1․4 մլն դոլարի նվիրաբերությունը «Լույս» հիմնադրամից՝ չզեկուցվող որոշումների ետևում

Յուրաքանչյուր հինգշաբթի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում տեղի է ունենում տասնյակ նախագծերի քննարկում, որոնց մի մասը դառնում է վարչապետ Փաշինյանի էմոցիոնալ բռնկման, մյուսը՝ բուռն ոգևորության պատճառ։ Մի մասն ընդունվում է, որոշներն էլ՝ ոչ։ Իսկ մի քանիսն էլ «չզեկուցվող»-ի դասակարգիչի ներքո՝ այդպես էլ մնում են ստվերված։ Օրերս, երբ Կառավարության հերթական նիստից հետո աչքի էինք անցկացնում չզեկուցվող նախագծերի ցանկը, մեր ուշադրությունը գրավեց ընդունված որոշումներից մեկը։

Խոսքը սույն թվականի ապրիլի 30-ին Կառավարության նիստին 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N1506-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին է։ Ավելի մանրամասն ուսումնասիրելով և գտնելով սկզբնաղբյուրը՝ պարզեցինք, որ տվյալ որոշումը վերաբերում էր «Լույս» հիմնադրամից որպես նվիրատվություն գույք ընդունելուն և Արագածոտնի մարզի «Արտենիի առողջական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը գույք նվիրելուն։

Դեռ 2019թ․-ի հոկտեմբերի 31-ի որոշմամբ նշված բուժհիմնարկներին «Լույս» հիմնադրամը նվիրաբերել է բժշկական գույք և սարքավորումներ, որոնց թվում՝ ռենտգեն սարքեր, սոնոգրաֆիայի սարքեր, թոքերի արհեստական օդափոխության սարքեր և այլ սարքեր։

Ըստ ընդունված որոշմանը կից ներկայացված հավելվածի՝ նվիրաբերված գույքի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։ Իսկ արդեն այս տարի ապրիլի 30-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ նախորդ որոշման շրջանակներում «Լույս» հիմնադրամից ընդունվեց ևս մեկ նվիրատվություն․ ռենտգենսարք, որն ուղղվել է «Հրազդան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Նոր՝ N649-Ա որոշմանը կից ներկայացված հավելվածի համաձայն՝ նվիրաբերված ռենտգենսարքի արժեքը մոտ 160.000 ԱՄՆ դոլար է։

Հատկապես այս օրերին, երբ Հայաստանի առողջապահական ողջ համակարգի անխափան աշխատանքի համար կենսական կարևորություն ունեն ռենտգեն սարքերի և թոքերի արհեստական օդափոխության սարքերի բավարար քանակության առկայությունը, առնվազն անհասկանալի է, թե ինչուԿառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը, ո՛չ դեռևս 2019թ․-ի հոկտեմբերին, ոչ էլ հիմա, այդպես էլ չեն ակնարկում պետությանն արված նման խոշոր և կարևոր բարեգործության մասին՝ քողարկել ովայն «չզեկուցվող»-ի պիտակի ներքո։

Տեսանյութեր

Լրահոս