«Պետք է զգուշորեն մոտենալ երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարբեր կոնվենցիաներին». փաստաբան
Լանզարոտեի կոնվենցիան, որն ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ է մտել 2010 թվականից, ստորագրել է ԵԽ անդամ՝ 47, վավերացրել՝ 45 երկիր: Այն դեռևս չեն վավերացրել Հայաստանն ու Իռլանդիան: Իռլանդիան կոնվենցիայի վավերացման գործընթացը սկսել է նախորդ տարվա վերջերից:
Կոնվենցիայի նպատակը, ինչպես հանձնաժողովի նիստում հայտնել էր արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության կանխարգելումն է, հնարավոր զոհերի պաշտպանությունն ու իրազեկումը: Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի խոսքով՝ կոնվենցիայի վավերացմամբ ենթադրվում է, որ պետք է խստացնել ներքին օրենսդրությունը:
168.am-ի հետ զրույցում հարցին տիրապետող որոշ մասնագետներ ասացին, որ ՀՀ ներքին օրենսդրությամբ բավականին խիստ պատասխանատվություն է սահմանված երեխաներին սեռական շահագործման կամ երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնության ենթարկողները:
Իրավաբան Մհեր Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, չնայած իր մասնագիտական գործունեության ոլորտն այլ է, բայց որպես իրավաբան՝ պնդում է, որ «Լանզարոտեի կոնվենցիայի» վավերացումը խնդիրը կարգավորելու գործում որոշիչ նշանակություն չի ունենալու:
«Չկա որևէ խոչընդոտ, որ մենք ունենանք նորմալ մեխանիզմներ, գործող ներքին օրենսդրությամբ կարգավորենք ոլորտը, երեխայի դեմ բռնություն գործադրած անձին էլ պատասխանատվության ենթարկենք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթով: Որպես իրավաբան՝ ասում եմ, որ կոնվենցիան որոշիչ չէ ոչ մի դեպքում»,- ասաց Մհեր Հակոբյանը:
Փաստաբան Մարինե Թովմասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մեր ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանվում են երեխաների սեռական շահագործման համար քրեական պատասխանատվության մեխանիզմները:
«Օրենսդրորեն կարգավորվում է թրաֆիքինգում անչափահասների ներգրավման հարցը: Մեր պետության խնդիրն ուղղակի վերահսկողությունն է, հայտնաբերումը և կանխումը: Չկա վերահսկողություն, այդ երեխաների հետ պետք է հոգեբաններ աշխատեն, որովհետև ամեն երեխա չի, որ շահագործվում է, հետո գիտակցում, որ դրա մասին պետք է բարձրաձայնի, կամ ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ կաշկանդվում է ու չի բարձրաձայնում: Մենք ունեցել ենք դեպքեր, որ երեխաները ներգրավված են եղել մուրացկանության մեջ, ու այդ մարդիկ դատապարտվել են առանձնապես ծանր սանկցիա նախատեսող հոդվածներով՝ մինչև 15 տարվա ազատազրկմամբ»,- ասաց փաստաբան Մարինե Թովմասյանը:
Մեզ հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ ասաց, որ ծանոթ չէ «Լանզարետոյի կոնվենցիային», սակայն վստահեցրեց, որ մեր ներպետական օրենսդրությունը երեխայի սեռական շահագործման կամ սեռական բռնության ենթարկելու դեպքերում քրեական պատասխանատվության հստակ գործիքակազմ է նախատեսում, որը բավական խիստ է:
«Մոտ 7-8 տարի առաջ բավականին մեղմ էին այդ հոդվածները, հետո նաև իմ մասնակցությամբ օրենսդրությունը խստացվեց, ու հիմա բավականին խիստ են երեխաների նկատմամբ թե՛ սեռական բնույթի գործողությունները, թե՛ շահագործումը, թե՛ անառակաբարո գործողությունների համար պատիժները բավականին խստացվել են:
