Բաժիններ՝

«Տանն ընդամենը 4 աթոռ ունենք՝ կպնելիս ջարդվում են, սեղանն էլ փայտերից ենք մի կերպ հավաքել». Օձունում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքը չի կարողանում օգտվել Կառավարության ծրագրերից

Կառավարության ներկայացրած Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 16 ծրագրերից քաղաքացիները դժվարությամբ են կարողանում օգտվել, հատկապես հեռավոր գյուղերում, որտեղ ինտերնետ կապի հասանելիության խնդիր կա:

Լոռու մարզի Օձուն համայնքի բնակչուհի 44-ամյա Լուսինե Մամաջանյանը, որը խնամում է հաշմանդամություն ունեցող ամուսնուն ու 18 տարեկան երրորդ կարգի հաշմանդամ աղջկան,  չի կարողացել օգտվել Կառավարության ներկայացրած և ոչ մի ծրագրից: Ասում է՝ բազմիցս զանգահարել է «թեժ գիծ»՝ հասկանալու համար, թե ինչու չի կարողանում օգտվել  որևէ ծրագրերից, քանի որ ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, չունի որևէ սեփականություն, և խնամքին է ամուսնու տարեց  մայրը, հաշմանդամություն ունեցող երկու անձ, բայց չի կարողացել որևէ մեկի հետ խոսել, միայն օրերս է այնտեղից ինչ-որ մեկը հեռախոսին պատասխանել, և ասել են, թե իրենց որևէ ծրագրով աջակցություն չի հասնում:

«Մտածում էի՝ կարող ենք օգտվել այն ծրագրից, որ մինչև 18 տարեկաններին օգնություն են տալիս: Ես որ զանգահարեցի  «թեժ գծին»՝ ասացի, որ տանը մեկ հոգի ծերության թոշակ է ստանում, երկուսն էլ՝ հաշմանդամության, ասացին՝ դե, քեզ որևէ աջակցություն չի հասնում: Ես երեխա չունեմ, աղջիկը՝ Գոհարիկը, որին խնամում եմ, ամուսնուս քրոջ աղջիկն է, մոր մահից հետո ես ու ամուսինս ստանձնեցինք նրա խնամակալությունը, նա այժմ 18 տարեկան է, 11 տարեկանից նրան պահում ենք, ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, նրա հայրը հրաժավել էր երեխայից:

Ծայրահեղ ծանր պայմաններում ենք ապրում, տանն ընդամենը չորս աթոռ ունենք, որոնց կպնելիս ջարդվում են, սեղանն էլ մի կերպ փայտերից ենք հավաքել: Ամուսնուս, աղջկաս և սկեսրոջս  թոշակներով հազիվ հասցնում ենք կոմունալ ծախսերը հոգալ և դեղեր առնել, ի՞նչ անենք: Մի փոքր հողամաս ունենք, դա եմ մշակում, խանութից պարտքով ենք հացը գնում, երկու օր առաջ տարա պարտքս տվեցի, բայց երեկ նորից գնացի պարտք արեցի, որ մի կերպ օրվա հացն ունենանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Մամաջանյանը:

Տիկին Լուսինեի խոսքով՝ օգնություն ստանալու ակնկալիքով 2017  թվականին դիմել են նաև «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, քանի որ ասել են, որ այնտեղ դիմողներին օգնում են: Դիմելուց հետո Գոհարիկին տարել են հիվանդանոց բուժելու, բայց բուժումը որևէ օգուտ չի տվել:

«Աղջիկս ամեն օր դեղեր է խմում, վեց ամիսը լրացել է, պետք է տանեմ բժշկական ստուգումների, սակայն որևէ միջոց չկա: Հողամասում կարտոֆիլ եմ ցանել, սերմը գնացել, պարտքով եմ վերցրել: Համայնքապետարանն ինչքանով կարողացել՝ օգնել է, մեր համայնքի ղեկավարը մի անգամ օգնել է, աղջկաս բժշկի ենք տարել, մի անգամ կտուրը վնասվել էր, եկան սարքեցին, դե, իրենք էլ չեն կարող օգնել, օգնում են այնքանով, որքանով կարողանում են, համայնքապետարանից շնորհակալ եմ»,- հավելեց Լ. Մամաջանյանը:

Մեր զրուցակցի խոսքով, եթե Կառավարությունը թույլ չի տալիս իր ներկայացրած որևէ ծրագրից օգտվել, գոնե այնպես անի, որ մոտավորապես 600  հազար դրամի վարկի մարման գործընթացում որոշ չափով աջակցեն, քանի որ տոկոսները չեն կարողանում վճարել, իսկ վարկի չափն էլ ամեն ամիս ավելանում է:

«Սկեսրոջս մայրիկի մահվանից երկու ամիս հետո Գոհարիկի մայրը մահացավ, դրանից հետո վարկ վերցրեցինք, որ ծախսերը հոգայինք, ու մինչև այսօր չենք կարողանում վճարել: Ճիշտն ասած, տոկոսները տալիս էի, բայց հենց սկսեցինք Գոհարիկին տանել հիվանդանոց , դեղեր առնել, արդեն էլ միջոցներ չունեի, որևէ մեկը չի պատկերացնի, թե ինչ է նշանակում՝ ընկնել հիվանդանոցների  դռները: Մեկ ամիս առաջ սկեսրոջս անունով վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ ուղարկեցինք, որպեսզի մեզ աջակցեն, բայց որևէ արձագանք չկա: Մարզպետարանից նախորդ տարի սոցաշխատողներ եկան, տանը փաստագրումներ արեցին, իբրև թե թղթերը պետք է ուղարկեին Երևան, որ օգնեն, դրանից էլ որևէ նորություն չկա: Չգիտեմ, այս իրավիճակում ի՞նչ կարող եմ անել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերջում Լուսինե Մամաջանյանն ասաց, որ ակնկալում է, որ Կառավարությունը կամ պատկան մարմինները կարձագանքեն և կօգնեն, որպեսզի իր խնդիրները որոշ չափով կարողանա լուծել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս