Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի «Mirage 2000-5» կործանիչ ինքնաթիռներ, ինչպես նաև ուկրաինացի օդաչուներին կվերապատրաստի դրանք կառավարելու համար։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ հունիսի 7-ին իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հետ Ելիսեյան պալատում հանդիպման ժամանակ կառաջարկի, որ օդաչուների վերապատրաստումը սկսվի հենց այս ամռանը։
«Դրա համար հարկավոր է 5-6 ամիս։ Այնպես որ, մինչև այս տարվա վերջ օդաչուներ կլինեն։ Օդաչուները կվերապատրաստվեն Ֆրանսիայում», – ասել է Մակրոնը։
Նա չի հստակեցրել, թե քանի կործանիչ կմատակարարվի Կիևին։
Մակրոնը նաև նշել է, որ Ֆրանսիան կհանդերձի և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի, որպեսզի նրանք կարողանան Ուկրաինա վերադառնալուն պես անցնել ինքնապաշտպանության։
Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը և պաշտպանության նախարարը պաշտոնական նամակում իրենց արևմտյան գործընկերներին խնդրել են ռազմական հրահանգիչներ ուղարկել և վերապատրաստել ուկրաինացի զինվորներին հենց Ուկրաինայում։
France24-ը նշում է, որ ըստ որոշ ենթադրությունների՝ Զելենսկիի հետ հունիսի 7-ին կայանալիք հանդիպումից հետո Մակրոնը կարող էր հայտարարել Ուկրաինա ֆրանսիացի հրահանգիչներ ուղարկելու մասին։ Սակայն Ֆրանսիայի նախագահը նշել է, որ աշխատում է գործընկերների հետ և իրենք կգործեն՝ «հավաքական որոշման հիման վրա»։