Ես համարում եմ, որ մենք օրենսդրորեն ունենք հստակ երաշխիքներ, ուղղակի ես համարում եմ, որ մեր երկրում շատ ավելի քիչ են երեխաների նկատմամբ սեռական բռնություններ կիրառվում: Հիմնականում դրանց կիրառվելու վտանգ կա փակ հաստատություններում, որտեղ երեխաներն ընտանիքից զրկված են: Դրանք են գիշերօթիկ դպրոցները, հատուկ հաստատությունները, որտեղ հաճախ երեխաներին հարկադրաբար պահում են՝ խախտելով նրանց իրավունքները»,- ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ բերելով տարիներ առաջ տեղի ունեցած Բյուրեղավանի հատուկ հաստատության ու Նուբարաշենի թիվ 11 դպրոցի օրինակները, որտեղ, փաստաբանի խոսքով, երեխաները համապատասխանաբար ենթարկվել էին ծեծի ու անառակաբարո գործողությունների:
«Պետք է զգուշորեն մոտենալ երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարբեր կոնվենցիաներին: Այնպես չլինի, որ այդ կոնվենցիայով ինչ-որ իրավունք լինի ու այդ կոնվենցիան բերած լինեն իբրև թե երեխայի իրավունքները պաշտպանելու համար, բայց իրականում երեխայի իրավունքները կոպտորեն ոտնահարեն»,- նշեց Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանի խոսքով՝ անխելքություն ու հիմարություն է կարծելը, թե մարդիկ, որոնք պետբյուջեի միլիոնավոր դոլարների հաշվին գնում են արտասահման, մասնակցում դասընթացների, կարող են գալ ու ներկայացնել, թե ինչպես է պետք երեխային ճիշտ դաստիարակել:
«Ընդհակառակը, արտասահմանից պետք է գան ու տեսնեն, որ հայ ընտանիքի կապերը շատ ավելի ուժեղ են»,- ասաց փաստաբանը:
Փաստաբան Դավիթ Թումասյանը ևս 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, եթե խոսքը վերաբերում է պատասխանատվությանն ու պատժաչափին, ապա միանշանակ մեր օրենսդրությունը նախատեսում է բավականին խիստ պատիժներ թե՛ սեռական բռնությունների, թե՛ սեռական շահագործման համար:
«Մասնավորապես, եթե մենք նայում ենք, օրինակ, անչափահասների բռնաբարությունը, դրա համար նախատեսված է պատիժ՝ 4-15 տարի ժամկետով ազատազրկում՝ կախված ծանրացնող հանգամանքից: Եթե խոսքը գնում է անգամ մինչև 16 տարեկան երեխայի հետ համաձայնությամբ սեռական հարաբերության մասին, ապա պատիժը նախատեսված է մինչև 12 տարի ազատազրկում, երեխայի շահագործման դեպքում պատիժը՝ մինչև 15 տարի ազատազրկում: Այսինքն, այս մասով մենք խնդիր չունենք:
Բայց եթե խոսքը գնում է լրացուցիչ միջամտությունների մասին, այդ առումով մենք ունենք որոշակի խնդիրներ: Մասնավորապես, նույն «Լանզարոտեի կոնվենցիան» նախատեսում է, որ բոլոր անձինք, որոնք ունեն մտավախություն, որ կարող է կատարեն երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն, պետք է հնարավորություն ունենան մասնակցելու տարբեր միջամտության ծրագրերի, ներառյալ՝ հոգեբանական: Եվ որոշ երկրներ նախատեսում են քիմիական ստերջացում և հոգեբանին այցելելու պարտադիր պայման այն անձանց համար, որոնք մանկապիղծ են և երեխայի նկատմամբ են կատարում ոտնձգություն: Մեր մոտ դա նախատեսված չէ: 2013 թվականին նմանատիպ նախագիծ շրջանառվեց, որ քիմիական ստերջացում սահմանի Քրեական օրենսգրքում, բայց այդ նախագիծը հետագայում ընթացք չունեցավ»,- ասաց փաստաբանը:
Դ. Թումասյանի խոսքով՝ «Լանզարոտեի կոնվենցիայով» նախատեսվելու են փոփոխություններ արարքների շրջանակն ընդլայնելու և քրեաիրավական ներգործության լրացուցիչ միջամտություն նախատեսելու տեսանկյունից, այլ ոչ թե՝ պատիժը խստացնելու:
«Մենք ունենք որոշակի գործողությունների հետ կապված խնդիր, որովհետև ունենք անառակաբարո գործողությունները՝ որպես հանցատեսակ, որն ամրագրված է Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածում, բայց մենք ունենք ավելի լայն հասկացություն, որը որ տրված է «Լանզարոտեի կոնվենցիայում», և ինքը պահանջում է, որպեսզի ցանկացած սեռական հետամտում, որն իրականացվում է երեխայի նկատմամբ, քրեականացվի»,- նշեց Դավիթ Թումասյանը:
Արդարադատության նախկին նախարար, իրավաբան Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիային, ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանելու մասին կոնվենցիայում առկա ծավալուն գրավիչ անհրաժեշտ համամասնությամբ արդեն իսկ ամրագրված են մեր ներքին օրենսդրությամբ: Հետևաբար՝ այդ տեսանկյունից կոնվենցիան մեզ համար իրավական արժեք չունի:
«Առնվազն համոզիչ չեն Կառավարության հիմնավորումների մեջ բերված այն պնդումները, թե կոնվենցիան հնարավորություն կտա վերափոխելու օրենսդրությունը, քանզի օրենք ընդունելու իրավասությունն արդեն իսկ վերապահված է խորհրդարանին, իսկ դրա համար հարկ չկա միջազգային պայմանագիր ընդունել:
Ավելի քան համոզված եմ, որ կոնվենցիայի դրույթները զուտ ձևական իրավական չափանիշերով դժվար կլինի ճանաչել Սահմանադրությանը հակասող, քանզի մեզանում դեռևս չի ձևավորվել խորքային հայեցակարգ՝ Սահմանադրությամբ ամրագրված երեխաների շահերի առաջնահերթության առնչությամբ։ Միակ ու մեծ մտահոգությունը միայն այն է, որ կրթական հատվածին և վարույթներին վերաբերող դրույթներն իրացվելու են բոլորովին այլ տրամաբանությամբ: Պատահական չէ, որ հիմնավորումներում ակնարկ անգամ չկա կրթական համակարգի մասին, թեպետ միակ նորույթը հենց դա է լինելու»,- գրել էր Գևորգ Դանիելյանը:
Իրավաբանի դիտարկմամբ՝ չի կարող հավատ ներշնչել այն միջազգային փաստաթուղթը, որի ակունքներում զարմանալիորեն կանգնած են ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների այն պաշտոնյաները, որոնց մեծ մասը հետագայում մերկացվել է մանկապղծության մեջ:
«Սա շատ բան ասող պարադոքս է, կամ գուցե՝ օրինաչափություն։ Արդեն իսկ բազում նյութեր կան, որոնք վկայում են այդ կոնվենցիայի կիրառման ակնհայտ բացասական արձագանքների մասին՝ անգամ Եվրոպայի երկրներում։ Բոլորն էլ գլխի են ընկել, որ դրանով երեխաներին չեն զինում, այլ ակամա խիստ խոցելի են դարձնում»,- գրել էր Գ. Դանիելյանը:
Նշենք նաև, որ այս կոնվենցիայում առկա կետերից մեկը որոշ իրավաբանների, բժիշկների, քաղաքացիների համար բավականին խնդրահարույց է և վտանգավոր: Խոսքը կոնվենցիայի 6-րդ կետի մասին է, որով «յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու համար, որպեսզի երեխաները ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով՝ պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում, և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ»: