«ՌԴ-ում և աշխարհում Սամվել Կարապետյանը պատահական մարդ չէ, տեղի ունեցողը հարված է ոչ թե նրա, այլ Հայաստանի հեղինակությանը». Գագիկ Հարությունյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին հայտարարել էր, որ Առաքելական եկեղեցու կողքին է և անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների քայլերը եկեղեցու և Վեհափառի նկատմամբ։ Այս հայտարարությանն անմիջապես հետևեց Սամվել Կարապետյանի տան խուզարկությունը, նրա ձերբակալությունը, այնուհետև՝ 2 ամսով կալանավորումը։

Մինչ այս գործընթացները տեղի էին ունենում, Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում գրառումներ էր կատարում՝ սպառնալով Սամվել Կարապետյանին, որ իր ձևերով կմիջամտի գործընթացին։ Գրառումներից մեկով էլ նա հայտարարեց ՀԷՑ-ն ազգայնացնելու՝ պետականացնելու մտադրության մասին։

Սամվել Կարապետյանի կալանավորումը մեծ արձագանք է ստացել Հայստանում և Ռուսաստանում, տարբեր հայտարարություններ են հնչում, որ այս ամենը նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է, ինչն անթույլատրելի է։

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այս ամենը մեծ հարված է հասցնում՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ նրա ներդրումային միջավայրին, քանի որ ներդրողը Հայաստան գալուց առաջ նախ դիտարկում է, թե ինչպես է տվյալ երկիրը վերաբերվում ներքին ներդրողին։ Քաղաքական առումով ևս մեծ հարված է Հայաստանին, քանի որ երկիրը դիտարկվում է՝ որպես ավտորիտար, որտեղ ազատ խոսք ու կարծիք արտահայտողը ենթարկվում է քաղաքական հետապնդումների։

Կարդացեք նաև

«Ռուսաստանում և առհասարակ աշխարհում Սամվել Կարապետյանը պատահական մարդ չէ, նա ունի մեծ ճանաչում, այդ պատճառով էլ վերջին օրերի ընթացքում մամուլն ակտիվ անդրադառնում է նրա նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին, ինչը, իհարկե, ոչ թե նրա հեղինակությանն է հարվածում, այլ Հայաստանի։ Այս ամենը, Հայաստանի իշխանության քայլերը հակառակ արդյունքը տվեցին, մարդկանց ուշադրությունն ավելի սևեռվեց գործարարի վրա։ Սամվել Կարապետյանը բնակվում է Ռուսաստանում, նա այնտեղից էլ է կապիտալ ներդնում Հայաստանում, հետևաբար՝ այս հետաքրությունը ռուսական մամուլի կողմից զարմանալի չէ։

Վերջին շրջանում ռուսական մամուլը նաև անդրադառնում է Առաքելական եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողին, առհասարակ քաղաքակիրթ աշխարհի համար տեղի ունեցողը զարմանալի է»,- 168.am հհետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։

Նա վստահ է՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցածի բացասական հետևանքներն, անշուշտ, տեսանելի կլինեն, քանի որ շատերը կսկսեն Հայաստանին դիտարկել որպես անհուսալի գործընկեր։

«Իհարկե, այս ամենը բացասական եմ գնահատում, իշխանություններն իրենց անձնական ամբիցիաները բավարարելու համար ամեն անգամ մեծ վնաս են հասցնում մեր երկրի հեղինակությանը։ Այստեղ կարող եմ ասել, որ նախկինում ՀՀ-ում տեղի ունեցող ցանկացած իրադարձության ռուսական մամուլն անդրադառնում էր մակերեսորեն, բայց վերջին մի քանի օրերին ակտիվորեն լուսաբանվում են տեղի ունեցող գործընթացները, այսինքն՝ Ռուսաստանը ոչ թե ՀՀ-ի հանդեպ հիբրիդային պատերազմ է իրականացնում, ինչպես հայտարարում են Հայաստանի իշխանությունները, այլ ներկայացնում է այն ամբողջ իրականությունը, որի մեջ գտնվում է մեր երկիրը»,- հավելեց նա։

Շարունակելով՝ քաղաքագետը նկատեց՝ Հայաստանի հանդեպ հիբրիդային պատերազմ իրականացվում է 2018 թվականից, երբ իշխանության եկավ ՔՊ-ն, թույլ տալով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հանգիստ իրականացնի իր հիբրիդային պատերազմը։

«Ռուսաստանն ու Իրանը միայն օգնում են Հայաստանին՝ լավ հասկանալով, որ ՀՀ իշխանությունը ժամանակավոր է, հայ ազգը, ժողովուրդը՝ հավերժ»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։

Նշենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել՝ իբրև իշխանության զավթման կոչի համար։ Հիմքում Սամվել Կարապետյանի այն հայտարարությունն է, որով նա պաշտպանել է Առաքելական եկեղեցուն։

Տեսանյութեր

Լրահոս