Բաժիններ՝

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով

ԱՄՆ-ն որոշում է ընդունել այցագրային սահմանափակումներ մտցնել մի շարք վրացի քաղաքացիների նկատմամբ՝ կապված Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատման հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է մնում «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողությունների և վերջերս նրա հայտարարությունների և հռետորաբանության առնչությամբ…. Մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար», – ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Վրաստանի իշխանությունների քաղաքականության պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին։

«Սահմանափակումները կվերաբերեն Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար պատասխանատու անձանց, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականներին…. Վիզային սահմանափակումների առաջին փուլը տարածվում է «Վրացական երազանք» կուսակցության անդամների, Վրաստանի խորհրդարանի անդամների, իրավապահ մարմինների աշխատակիցների և մասնավոր անձանց վրա», – պարզաբանել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում չեղարկել Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը:

«Մենք առաջվա պես հույս ունենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց գործողությունները և քայլեր կձեռնարկեն իրենց երկրի կողմից վաղուց հայտարարված ժողովրդավարական և եվրաատլանտյան ձգտումների իրականացման ուղղությամբ։ Բայց եթե նրանք այդպես չվարվեն, ԱՄՆ-ն պատրաստ է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել», – ընդգծել է Միլլերը։

Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաղթահարել է նախագահի վետոն, որը դրվել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Խորհրդարանի խոսնակն օրենքը ստորագրել էր հունիսի սկզբին։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։ Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս