ՔՊ-ականները Փաշինյանից պահանջել են անհապաղ բիրտ ուժ կիրառել, Բագրատ սրբազանի դեմն առնել. Նաիրա Կարապետյան

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին ՔՊ-ական այս իշխանության կողմից դաշտ նետվող գնահատականները քննարկելուց առաջ նախ պետք է իրար կողքի շարել չոր փաստերը, որոնք ցույց են տալիս, որ ՔՊ-ականների ջղաձգումները Բագրատ սրբազանի կողմից օրակարգ թելադրելու ապացույցն են։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Սրբազանի առաջնորդած շարժման  և իշխանության հակազդեցության մասին, նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Նաիրա Կարապետյանը։

«Այս շարժումը և շարժման առաջնորդը կարողացել են մեկ քայլ առաջ ընկնել ու դառնալ օրակարգ թելադրող՝ ի հեճուկս իշխանության կողմից արվող մանիպուլյատիվ հայտարարությունների առ այն, թե այն մարել է։ Շարժումը մարում է, դրա համա՞ր են Ազգային ժողովը դարձրել շարժմանը նվիրված մի հարթակ։ Շարժումը մարել է, դրա համա՞ր են իշխանական պատգամավորների համացանցային գրառումները նվիրված Բագրատ սրբազանին։ Նման  ուշադրության սևեռումն ամենևին էլ մարող շարժման մասին չէ, ավելին, միայն այսքան ոստիկանների կուտակումները խոսում են այն մասին, որ այդ ռեսուրսն ուղղված է  չմարող շարժման դեմ»,- ասաց Կարապետյանը։

Կարդացեք նաև

Վերջինս վստահեցրեց՝ ՔՊ-ում իրավիճակն այնքան լարված է, որ ՔՊ-ականները, քպ-ամերձ ու քպ-աստեղծ ուժերը բավականին լարված վիճակում են։

«Նրանք ցնցումների մեջ են։ ՔՊ-ում ոչ թե պառակտում է, այլ՝ խուճապ. ՔՊ-ականները Փաշինյանից պահանջել են անհապաղ բիրտ ուժ կիրառել, շարժման, Բագրատ սրբազանի դեմն առնել, իսկ նման բան  են պահանջում վախեցող մարդիկ, իսկ վախն  իր հերթին՝ բերում է պառակտում»,- ասաց Կարապետյանը՝ շեշտելով՝ Սրբազանի առաջնորդած շարժումն ունի հստակ օրակարգ և հստակ ժամանակացույց, ինչը էլ ավելի է սրել իշխանության խուճապի  մակարդակը։

Ինչ վերաբերում է Սրբազանի պայքարից հանրության ակնկալիքներին, ապա, ըստ Կարապետյանի, համերաշխություն  ապահովելու հարցում հանրության ակնկալիքն այս շարժումն արդեն բավարարել է,  որովհետև միմյանց կողքի են կանգնում քաղաքական ամենատարբեր մոտեցումներ ունեցող քաղաքական գործիչները։

Ինչ վերաբերում է հանրահավաքների եկող մարդկանց թվին, ապա, այո, կրիտիկական  զանգված չկա, բայց կա մարդկանց որակյալ բազմություն, ինչը շատ էական է երկիրը ստեղծված վիճակից դուրս հանելու հարցում։

«Այո՛, Փաշինյանն այն մարդը չէ, որն իր անձնական անվտանգությունից բարձր դասի մարդկանց կյանքը։ Կարծում եմ, որպեսզի չհասնենք երկրորդ Մարտի մեկին, շարժումը ճիշտ է անում, որ դիմում է այլ մարտավարության, իսկ Բագրատ սրբազանն էլ ոչ միայն վճռական է, այլ նաև վստահ, որ շարժումը պսակվելու է հաջողությամբ»,- ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի հեռացման շուրջ աշխահաքաղաքական կոնսենսուսի անհրաժեշտությանը կամ բացակայությանը, Կարապետյանն ընդգծեց.

«Փաշինյանը չի կատարել այն հանձնարարությունը, որն իջեցված է եղել հզոր ուժերի կողմից։ Այսօր աթոռին սոսնձված մնալու պատճառն այն է, որ նա վախենում է ոչ միայն ժողովրդի ցասումից, այլ նաև իրեն հանձնարարականներ տվածների պատժից»,- ասաց Նաիրա Կարապետյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս