«Ես չեմ ուզում անգամ ձևակերպված ներկայացնել, որ, օրինակ, ինչ-որ դատավոր կարող է օրենքին չենթարկվել». Ռուբեն Մելիքյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավոր իրենց  ներկայացրած «ՀՀ Սահմանադրության փոփոխություն» նախագծով ցանկանում են փոփոխել Սահմանադրության 213-րդ անցումային դրույցը, սահմանելով, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը պետք է դադարեցվի:

Նախագիծը նախ դրվեց ԱԺ արտահերթ նիստում քննարկման, ապա հետ կանչվեց, ինչպես ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց՝ տեխնիկական պատճառներով:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե համոզմունք ունի, որ այս նախագիծն ամբողջությամբ չի կարող ընդունվել:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ այս նախագիծն ամբողջությամբ ընդունվելուն չի էլ հասնի: Հնարավոր է՝ առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունվի: Վստահ եմ, որ համենայնդեպս Ազգային ժողովի կողմից այն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ չի ընդունվելու»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Այդունանդերձ, ըստ իրավապաշտպանի, եթե ընդունենք տեսական հնարավորությունը, որ նախագիծն օրենքի ուժ կարող է ստանալ, ապա առաջանում են բազմաթիվ խնդիրներ:

Իրավապաշտպանը նախ առանձնացնում է Սահմանադրության ներքին հակասության խնդիրը: Ըստ Մելիքյանի՝ նախ փոփոխություն են փորձում կատարել մի հոդվածում (խոսքը 213-րդ հոդվածի մասին է), որն իր իրավակարգավորիչ դերը կատարել, ավարտել է 2018 թվականի ապրիլի 8-ին:

Մեկ այլ հարց առաջանում է ՍԴ դատավորների լիազորությունների հարցում:

«Սահմանադրության մեկ այլ հոդված, որը կարող է փոխվել բացառապես հանրաքվեով և չի կարող փոխվել ԱԺ կողմից, սպառիչ ձևով թվարկում է ՍԴ-ի և մյուս դատավորների լիազորությունների դադարման բոլոր հնարավոր հիմքերը: Եվ, բնականաբար, դրա մեջ ներառված չէ ԱԺ կողմից ընդունված այլ հիմք սահմանելու ընթացակարգ՝ թեկուզ Սահմանադրական փոփոխություններով, թեկուզ օրենքով»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Խոսքը ՀՀ սահմանադրության 164-րդ հոդվածի 8 և 9-րդ կետերի մասին է, որոնցով սահմանվում է դատավորների լիազորությունների դադարեցման կարգը: Ըստ այդ հոդվածների՝ դատավորի լիազորությունները դադարում են լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա հրաժարականի, մահվան դեպքերում:

Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ դատավորի լիազորությունները` Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

«Այստեղ հարց է առաջանում՝ ո՞ր կանոնը պետք է գործի: Այն կանո՞նը, որը սպառիչ է թվարկում, և այս նոր կանոնը նրանում նեռարված չէ, թե՞ նոր կանոնը: Իրավաբանության մեջ աքսիոմա է, որ եթե կա սպառիչ ցանկ, դա նշանակում է, որ որևէ այլ հիմք, էլեմենտ չի կարող այդ ցանկից դուրս իրավաչափ համարվել: Այսինքն՝ սա ուղիղ նշանակում է՝ մնացած ամեն ինչի բացառում: Հետևաբար՝ նաև Սահմանադրության մեջ ներքին հակասություն է առաջանում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ արդյունքում առաջանում է իրավական խառնաշփոթ:

Իրավապաշտպանից հետաքրքրվեցին՝ արդյոք նախագծի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում ՍԴ դատավորները կարո՞ղ են չենթարկվել ու չդադարեցնել իրենց լիազորությունները:

«Ես արդեն ներկայացրեցի այն նկատառումները, որ առկա կլինեն Սահմանադրության մեջ: Ես չեմ ուզում անգամ ձևակերպված ներկայացնել, որ, օրինակ, ինչ-որ դատավոր կարող է օրենքին չենթարկվել: Այստեղ խնդիրն այն է՝ իսկ ո՞րն է օրենքը: Օրենքը նախ պետք է իրավական լինի, և, եթե կա մեկ օրենք, որը մի բան է սահմանում, և մեկ  այլ օրենք, որը մեկ այլ բան է սահմանում, այստեղ առաջանում է օրենքների միջև կոլիզիայի լուծման խնդիր»,- հարցին ի պատասխան՝ ասաց Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ, օրինակ, հայկական  իրավական համակարգում կոլիզիաների դեպքում այլ հավասար պայմաններում ավելի բարձր իրավական ուժ ունի առավել վաղ ընդունված օրենքը, ոչ թե առավել ուշ ընդունված օրենքը, որն էլ, ըստ իրավապաշտպանի,  լրացուցիչ գործոն է հօգուտ նրա, որ այս օրենքը կարելի է անգամ համարել «օրենք՝ ոչ մի բանի մասին»:

 

Տեսանյութեր

Լրահոս