Քոչարյանի փաստաբանը միջնորդել է հետաձգել ՔԿԾ-ի դեմ դատական այսօրվա նիստը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է հետաձգել ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված հայցով այսօր նշանակված դատական նիստը: 168.am-ին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ փաստաբանը Վարչական դատարան հայց էր ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Ռոբերտ Քոչարյանին՝ ապրիլի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ից Քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանին չտեղափոխել Քրեակատարողական հիմնարկ մինչև կորոնավիրուսով պայմանավորված վարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը՝ առնվազն մինչև ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը՝ այն հիմնավորմամբ, որ Ռ. Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն՝ միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված մի քանի ռիսկային խմբում:
Փաստաբանն ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Քրեակատարողական համակարգն իր կառուցվածքով ունակ չէ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են համավարակի դեմ պայքարի համար»:
Նշենք, որ ապրիլի 28-ին Ռոբերտ Քոչարյանին «Երևան-Կենտրոն» Քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների:
Մայիսի 1-ին արդեն հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության պետք է ենթարկվի, ինչից հետո, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի փոխանցմամբ, կորոշվի հիմնական վիրահատությունների ծավալը: