Բաժիններ՝

«Քաղաքապետարանի որ մրցույթը մարդիկ բողոքարկել են, բոլորը դատարանները չեղարկել են՝ խախտումների և կանխակալ վերաբերմունքի համար». Արմեն Բեգոյան

Այսօր Երևանի քաղաքապետարանում «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթ էր անցկացվում: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների պնդմամբ՝ առաջին փուլն արդեն ավարտվել է: ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթին չի մասնակցում, քանի որ այն կազմակերպվել է մի շարք իրավախախտումներով:

«Մրցույթը լիովին համարում եմ անօրինական, քանի որ այդ պաշտոնի համար դեռևս մարտի 13-ին պետք է մրցույթը կայանար, որը դատարանի որոշմամբ կասեցվել էր, դատական նիստը նշանակվել է հունիսի 16-ին: Ես սպասում եմ այդ դատական նիստի որոշմանը, ինձ հետ միասին՝ մոտ 30 մարդ, ովքեր դիմել են: Ես չէի պատրաստվում իմ մասնակցությամբ, այսպես ասած, օրինականացնել այդ ապօրինի մրցույթը»,- ասաց Բեգոյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հրատապ կարգով մրցույթ հայտարարելու որոշումը հիմնված է Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ապրիլի 11-ի որոշման վրա, որով իրավունք է տրվում հրատապ կարգով մրցույթ հայտարարել, սակայն այս պարագայում ևս խախտում է եղել.

«Թողնեմ մի կողմ, թե ինչո՞ւ է Քաղաքապետարանը հենց այս ՀՈԱԿ-ի տնօրենի համար հրատապ մրցույթ անում, այն դեպքում, երբ մի շարք կազմակերպություններ կան, որոնց տնօրենները տարիներով մնում են ժ/պ: Մրցույթն այնքան հրատապ է, որ պետք է արտակարգ իրավիճակի և կորոնավիրուսի պայմաններում անցկացնեն՝ մարդկանց առողջությունը դնելով վտանգի տակ:

Պարոն Պապիկյանի որոշումն ուժի մեջ էր մտնում ընդունումից 10 օր հետո, այսինքն՝ ապրիլի 11-ին: Քաղաքապետը, որ պետք է հիմնվեր այդ որոշման վրա և կայացներ հրատապ մրցույթը, արդեն ամսի 10-ին որոշումը կայացրել էր: Այսինքն՝ ինքը նախօրոք գիտեր, որ 11-ին որոշում է ուժի մեջ մտնելու, սա արդեն օրենքի խախտում է, որոշումը կայացվել է Պապիկյանի որոշման ուժի մեջ մտնելուց առաջ: Քաղաքապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Մրցույթը հայտարարվեց պայծառատեսությամբ, սկզբում պետք է լինի քաղաքապետի որոշումը, հետո նոր մրցույթը հայտարարվի, իրենք հայտարարել են մրցութը 13-ին, քաղաքապետի որոշումը հրապարակվեց ամսի 20-ին: Իրավական առումով ծայրից ծայր ապօրինի մրցույթ է»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է Քաղաքապետարանն այսքան հրատապ մրցույթ հայտարարել՝ այն պարագայում, երբ քաղաքի կանաչապատման աշխատանքներն արդեն սկսված են, Բեգոյանը պատասխանեց.

«Աշխատանքները փայլուն են ընթանում: Աննախադեպ ծավալի աշխատանքներ են կատարվել: Այս պահի դրությամբ 200.000 ծաղկող և չծաղկող թփեր են տնկվել Երևան քաղաքում, տասնյակ կիլոմետրերով: Նման ծավալի աշխատանքներ անգամ Սովետական Միության տարիներին չեն եղել: Իմ աշխատանքի հետ կապված՝ որևէ խնդիր չկա, իմ ղեկավարությունը երբևէ չի կասկածել, որ ես այդ աշխատանքը չեմ կարող անել, դեռ ավելին, երբ ես չէի ուզում տեղափոխվել Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ից այս նոր ՀՈԱԿ, ինձ ասացին, որ, եթե ես չգնամ, միգուցե այդ կազմակերպությունն առհասարակ չստեղծվի, քանի որ, մի փոքր անհամեստ կհնչի, բայց միայն ինձ էին տեսնում այդ պահին, որ կկարողանամ կազմակերպությունը ստեղծել և ղեկավարել»:

Արմեն Բեգոյանը վստահ է՝ մրցույթի ելքը կանխորոշված է.

«Ես այդ կարծիքին եմ, որովհետև նախ՝ գիտեմ Քաղաքապետարանի աշխատակազմի գործելաոճը: Քաղաքապետարանի որ մրցույթը մարդիկ բողոքարկել են, բոլոր մրցույթները դատարանները չեղարկել են՝ խախտումների և կանխակալ վերաբերմունքի համար, օրինակ՝ թերթերը գրեցին, որ վարչության 4 պետերի մրցույթները դատարանը չեղարկել է: Այդ աշխատակազմով անցկացված, այդ աշխատակազմի ղեկավարի անցկացրած բոլոր մրցույթները նախապես կանխակալ են: Այսօր անպայման կլինի հաղթող, ավելի ճիշտ, կլինեն երկուսը, Քաղաքապետարանը միշտ «ստրախովկով» է, հետո քաղաքապետը կընտրի մեկին»:

Արմեն Բեգոյանը բազմիցս նշել է, որ քաղաքապետի կինն անձամբ է իրեն ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրի: Մեզ հետ զրույցում Բեգոյանն ասաց, որ այս բոլոր ապօրինությունները մեկ հոգու ցանկությունը կատարելու համար են.

«Մեկ հոգի չի ուզում ինձ տեսնել այդ պաշտոնին, այդ մեկ հոգու չուզելու պատճառով ամբողջ Քաղաքապետարանը և աշխատակազմն ամեն ապօրինություն անում է, որ օր առաջ ինձ չտեսնեն այդ պաշտոնին: Ես հիմա էլ աշխատանքի վայրում եմ, մինչև կգա նոր «մրցույթում հաղթած» թեկնածուն»:

Արման Բեգոյանի խոսքով՝ «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների մեծ մասն աշխատանքից ազատման դիմում է գրել: Նշենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը որպես դիտորդ՝ ներկա էր մրցույթին, նա Ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Հանձնաժողովը, ըստ օրենքի, ունի 5 անդամ: Նախարարի 11.04.2020 թվականին ուժի մեջ մտած նոր հրամանով՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվել է 2 ավագանու անդամ, երկուսն էլ, իհարկե, իշխող քաղաքական ուժի խմբակցությունից: Իսկ Դուք ի՞նչ էիք կարծում: Կարո՞ղ է կարծում էիք, որ ընդդիմադիրներին էլ կտեղեկացնեին կամ կընդգրկեին: Ի՞նչ կարիք կա: Չէ՞ որ իշխանությունը մեկ անձի շնորհիվ ընտրված՝ ունի 57 ավագանու անդամ: Չէ, ընկերներ, ինչպես ասացի` փոխվել են ժամանակները: Հիմա ամեն ինչ չափից դուրս ազնիվ է: Ազնվորեն ում համակրեն, նա էլ գուցե անցնի: Ինչպես քաղաքապետն է ասում` մնացել է զուգարանները թափանցիկ լինեն: Էս ապուրը դեռ շատ ջուր կվերցնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս