Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
Մեքսիկայի Ազգային ընտրական ինստիտուտն ավարտել է հունիսի 2-ին կայացած նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը։
Գերատեսչության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հաղթող Կլաուդիա Շեյնբաումն ստացել է ընտրողների 59,76 %-ի աջակցությունը՝ դառնալով երկրի առաջին կին նախագահը։ Նրա օգտին իր ձայնն է տվել 35 923 969 մարդ։ Նրա ամենալուրջ մրցակիցը՝ ընդդիմադիր Սոչիտլ Գալվեսը, ստացել է ձայների 27,45 %-ը, իսկ երրորդ տեղն զբաղեցրած Խորխե Ալվարես Մեյնեսը՝ 10,32 %-ը։
Քվեարկությանը մասնակցել է Մեքսիկայի 60 114 180 քաղաքացի։ Մասնակցությունը կազմել է 61,04 %։
Հունիսի 2-ին կայացած ընդհանուր ընտրություններում մեքսիկացիները նաև քվեարկել են կոնգրեսի նոր կազմի համար, որոշել են 8 նահանգների նահանգապետներին և Մեխիկոյի քաղաքապետին։ «Շարունակենք միասին պատմություն կերտել» կառավարամետ կոալիցիան մեծամասնություն է ապահովել խորհրդարանի երկու պալատներում, ինչպես նաև հաղթել է 6 նահանգներում նահանգապետների ընտրություններում։ Մեխիկոյի քաղաքապետի ընտրություններում հաղթել է կոալիցիայի թեկնածու Կլարա Բրուգադան։
Մեքսիկայի նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ընտրություններից չորս ամիս անց՝ հոկտեմբերի 1-ին։ Մեքսիկայի Կոնգրեսի նոր կազմն առաջին նիստը կանցկացնի դրանից մեկ ամիս շուտ:
Այս ընտրություններն առանձնացել են բռնությունների մեծ մակարդակով։ Քրեական կազմակերպությունների կողմից սպանվել են տասնյակ քաղաքական թեկնածուներ և դիմորդներ։