Բաժիններ՝

«Ներդրողն ասաց` ես մաքուր եմ, դրսի ներդրող, պատրաստ չեմ այս գործարքի համար որևէ ժամանակահատվածում որևէ պրոցեսի հետագայում մասնակցել». Ավետիքյան

TK & Partners իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանի պնդմամբ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը դեռևս իրավաբանական ուժ չունի, բայց արդեն ներդրողները սկսել են զգուշավորություն ցուցաբերել գործարքների նկատմամբ:

168.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ մի խոշոր գործարք, որի վրա ամիսներ շարունակ աշխատել էր, ներդրողի կողմից չի կնքվել հենց այդ պատճառով, քանի որ փողն ու ներդրումները զգուշավոր «երևույթներ են»:

– Եթե նախագահը ստորագրի այդ օրենքը, և այն ուժի մեջ մտնի, կամ, եթե չստորագրի և ուղարկի Սահմանադրական դատարան, և դատարանը Սահմանադրությանը հակասող չճանաչի, այս պարագայում մտահոգությունս ավելի շատ նոր ներդրողների հետ է կապված: Այն ներդրողները, որոնք գալիս են Հայաստան, կամ այն ներսի, տեղական ներդրողները, որոնք ներդրում են կատարում, սկսել են մտահոգություններ արտահայտել: Տեսեք՝ ինչու. եթե որոշակի գումարից ավելի բարձր է ներդրման չափը, ընդ որում, այդ գումարը կարող է տարբեր ներդրումների համար տարբեր չափերի լինել, օրինակ, մեկի համար կարող է այդ գումարը լինել 100.000 դոլար, մյուսի համար` 10.000 000 դոլար: Այսինքն` ամեն մեկն իր ռիսկի, այսպես ասած, ախորժակն ունի, և հիմա, եթե ներդրողը փորձում է ինչ-որ գույք ձեռք բերել` բաժնետոմս, անշարժ գույք, հավուր պատշաճի ուսումնասիրություններ են անում: Սա ստանդարտ պրակտիկա է. եթե որոշակի գումարից ավելի ներդրում են անում, փորձում են հասկանալ` այդ գույքը, որը վաճառվել է` լինի բաժնեմաս, բաժնետոմս կամ անշարժ գույք, նախկինում ինչպե՞ս է հասել վաճառողին: Եվ այս դեպքում, որպես կանոն, վարձում են իրավաբանական կամ աուդիտորական ընկերությունների, որ պատշաճ ուսումնասիրություն արվի: Հիմա, երբ վարձեն իրենց խորհրդատուներին, որ ուսումնասիրություն անեն, խորհրդատուները չեն կարողանալու հաստատակամ ասել` գիտեք, այս գույքն ապօրինության արդյունքում ձեռք չի բերվել:

Այսինքն` եզրակացության հանգելը չափազանց դժվար է լինելու, որովհետև օրենքի, այսպես ասած, ընդգրկունությունը չափազանց լայն է, և թեպետ օրենքում խոսվում է բարեխղճության ինստիտուտի մասին, սակայն այն կիրառական տեսանկյունից որոշակի խնդիրներ ունի: Մասնավորապես, ձեռք բերողն ինքը պետք է ապացուցի, որ այդ ձեռք բերված գույքի ապօրինի լինելու մասին չգիտեր, չէր էլ կարող իմանալ: Այսինքն` ապացուցման փաստականությունը գույք ձեռք բերողի վրա է: Սա, տեսեք, ինչ խնդիր է առաջացնում. Սովետի ժամանակ մի նման անեկդոտ կար, թե՝ տեղեկանք բերեք, որ ձեր տեղեկանքը ճիշտ է, հիմա կարող է դու, այսպես ասած, տեղեկանք ունենաս, բայց չկարողանաս հասնել նրան, որ այդ գույքն ապօրինության արդյունքում չի ձեռք բերվել ինչ-որ պահի` անկախացումից հետո: Երկրորդ` գույքի ձեռքբերման հետ կապված ուսումնասիրության ծախսերը չափազանց թանկ կարող են լինել և չարդարացնել տվյալ գույքի ձեռքբերումը:

Այսինքն` եթե դու մեկ միլիոն դոլար արժողությամբ գույք ձեռք բերես, և դրա ուսումնասիրության համար ծախսես, ենթադրենք, 10.000 դոլար, դա կանգնեցնում է գույքի շրջանառությունը, իսկ գույքի արժեքը նրա շրջանառության արագության և հեշտության մեջ է: Եթե ունենաս աշխարհի ամենաթանկ նկարը, բայց չկարողանաս պատշաճ և արագ իրացնել, դրա արժեքն ինչ-որ տեղ ընկնում է: Կրկնում եմ` գույքն արժեք է ստանում, երբ կարողանում ես հեշտ իրացնել, շրջանառության մեջ դնել: Հիմա խնդիրն այն է` ինչպես անել, որ այն մարդիկ, որոնք հետո են գալու ներդրում անելու, իրենք պաշտպանված լինեն հետագայում ձեռք բերած գույքը չկորցնելու տեսանկյունից, ինչպես նաև` ինչ-որ պրոցեսներում ներգրավված լինելու:

Իմ գործարքի հետ կատարվածի օրինակը բերեմ. ներդրողն ասաց` ես մաքուր եմ, ես դրսի ներդրող եմ, ՀՀ-ում նոր եմ մտնում ներդրման, պատրաստ չեմ այս գործարքի համար որևէ ժամանակահատվածում որևէ պրոցեսի հետագայում մասնակցել, քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ այդ գույքը, որը ձեռքից ձեռք էր անցել, ինչ-որ մի փուլում ապօրինության առարկա չի եղել, եթե նման երաշխիք չեմ կարող ստանալ, կներեք, բայց ավելի լավ է հեռու խաղամ: Եվ այդ ներդրումը չկատարվեց:

– «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ցանկանում են հաստատել կամ հաստատվի` վստահեցնելով, որ նպատակը նախկին իշխանությունների, պաշտոնյաների ապօրինի ծագմամբ գույքի վերադարձն է, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ այն չտարածվի, այսպես ասած, օրենքից դուրս գտնվող նոր ներդրողների վրա, կամ գույք ձեռք բերողների վրա:

– Այո, ժամանակին երբ քննարկում էինք օրենքը, աշխատանքային խումբ կար Փաստաբանների պալատի ներքո գործող, որտեղ մենք առաջարկ արեցինք. եթե գույքն ինչ-որ փուլում անկանխիկ վճարումով է ձեռք բերվել` բանկային փոխանցումով, ապա թող համարվի, որ այդ գույքն օրինական է, դրանց վրա չտարածվի: Այսինքն` եթե ես, օրինակ, ձեզանից գույք եմ ձեռք բերել և դրա դիմաց ոչ թե կանխիկ եմ վճարել, այլ ձեր հաշվեհամարին եմ փոխանցել և այդ ապացույցն ունեմ, թող ինձ համար` որպես գույք ձեռք բերողի, պաշտպանություն լինի, որ այն չի կարող ապօրինի համարվել: Դա չընդունվեց: Չեմ ասում՝ աշխարհի լավագույն առաջարկն էինք անում, բայց կարելի էր այդպիսի մեխանիզմներ ներդնել օրենքում: Այսինքն` խնդիրն այստեղ ոչ թե նախկին կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքի…, ոչ, այնպես անել, որ ներդրումները շարունակվեն` թե տեղական, թե դրսի: Սա է խնդիրը, մի նման սուբյեկտիվ անձնական կարծիք ունեմ, որ, վերջիվերջո, մեր երկրում, ցավոք սրտի, գույքի մեծ մասն ինչ-որ պահի որոշակի կապ է ունեցել ապօրինության հետ. կամ մաղարիչով է ձեռք բերված, սեփականաշնորհված, կամ ինչ-որ պետական չինովնիկ է որոշ ժամանակ դրա սեփականատերը եղել, կամ էլ՝ փոխկապակցված:

Այսինքն` 30 տարի այդ խնդիրը եղել է: Իհարկե, լավ է, որ կարմիր գիծ ենք քաշում և ասում, որ դա այլևս թույլատրելի չէ, ճիշտ վարքագիծ չէ, սա շատ լավ է, բայց խնդիրներ չպետք է ստեղծենք այն ներդրողների համար, որոնք նոր են գալիս և ուզում ներդրում անել: Ինչ օրինակ կարող եք հիշել, որտեղ ինչ-որ մի կոռուպցիոն, մաղարիչի դեպք կամ չինովնիկի մատը խառը չի եղել, կրկնում եմ` մեր երկիրն այդ խնդիրն ունի: Ավելին, միջազգային տարբեր հաշվետվություններում խոսվում է, որ կոռուպցիայի բարձր մակարդակ ենք ունեցել, պետական հովանավորչության, միջազգային կազմակերպություններն են այս մասին խոսել: Հիմա իմ մտահոգությունն է` ինչպես անել, որ նոր ներդրողին պաշտպանենք:

– Նման դեպքերում նմանօրինակ օրենքների ընդունումը սովորաբար արդարացնում կամ պաշտպանում ենք միջազգային փորձով, դրան հղում տալով: Ո՞ր երկրի փորձը կմտաբերեք այս դեպքում:

– Շատ լավ հարց եք տալիս. միջազգային փորձ իրականում կա, տարբեր երկրներ կան, բայց ես 4 երկրի վրա կկենտրոնանամ` Իտալիա, ԱՄՆ, Կոլումբիա, Անգլիա: Այս 4 երկրում էլ նմանատիպ օրենքներ կան, այսպես ասած, քաղաքացիական բռնագրավման, տարբեր երկրներում տարբեր ձևով են կոչվում դրանք, բայց այդ օրենքներն ընդունվել են կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Օրինակ, Կոլումբիայում Պաբլո Էսկոբարի, նրա ղեկավարած մեդելինյան կարտելի դեմ պայքարի շրջանակում է եղել, ԱՄՆ-ում նարկոթրաֆիքինգի հետ է կապված եղել հիմնականում, Իտալիայում` իտալական մաֆիայի, ինչպես նաև` օֆշորային հաշիվների, որոնք բացվել են տարբեր ազգությունների ներկայացուցիչների կողմից: Այսինքն` այս երկրներում խնդիրները թիրախավորված են եղել, և պետությունը գնացել է այդ թիրախների հետևից: Եվ այդ աշխատանքային խմբում, որ քննարկվում էր օրենքը, հենց դա ասացինք` մեր դեպքում թիրախավորման խնդիր կա, պետք է հստակություն մտցվի` ինչ խնդիր ենք ուզում լուծել, որովհետև շատ լայն է ասել` գիտեք, ուզում ենք կոռուպցիան կամ նախկինում կատարված կոռուպցիան վերացնել:

Բոլորս էլ գիտենք, որ այդ կոռուպցիա եղել է, սա, իհարկե, չափազանց վատ է, բայց շատ լայն է, իսկ միջազգային փորձը շատ կոնկրետ է եղել: Այդ միջազգային փորձի ներքո նաև ընդունվել են չափանիշեր, թե, օրինակ, ինչպես բացահայտել Պաբլո Էսկոբարի մեդելինյան կարտելը, ովքեր են դրա մասնակիցները, և գնացել են դրանց հետևից: ԱՄՆ-ում նարկոբարոնների, նակոթրաֆիքինգի պայքարի շրջանակում է եղել, կրկնում եմ, այսինքն` հստակություն է եղել, մինչդեռ մեր դեպքում այդ օրենքում ես այս հստակությունը չեմ տեսնում:

– «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում արված փոփոխությունները ևս շատերը ռիսկային են համարում և վտանգավոր:

– «Բանկային գաղտնիքի մասին օրենքի» մասով ՀՀ նախագահը դիմել է ՍԴ, այսինքն` նա գտել է Սահմանադրության հետ հակասություններ և դիմել է, որ ՍԴ-ն այդ հարցը քննարկման առարկա դարձնի: Հիմա սպասենք և տեսնենք, թե ՍԴ-ն ինչ է ասում, ինչ դիրքորոշում ունի օրենքի սահմանադրականության վերաբերյալ: Այսպես ասեմ` բանկային գաղտնիքի վերաբերյալ որոշակի ռեֆորմներ մեզ անհրաժեշտ են, քանի որ այդ օրենքն ընդունվել է 1996-ին, իսկ հիմա 2020 թիվն է:

Այսինքն` անկախության տարիներին ընդունված առաջին օրենքներից մեկն է, հիմա բանկային համակարգը լրիվ այլ վիճակում է գտնվում: Դա բանկային համակարգի համար խոշոր ֆինանսական խնդիրներ չի առաջացնում, և այդ օրենքը փոփոխության կարիք ուներ, որովհետև, կրկնում եմ, աշխարհում և մեր բանկային համակարգում շատ բան է փոխվել: Այլ հարց է, որ պիտի ուշադիր լինենք, թե ինչն ենք բացում, որքան ենք բացում, այսինքն` պաշտպանական մեխանիզմներ պիտի լինեն այն մարդկանց համար, որոնց ինֆորմացիան բացվում է:

Իսկ քրեական գործերի մասին, որով պիտի բացահայտումներ արվեն` գտնելու հանցագործին, այն, միանշանակ, իրավապահ համակարգի համար պիտի բացվի, սակայն պոտենցիալ կամ հնարավոր հանցագործություն կատարած անձին էլ պիտի տրվեն պաշտպանական մեխանիզմներ: Մտահոգությունս այն է, որ պաշտպանական մեխանիզմները չեն տրվում, կամ ոչ ամբողջական են տրվում: Հիմա պիտի սպասենք և տեսնենք, թե ՍԴ-ն այս առումով ինչ կարծիք ունի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս