինք 3-րդ երկրների միջոցով, ապա հիմա Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, որը կարևոր է այն իմաստով, կարող ենք որոշակի օրակարգեր ձևավորել։
«Լավ հնարավորություն է, որ ՀՀ դիրքորոշումների ու նրբությունների առանձնահատկությունները և լուծումների մասին պատկերացումները կարող ենք ամբողջական ներկայացնել Թուրքիայի մեր գործընկերներին, որը որոշոակի ազդեցություն կունենա իրադարձությունների հետագա զարգացման վրա ու նոր խթան կտա ՀՀ-Թուրքիա հարաբերություններին»,– ընդգծեց Փաշինյանը։