Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպումը կախված է առաջիկա օրերի շփումների առաջընթացից. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդյունավետ է անվանել հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ առաջիկա օրերին կշարունակվեն շփումներն ինչպես եվրոպական գործընկերների, այնպես էլ Կիևի հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջընթացի հասնելու նպատակով։ Այս մասին նա ասել է Fox Business Network-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ եթե առաջընթաց գրանցվի, ապա հնարավորություն կստեղծվի շատ շուտով հանդիպելու ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Ակնհայտորեն, մինչ այդ պետք է շատ բան տեղի ունենա», – նշել է Ռուբիոն՝ հավելելով, որ պետք է լինի համաձայնագիր, որը կնքելուն կմասնակցի ԱՄՆ նախագահը։

«Այսպիսով, մենք պետք է շատ մոտ գտնվենք այդ կետին, որպեսզի նման հանդիպումը լինի արդյունավետ և իմաստ ունենա անցկացնել։ Այսօր (խմբ.՝ օգոստոսի 6-ը) լավ օր էր, բայց առջևում դեռ շատ աշխատանք կա։ Դեռ շատ խոչընդոտներ կան հաղթահարելու, և մենք հույս ունենք դա անել առաջիկա մի քանի օրերին կամ ժամերին, գուցե նաև շաբաթներին», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Անդրադառնալով հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի կնքման պայմաններին՝ Ռուբիոն նշել է, որ Ռուսաստանն այժմ վերահսկում է ուկրաինական տարածքներ, այդ թվում՝ Ղրիմը դեռ 2014 թվականից, ինչպես նաև առաջխաղացում է ունեցել։

«Ակնհայտ է, որ համաձայնություն կնքելիս պետք է լինեն փոխզիջումներ ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների կողմից։ Այնպես որ, դա բարդ է…. Բոլորն էլ ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի։ Կարծում եմ՝ պայմանները, որոնցով դա պետք է ավարտվի, միշտ ամենադժվար մասն է», – ասել է Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ Ուիթքոֆի այցից հետո Վաշինգտոնում ավելի լավ են ընկալում այն պայմանները, որոնցով ՌԴ-ն պատրաստ է վերջ դնել պատերազմին։

«Այժմ մենք պետք է  դրանք համեմատենք այն բանի հետ, թե ինչ են պատրաստ ընդունել ուկրաինացիները և մեր եվրոպացի դաշնակիցները, բայց առաջին հերթին, իհարկե, ուկրաինացիները», – ասել է Ռուբիոն։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ երկրորդային պատժամիջոցներին, որոնց սահմանման համար տրված վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 8-ին, Ռուբիոն ասել է, որ այդ հարցը ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի առաջիկա 24-ից 36 ժամվա ընթացքում, և դա կախված է առաջիկա օրերի առաջընթացից։ Ռուբիոն նաև չի բացառել մոտ օրերս Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը.  այս պահին նման պայմանավորվածություն չկա։

Տեսանյութեր

Լրահոս