Հայաստանը և Հունաստանը կընդլայնեն ռազմատեխնիկական համագործակցությունը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագրին

Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում:

«Համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը, համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, համագործակցության իրականացման միջոցները»,-ասաց Արման Սարգսյանը:

Ուղղություններ են հանդիսանալու զենքի և ռազմամթերքի արտադրության, տեխնոլոգիաների փոխանցումն ու տեխնիկական աջակցությունը, ռազմամթերքի արտադրության, ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ կազմակերպությունների հիմնումը, ռազմատեխնիկական ոլորտում մասնագիտական կրթության, վերապատրաստման և որակավորման ծրագրերի իրականացումը, ռազմական նշանակության ապրանքների նորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցումը:

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է նաև ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հավելեց, որ այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ հիմնման, այլ նաև զինվորների պատրաստման հարցում:
«Հունաստանը, որպես Հայաստանի բարեկամ, նաև հանդիսանում է կամուրջ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության»,-հավելեց նա:

Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Տեսանյութեր

Լրահոս