
Ո՞ւմ է ձեռնտու Սամվել Կարապետյանի կալանավորումը. արտասահմանյան փորձագետների կարծիքը

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին Հայաստանում կալանավորելը ձեռնտու է Եվրամիությանը։ RT-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Գլոբալ քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջորջ Սամուելին։
Ինչպես նշել է փորձագետը, գործարարի դեմ մեղադրանքները Բրյուսելը կողջունի, քանի որ Կարապետյանը ձգտում է սերտ տնտեսական կապեր հաստատել Երևանի և Մոսկվայի միջև, ինչը ԵՄ-ի ծրագրերի մեջ չի մտնում:
«Կալանավորումը հստակ տեղավորվում է Եվրամիությանը հաճոյանալու և իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռու մնալու՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի ջանքերի մեջ», – ասել է փորձագետը:
ԱՄՆ հետախուզության նախկին սպա Սկոտ Ռիտերն իր հերթին Sputnik International-ին ասել է, որ Կարապետյանի կալանավորումն ու Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները երկրի ներքաղաքական խնդիրների բաղկացուցիչ մասն են։
Նրա խոսքով՝ Երևանը ԵՄ ազդեցությամբ ձգտում էր հեռու մնալ Ռուսաստանից, քննարկում էր ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը և ստիպված էր զիջել Լեռնային Ղարաբաղը:
Իր հերթին եգիպտական «Ալ Ֆարաբի» ռազմավարական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի գլխավոր քարտուղար Մուխթար Գուբաշին կարծում է, որ Կարապետյանի ձերբակալությունը մարտահրավեր է ողջ հայ հասարակությանը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է փորձագետը, Կարապետյանը, որպես Հայաստանի խոշորագույն ներդրող, ունի լուրջ հասարակական կշիռ, ինչն էլ, հավանաբար, հարուցել է իշխանությունների մտահոգությունը: