Բաժիններ՝

Կանաչապատման համայնքային հիմնարկը նոր տնօրեն ունի. ավագանու «Լույս» խմբակցության անդամների կանխատեսումներն իրականացան

«Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի նոր տնօրենն Արա Աղայանն է: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները դեռ մրցույթի անցկացման օրը՝ ապրիլի 27-ին էին կանխատեսել՝ ով է լինելու տնօրենը, իրենց տեղեկություններով՝ Աղայանը՝ քաղաքապետի նախկին խորհրդական, այսօր արդեն դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է:

«Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի արդեն նախկին ժ/պ Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում  էլ ասել էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է իրեն ասել, որ հրաժարականի դիմում գրի: Քաղաքապետն ավագանու նիստի ժամանակ ժխտել էր, որ իր կինը կամ որևէ այլ մեկը կարող է խառնվել Քաղաքապետարանի կադրային քաղաքականությանը: 168.am-ի հետ զրույցում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց.

«Փորձը ցույց է տվել, որ այն խոսակցությունները, որոնք պարբերաբար պտտվում են, իրականանալու հատկություն ունեն: Պարոն Աղայանի հետ կապված խոսակցությունները ևս իրականացան: Թե ինչքանո՞վ են մտերիմ, ժամանակը ցույց կտա: Սպասենք, տեսնենք՝ Աղայանն էլ կարժանանա՞ Բեգոյանի բախտին, թե՞ ոչ: Ժամանակին նույն կերպ եկել է Բեգոյանը, աշխատել է, մենք բազմիցս ձայն ենք բարձրացրել, որ նրա մոտ ամեն ինչ հարթ չէ, խոսքն ամենևին չարաշահումների մասին չէ, Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի աշխատանքի մասին է (հեղ.՝ Արմեն Բեգոյանը, մինչև Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ դառնալը, Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի տնօրենն էր): Շատ թեթև միջադեպերից հետո՝ քաղաքապետի, քաղաքապետի տիկնոջ և պարոն Բեգոյանի միջև, ամեն ինչ բացահայտվեց, Բեգոյանը սկսեց բարձրաձայն խոսել»:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները ներկա են եղել մրցույթին: Թեհմինա Վարդանյանը պնդում է, որ Արա Աղայանը հարցերին պատասխանել է, սակայն դրանք հեշտ հարցեր են եղել:

«Քննությանը պրիմիտիվագույն հարցեր էին ընկել իրեն, որոնց ինքը, իհարկե, պատասխանեց՝ փաստարկված, ծավալուն, բայց պրիմիտիվ հարցեր էին, օրինակ՝ մրցույթների անցկացման կարգը, մի երկու տող պատասխանելու բան կար ընդամենը: Այդքանին պատասխանեց, այո, թողեց բավականին խելացի մարդու տպավորություն, բայց այն, որ նա պատահական չի հայտնվել այդտեղ, դրանում վստահ եմ: Թող լավ աշխատող լինի, ծառայի քաղաքին»,- ասաց Վարդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս