Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է հարցի լուծման. Նիկոլ Փաշինյան
Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, հիմնվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում հնչեցրած ելույթների վրա, թե՝ «հիմա փաստացի նորից կառուցվում է կամ վերափոխվում է արտաքին քաղաքականությունը», Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտնեց ԲՀԿ-ի դիրքորոշումը Արցախի խնդրի շուրջ, որի համաձայն՝ բանակցությունների հիմքում պետք է դրվի Արցախի ինքնորոշման հարցը:
«Այսօր մենք ունենք դե ֆակտո Արցախի Հանրապետություն, որն իր դեմոկրատական բոլոր ինստիտուտներով իրականում ոչ մի ձև, ոչ մի կերպ չի զիջում ուրիշ պետություններին: Կարծում ենք, որ անպայման բանակցությունների հիմնաքարը, հիմնախնդիրը, ֆունդամենտը պետք է լինի Արցախի Հանրապետության դե ֆակտո կարգավիճակի միջազգային դե յուրե լեգիտիմիզացիան: Եվ հենվելով հենց էդ դե յուրե լեգիտիմիզացիայի վրա, արդեն կառուցել կոնստրուկցիան»,- ասաց Արման Աբովյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զարմացրեց Ա. Աբովյանի խոսքը, թե Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ նման դիրքորոշում ունի ԲՀԿ-ն:
«Իսկ հանրության շրջանում որևէ մեկը կա՞, որ այլ դիրքորոշում ունի: Ես լավ չեմ պատկերացնում դա: Այսինքն, բա մենք ընդհանրապես ինչի՞ մասին ենք խոսում: Խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին: Ո՞վ ա, որ պնդում ա, որ հայ ժողովրդի շրջանում ընդհանրապես մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի: Ես ուզում եմ էդ մարդու անուն-ազգանունը իմանամ:
Ստեղ խնդիրը հետևյալն ա, որ մենք, էլի եմ ասում, ամենակարևոր արձանագրումը գիտե՞ք որն ա, որ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցի իրա դիրքորոշման մասին էնքան բան չի ասել, ինչքան ասել ա մեր կառավարությունը: Կիլոմետրերով, բազմիցս մենք դիրքորոշումներ ենք արտահայտել: Եվ կներեք, եթե որևէ մեկը ուզում ա կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա, որովհետև ինքներս, մենք մեր դիրքորոշումը ձևակերպելիս՝ էնքան բուֆերներ և հակակշիռներ ենք դրել, որ ընդհանրապես սենց քննարկում պետք ա Հայաստանում տեղի չունենա: Այո, Ձեր ասածը ճիշտ ա: Դա միայն Ձեր դիրքորոշումը չի, դա մեր բոլորի դիրքորոշումն է»,- հարցին ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ժողովուրդն իրենց տվել է լիազորություն, ու իրենք բանակցային սեղանի շուրջ կարող են բանակցել այն ամենի մասին, ինչ որ պետք է:
«Ես չեմ ուզում և չի լինի էդպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու սենց ձեռներս դողա, վայ, հանկարծ, կներեք արտահայտությանս, սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել էդ հարցի շուրջ: Եվ մենք էդ լիազորությունը օգտագործելու ենք, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտությունները, բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ: Եվ թող մեզ ոչ մեկը չասի՝ «այ, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք:
Մեզնից պատասխան կարո՞ղ է պահանջեն: Այո՛, կարող ա պահանջել ՀՀ ժողովուրդը: ՀՀ ժողովուրդը մեզ տվել ա վստահության քվե, որ մենք գնանք բանակցենք: Մեզ ոչ մեկը չի կարա ասի՝ «հըն, էդ ի՞նչ եք բանակցում»: Ասում եմ՝ ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք:
Եվ երբ որ մենք կհամարենք, որ այդ բանակցության արդյունքում մենք ունենք մի բանաձև, որը կարող ենք ներկայացնել ա) Անվտանգության խորհրդին, բ) Ազգային ժողովին, գ) ժողովրդին և հանրությանը, մենք կգանք կներկայացնենք: Որովհետև Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չի, ոչ մի բան որոշված չի: Եվ հետևաբար՝ եկեք դադարեցնենք էս բանը՝ «հաաա, էս ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք: Ինչքան լիազորություն ունենք, էդ էլ բանակցում ենք: Ու բանակցության գնալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արման Աբովյանը, որպես արձագանք՝ ասաց, որ չկա նման բան, որ բանակցող կողմին «հաթաթա են տալիս» կամ իրենց վրա «մատ են թափ տալիս»՝ ասելով, թե ինչի վերաբերյալ են բանակցում: Հարցը բանակցությունների հիմքի մասին է:
«Ես համոզված եմ, որ Ադրբեջանի հետ ոչ մի համաձայնության գալ հնարավոր չի, քանզի Ադրբեջանը հետաքրքրված չի լուծել Արցախի հիմնախնդիրը քաղաքակիրթ և միջազգային նորմերին համապատասխանող բոլոր դրույթներին հենվելով: Խնդիրը նրանում է, որ մենք խոսում ենք ֆունդամենտի մասին, ինչի՞ վրա ենք մենք կառուցում»,- նշեց պատգամավորը:
«Եթե Ձեր ասածը ճիշտ ա, որ Ադրբեջանը տրամադրված չի հարցի կարգավորման, ուրեմն չի կարգավորվի հարցը: Բա մենք ուրի՞շ բան ենք ասում: Ասում ենք՝ հնարավոր է իրագործել միայն էնպիսի լուծում, որն ընդունելի է Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Բա եթե հեշտ ըլներ հարցի լուծումը, հիմա հարյուր անգամ լուծված կըլներ:
Հիմա, եթե Դուք համոզված եք, ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված ա և ուզում ա հարցի լուծման: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: ՌԴ-ն էլ ա ուզում, Միացյալ Նահանգներն էլ, Ֆրանսիան էլ ա ուզում:
Կարևորը նրբությունների մեջ ա: Բայց եթե պարզվի՝ չի ուզում Ադրբեջանը՝ լուծվի հարցը, չի լուծվի հարցը: Այսինքն, մենք ի՞նչ կարանք Ադրբեջանին… Եթե խոսքը Ադրբեջանին լուծում պարտադրելու մասին ա, կամ եթե Ադրբեջանին… ես Մյունխենում էլ ասացի, չէ՞…. ֆունդամենտը Ձեր ասածն ա, ես Ձեր ասածին ավելացնելու բան չունեմ: Ես հո դրա համար եմ ասում՝ դա «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը չի: Դա հայ ժողովրդի դիրքորոշումն ա: Դուք որ ասացիք՝ համարյա չկա հայ, ոնց որ Դուք մի երկու անուն-ազգանուն գիտեք, որ տենց չեն մտածում: Միանգամից հրապարակեք, էս թեմայից պրծնենք, անցնենք, գնանք առաջ»,- ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում