Քաղաքական մեծամասնության նվերը՝ Մայիսյան եռատոնին
Մայիսի 8-ը ՀՀ օրացույցում կարմիրով է ներկված․ ուղիղ 28 տարի առաջ այս օրը հայկական ուժերը հայտնի «Հարսանիք լեռներում» գործողության միջոցով կարողացան գրավել Շուշիի բարձունքը և բեկել արցախյան հերոսամարտի ողջ ընթացքը։ Ահա մոտավորապես այսպիսի տեքստ շարադրելու փոխարեն՝ ՀՀ իշխանություններն այլ բան պարտադրեցին բոլորիս՝ այսօր ողջ լրահոսը փոխելով իրենց քիմքին հաճելի մեկ այլ տհաճ միջադեպի բեմադրությամբ։
ԱԺ դահլիճում տեղի ունեցավ բանավեճ, ապա նաև՝ ձեռնամարտ, որը ոչ մի աղերս չունի պառլամենտարիզմ ասվածի հետ։ ՀՀ խորհրդարանականները, պարբերաբար իրենց ճառերում ու ելույթներում խոսելով «Նոր Հայաստանի», «լեգիտիմ իշխանության», «ժողովրդի քվեի» և նման մեծապետական գաղափարների մասին, հավանաբար այս «բեսեդկային» պահվածքն են նկատի ունեցել։
Ինչ տեղի ունեցավ։
Էդմոն Մարուքյանը վրդովվեց, որ Բաբկեն Թունյանն իր ելույթում տարբեր ալեգորիաներով իրենց մեսիջներ էր ուղարկում և ոչ կոռեկտ ձևակերպումներ հնչեցնում, ինչին հաջորդեց Սասուն Միքայելյանի ռեպլիկների շարքը դահլիճից, որին և հաջորդեց հայտնի միջադեպը։
Այսօր Հայաստանում փաստացի ստեղծվել է այնպիսի մի իրադրություն, որ կառավարությունը բացառապես ի վիճակի չէ լսել որևէ քննադատություն, իսկ ավելի պարզ՝ ուղղակի չի ցանկանում լսել, քանի որ «իրենք ստացել են 70-ից ավելի քվե»։ Իրենց բոլոր ձախողումների ու թույլ տված կոպիտ սխալների համար անընդհատ փնտրում են մեղավորներ:
Ըստ էության Փաշինյանն արդարացրեց տեղի ունեցած բռնությունը` այդ կերպ արդեն կողմերին անհավասար իրավիճակում դնելով և բացահայտ սուբյեկտիվություն դրսևորելով։
Ակնհայտ է` իշխանությունը տապալել է կառավարումը և փակուղուց դուրս գալու նպատակով աջ ու ձախ հարձակումների ու հակադարձումների լայն ալիք է նախաձեռնել։ Ըստ իշխանությունների տրամաբանության՝ երկրում ամեն մի կատարված քաղաքական գործընթացի համար մեղավոր է Սերժը, յուրաքանչյուր ասված խոսք ֆինանսավորում է Քոչարյանը, Ֆեյսբուքում արտահայտած որևէ կարծիք ուղղորդում է Միքայել Մինասյանը։ Այս ամենը համադրելով՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը տառապում է կպչուն մտքեր հիվանդությամբ։
Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում փաստացի արդարացրեց Սասուն Միքայելյանին՝ փորձելով ինչ-որ հոլիվուդյան մարտաֆիլմի տեսարան մատուցել շարքային օխլոսին, թե` «հնարավոր է՝ Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ, որպեսզի լքի դահլիճը»։ Այս խոսքերին, ցինիզմի պիկից բացի, այլ տիպի բնորոշում տալ հնարավոր չի։ Երկրի վարչապետն օրը ցերեկով լեգիտիմացրեց խորհրդարանում տեղի ունեցած բռնությունը, երբ մի պատգամավորի վրա հարձակվել էր 7-8 տասնյակի հասնող մի ամբողջ իշխանական խմբակցություն։
Հատկանշականն այն է, որ դեռ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նման արարքները թիվ մեկ դատապարտողներից մեկն էր ԱԺ նիստերի դահլիճում, և վստահաբար կարելի է ասել, որ հենց ինքն առաջինը կխոսեր ու կբարձրաձայներ՝ դատապարտելով կատարվածը․ անգամ կպահանջեր էթիկայի հանձնաժողովում այս հարցը քննարկել։ Բայց ներկայիս Նիկոլ Փաշինյանը, ինչպես և շատ այլ դեպքերում, արդեն նախկին Նիկոլ Փաշինյանը չէ, և այս դեպքում նույնպես նա դավաճանեց սեփական սկզբունքներին և տրվեց իշխանատենչ վարչապետի իրական մոլուցքին՝ հայտարարելով, որ իր թիմակիցները ոչնչում մեղավոր չեն, և նրանց ուղղակի սադրել են։
Ի դեպ՝ սադրանքի մասին։
Վերջին մի քանի օրերի ընթացքում իշխանության թևն ակնհայտորեն որդեգրել է մի հետաքրքիր հնարք և ամեն ինչը դիտարկում է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում։ Սա միանշանակ իշխանության համար ձեռնտու մոդել է, քանի որ սա այն ճակատն է, որտեղ իրենք ունեն շահեկան դիրք, քանի որ հենց այս ճակատում, իրենց բնորոշմամբ, պարտվում են «նախկինները»։
Սա այն բնագավառն է, որտեղ նրանք հեշտությամբ կարող են թիրախավորել «քրեաօլիգարխիային» և ամենուր նշանակել մեղավորներ։ Ահա այս օրենքի թեման է, որ իշխանության թիմի ներկայացուցիչներն արդեն այսօր ԱԺ միջանցքներում շրջանառում էին՝ հայտարարելով, թե ԱԺ-ում վերջին օրերին տեղի ունեցող լարված մթնոլորտի պատճառն օրենքի ընդունումն է։ Իր խոսքում թիմակիցների պնդումները պաշտոնապես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ «Լուսավոր Հայաստանի» հասցեին ակնհայտ սպառնալիքներ ու չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելով։
Հիմա ամենահետաքրքիրը։
Նիկոլ Փաշինյանը խոսում է իրենց հանդեպ գործադրվող բռնության, իրենց թիմակիցներին ուղղված ատելության ու հայհոյանքների տարափի ու տարբեր տիպի սպառնալիքների մասին։ Հարգելի պարոն Փաշինյան (ի դեպ, նման ձևակերպում առաջին անգամ է ստացվում արձանագրել), այս ամենը ձեր և ձեր թիմակիցների քիմքին ու բառապաշարին բնորոշ գործելաոճ է, հենց դո´ւք եք վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ-ում գոյություն ունեցող քաղաքական դիսկուրսը հասցրել նմանօրինակ ճղճիմ ու փողոցային մակարդակի և բոլորին պարտադրել քաղաքականություն վարել այդ մակարդակից ու, ամենակարևորը, այդ բառերով։ Անձամբ դո´ւք եք ձեր հայտնի «լայվերում» բոլորին սպառնացել «ասֆալտին պառկացնել», «գլուխներ ջարդել», «վզներից բռնել» և այլ տիպի՝ քաղաքական գործչին, առավել ևս՝ պետության ղեկավարին ոչ հարիր բառամթերք օգտագործելով։
Զավեշտալին այն է, որ երկրում ստեղծված այս քաոտիկ իրավիճակից, որի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, դժգոհում է հենց ինքը։ Տեղին է հիշել հայտնի ասացվածքը՝ քամի ցանողը փոթորիկ է հնձում։
Արմեն Հովասափյան