Նախկինում ՆԱՏՕ անդամ երկրներից ձեռք բերված զենքերը և ադրբեջանական աղմուկը

ՀՀ պաշտպանական նախարարության՝ Սերբիայի և Բուլղարիայի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու պատրաստակամության և անգամ ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերելու ֆոնին, 168.am-ը հունիսի 5-ին նախկինում համագործակցության որոշ փաստեր էր ներկայացել և նշել այն գործոնները, որոնք պետք է հաղթահարի Ադրբեջանի հետ «գազային հարաբերությունների» մեջ գտնվող Սերբիայից և Բուլղարիայից ռազմատեխնիկական համագործակցության պլաններ գծող Հայաստանը: Իսկ զուտ փաստը, իհարկե, դրական է: Հայաստանը սպառազինություն է գնում Հնդկաստանից և Ֆրանսիայից:

Այլ հարց է՝ ռազմական գնումները համահունչ են մեր անվտանգային խնդիրների՞ն, Ադրբեջանից և Թուրքիայից հնարավոր սպառնալիքների՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ցանկություններին և պայմանավորվածություններին: Այսինքն, որքանո՞վ է հաշվի առնվում Ադրբեջանի զինման տեմպերը, որակը, բնույթը, նպատակները: Հարցադրում, որի համատեքստում գործող իշխանությունները քննադատում էին նախկին իշխանություններին, երբ նրանք, լավ կամ վատ, փորձում էին զսպման մեխանիզմներ ստեղծել և ստեղծում էին: Եվ այնպես չէ, որ լոգիստիկ խնդիրների միայն ներկա իշխանություններն են բախվել, բայց հարցին ինչ-որ ձևով, ինչ-որ մակարդակում լուծում է տրվել: Եվ ՀԱՊԿ անդամակցությունը չի խանգարել ՆԱՏՕ անդամ երկրների հետ անհրաժեշտության դեպքում ոչ նպատակային համագործակցություն ծավալել:

Այս համատեքստում հարկ ենք համարում հիշեցնել 2011, 2012, 2013 թվականները, երբ առաջնագծում գործ ունեինք, այսպես ասած, դիպուկահարային պատերազմի հետ, և առաջնային խնդիր էր առաջնագծից դիպուկահարների երկկողմանի հեռացումը, ինչին Ադրբեջանը չէր գնում, իսկ հայկական կողմն էլ, բնականաբար, միակողմանի չէր գնալու դրան և չգնաց:

Փոխարենը՝ այդ ժամանակվա իշխանությունները հայկական բանակի զինանոցը համալրում էին աշխարհում լավագույնը համարվող դիպուկահար հրացաններով:

Կարդացեք նաև

Վերը նշված ժամանակահատվածը հայկական բանակի համար այս առումով բավականին հարուստ էր:

Խոսքը, մասնավորապես, սերբական «M-93 Black Arrow» («Սև նետ»), բրիտանական Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM) դիպուկահար հրացանների մասին է:

Իսկ 2012թ. հունվարին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցի ժամանակ հայտնի դարձավ, որ հայկական ԶՈՒ-ն ձեռք է բերել նաև ավստրիական «Steyr Mannliche» հանրահայտ ընկերության SSG 08 հրացանը:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԶՈւ-ն սպառազինված է նաև ֆրանսիական արտադրության PGM.338 դիպուկահար հրացաններով։

Վերևում թվարկված դիպուկահար հրացանները 2013 թվականին ցուցադրվեցին նաև Նոյեմբերյանի զորամաս այցելած լրագրողների համար:

Ի դեպ, Ադրբեջանը դժգոհություն էր հայտնել հատկապես բրիտանական Accuracy International Arctic Warfare Magnum Folding (AI AWM F 300WM) դիպուկահար հրացանների մատակարարման հետ կապված:

Ադրբեջանն իր արտաքին գործերի նախարարության միջոցով դժգոհություն արտահայտելուց բացի, հետո նաև «սպառնացել էր» դատի տալ ֆրանսիական և բրիտանական այն ընկերություններին, որոնց կասկածում է Հայաստանին դիպուկահար հրացաններ վաճառելու մեջ:

Ադրբեջանը միշտ էլ աղմուկ է բարձրացրել կամ դժգոհել Հայաստանին տարբեր երկրների կողմից տարբեր խնդիրների համար նախատեսված սպառազինության գնման դեպքում, հատկապես, երբ այդ պահին դա զսպող լուրջ գործոն է համարել, ինչը եղավ «Իսկանդերի» պարագայում։ Այլ հարց է՝ որքանո՞վ է հայկական կողմը կարողացել դա հաղթահարել նախկինում, որքանո՞վ են կարողացել դա անել գործող իշխանությունները նախքան պատերազմը և պատերազմից հետո, և որքանո՞վ են կարողանալու հետագայում:

Նշենք, որ 2020-ի հուլիսին ադրբեջանական կողմը լուրջ աղմուկ էր բարձրացրել  «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության արտադրանքի հետ կապված: Ընկերությունը հայտնի է, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։

Հիշեցնենք, որ 2022-ին ՀՀ ՊՆ-ն միակողմանի որոշել էր լուծարել այս ընկերության հետ պայմանագիրը՝ մեղադրելով պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս