
Իշխանության նպատակը հանրության մեջ վախի ու սարսափի մթնոլորտի տարածումն է, ամենամեղմ տարբերակներից մեկը «զրույցի հրավիրելն» է. Հակոբ Հակոբյան

Երեկ Երևանում ոստիկանությունն իրականացնում էր ուժեղացված հսկողություն, նախ Սրբազան պայքարի մի խումբ աջակիցների էին բերման ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ՝ «ստուգումներ ու բացատրական աշխատանքներ իրականացնելու» համար, այնուհետև ՀՅԴ մարզային գրասենյակներում էին կատարել խուզարկություն։
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
«ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։
Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- նշված էր ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Երեկ ոստիկանություն էր հրավիրվել նաև Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին, նա 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչու են հրավիրել ոստիկանություն։
Ոստիկանական բաժանմունքում տրված հարցերը պատգամավորին ավելի շատ էին զարմացրել, ոստիկանությունում հարցրել են իշխանազավթման ու իշխանափոխության մասին, ինչին պատգամավորն արձագանքել էր, որ բոլոր արցախցիների նպատակը Արցախ վերադառնալն է, այլ ոչ թե ՀՀ-ում իշխանություն զավթելը։
«Ասել եմ, որ կանգնած ենք այն մարդկանց կողքին, ովքեր խոսում են Արցախ վերադառնալու մասին, ցույց են տալիս, որ Արցախն արժեք է, այլ ոչ թե բեռ։
Ինքս որևէ կարգավիճակ չունեմ, կարծում եմ՝ ծանոթություն էր ինձ հետ»,- կեսկատակ-կեսլուրջ ասել էր Դավիթ Գալստյանը։
«Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի համար երեկ տեղի ունեցածը զարմանալի չէ, քանի որ ՀՀ-ում իշխանության ձեռագիրն այսպիսին է արդեն 7 տարի։
«Իշխանության նպատակն է, որ բոլոր միջոցները գործի դնի, որպեսզի հանրության մեջ վախի ու սարսափի մթնոլորտ տարածի։ Իսկ դրա ամենամեղմ տարբերակներից մեկն, այսպես ասած՝ «զրույցի հրավիրելն» է, և այս զրույցի ժամանակ ամեն ինչ անեն, որպեսզի հավաստիանան՝ որևէ մեկն իր դժգոհությունն իշխանություններից չի բարձրաձայնի, որևէ բողոքի ակցիայի չի մասնակցի։
Մեզ համար առնվազն տարօրինակ են նման հարցադրումները, թե արդյո՞ք կմասնակցեք զանգվածային անկարագությունների կամ հակաօրինական քայլերի։ Կա՞ այս երկրում որևէ մեկը, որը կարող է ասել, որ, այո՛, վաղը պատրաստվում է ինչ-որ հակաօրինական քայլեր իրականացնելու։ Այստեղ էականը ոչ թե իրենց համար այս հանդիպման բովանդակությունն է, այլ հանդիպման նպատակն իրենց ուժի ցուցադրումն է, որ որևէ մեկը հանկարծ չխոսի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը հավանաբար գիտեն, որ արցախահայերին դժվար թե վախեցնեն նման «զրույցներով», քանի որ նրանց վախը մնացել է Արցախում՝ իրենց կորցրած տների, գերեզմանների և արժեքների հետ միասին։ Ավելին՝ որևէ արցախցի չի պատրաստվում ՀՀ-ում հակաօրինական քայլեր իրականացնել, նրանք պարզապես իրենց հուզող խնդիրներն են բարձրացնում, հետևաբար՝ նման մեթոդներով նրանց լռեցնելու փորձերը միամտություն են։
«Արցախցիների բողոքի ակցիաները դեռ ուշացած են, որովհետև այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի հարցը վերացնեն հայկական օրակարգից, արցախահայերի խնդիրները, որպես այդպիսին, մոռացության ու չտեսնելու տան։ Հետևաբար՝ արցախահայերին ոչինչ չի մնում, քան նման ակցիաներով իշխանությունների ուշադրությունը սևեռեն իրենց խնդիրների վրա։ Չնայած արցախցիների մեծ մասը հասկանում է, որ իշխանություններից որևէ մեկը որևէ բան չի անելու ու մատը մատին չի տալու։ Իսկ այն փոքրաթիվ սոցիալական ծրագրերն էլ որ անում են, ուղղակի աչքակապություն է»,- հավելեց Հակոբ Հակոբյանը։
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրելու են հարցաքննության և կալանավորելու են, Հակոբ Հակոբյանը փոխանցեց, որ վերջին շրջանում Սամվել Շահրամանյանի հետ այս թեմաների շուրջ չի խոսել, սակայն տեղյակ է, որ պարբերաբար կանչում են հարցաքննության։
«Չգիտեմ՝ այս իշխանություններն ինչ նոր քայլերի կարող են դիմել, բայց այս ամենը տեղի ունեցողի կոնտեքստում կարելի է դիտարկել, որ այսկերպ իշխանությունը կրկին ցանկանում է վախի մթնոլորտ տարածել արցախահայերի վրա։ Այս իշխանութուններից ամեն ինչ սպասելի է»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը։