Երևանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը հաղթած երկու մասնակիցներից մեկը Հայկ Մարությանի նախկին խորհրդականի մտերիմն է. Ավագանու անդամներ
Երևանի քաղաքապետարանում «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթն արդեն ավարտվել է. 168.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նա որպես դիտորդ՝ հետևել է մրցույթի ընթացքին: Մրցույթում եղել է երկու հաղթող, ինչպես մեզ հետ զրույցում կանխատեսել էր «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանը:
«Առաջին փուլից կտրվեցին երեք մասնակից, երեքն անցան երկրորդ փուլ: Նրանցից ընտրվեցին երկուսը, եռօրյա ժամկետում պետք է լինի քաղաքապետի որոշում, նա պետք է ընտրի երկուսից մեկին: Մեր տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկը փոխկապակցված անձ է, մտերիմ է քաղաքապետի նախկին խորհրդականի հետ, որն այժմ դատավոր է աշխատում»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
«Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի հաստիքի համար մրցույթ հայտարարվել էր դեռ մարտի 13-ին: Այն ժամանակ մրցույթը դատարանի որոշմամբ կասեցվել էր, դատական նիստ է նշանակված հունիսի 16-ին:
«Ի սկզբանե առավոտյան Քաղաքապետարանի մուտքի մոտ ինձ մոտեցավ մրցույթին մասնակցել պատրաստվող անձանցից մեկը, ով տվեց դիմում, որում ասվում էր, և նա բառացի էլ ասաց, որ ուրբաթ օրը հանդիպել են Վահե Խաչատրյանի հետ, ով աշխատակազմի քարտուղարն է, և նա ասել է, որ մրցույթը մինչև հունիսի 16-ը՝ այսինքն՝ դատական նիստը, չի կայանալու, բայց արի ու տես, որ այն կայացել է: Ապրիլի 11-ին ուժի մեջ է մտել Սուրեն Պապիկյանի՝ հրատապ մրցույթներ անցկացնելու հնարավորության մասին որոշումը, որով առաջնորդվելով էլ՝ այս մրցույթն անցկացվել է»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
«Լույս» խմբակցության անդամի խոսքով՝ հաձնաժողովում, բացի օրենքով նախատեսված 5 անդամից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ապրիլի 11-ի որոշմամբ՝ ներառված է եղել նաև Երևանի ավագանու 2 անդամ.
«Երկուսն էլ՝ իշխանական թևի՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: Ո՛չ ԲՀԿ, ո՛չ «Լույս» խմբակցությունները՝ ընդդիմադիր խմբակցությունները, անգամ իրազեկված չեն եղել, որ իրենք էլ կարող են ներգրավվել՝ որպես հանձնաժողովի անդամ: Երեկ աշխատակազմի քարտուղարը մեր խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ, եթե հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեն, ապա դուք էլ կկարողանաք մասնակցել մրցույթին՝ դիտորդի կարգավիճակով: Դուրս է գալիս, որ քիչ չէ՝ հանձնաժողովում ներգրավված երկու անդամներն իշխանական թևից են, մի բան էլ՝ իրենք պետք է որոշեին՝ ընդդիմադիրները մասնակցե՞ն, թե՞ ոչ»:
Մրցույթի արդյունքների մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Երևանի կանաչապատման հիմնարկի տնօրենի մրցույթը հաղթեց երկու մասնակից՝ Արա Աղայանը և Դավիթ Մելքումյանը: Երկուսից մեկին կընտրի քաղաքապետը:
Հ.Գ. Մեզ հասած լուրերով՝ Արա Աղայանը քաղաքապետի նախկին խորհրդական, այսօր արդեն դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է»,- գրել է Խաչատրյանը: