
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի և դաշնակիցների ազգային անվտանգության հարցով խորհրդականների միջև շփումների մասին

Ուկրաինայի և արևմտյան երկրների ազգային անվտանգության հարցով խորհրդականներն օգոստոսի 7-ին շփումներ կունենան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում:
«Տեղի կունենա հաղորդակցություն ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով. հանձնարարել եմ այսօր անցկացնել այդ հատուկ ձևաչափը», – նշել է նա:
Զելենսկին հավելել է, որ նախատեսված է իր հեռախոսազրույցը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, ուկրաինական կողմը կապի մեջ կլինի նաև Ֆրանսիայի և Իտալիայի գործընկերների հետ։ Օգոստոսի 6-ի երեկոյան տեղի է ունեցել հեռախոսազրույց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի զրույցը համարել էր կառուցողական։ Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում արդյունավետ շփումներ են եղել և առաջիկա օրերին շփումներ կլինեն եվրոպական գործընկերների և ուկրաինական կողմի հետ։