«Ձեզ համար դա հեղափոխություն է, մեզ համար դա հեղափոխություն չէ, Ռուսաստանի համար հարաբերությունները մնում են նախկինի նման». Մոդեստ Կոլերով

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

– Դեկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ այնտեղ կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Տեղի են ունենալու նաև երկկողմ հանդիպումներ: Օրեր առաջ նրա մամուլի խոսնակն ասել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործընկերությունը հիմնված է բարեկամության և ռազմավարական հարաբերությունների վրա, և վերջին ժամանակներս ստեղծվել է հարաբերությունների նոր մակարդակ։ «Թավշյա և ոչ բռնի հեղափոխությունից հետո առկա են արդյունավետ շրջանակներ մեր երկրների միջև համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել 6 հանդիպում, այս տարի 4 անգամ տեղի է ունեցել 2 երկրների վարչապետների հանդիպումը: Սա վստահության մակարդակի արտահայտում է, որն առկա է երկու երկրների միջև»,- նշել էր նա: Համամի՞տ եք այս գնահատականին և ի՞նչ ակտուալ հարցեր կան այսօր հայ-ռուսական հարաբերություններում, որոնք տեղ կգտնեն նաև ղեկավարների մակարդակով հանդիպման օրակարգում:

– Նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, ընդունում է, որ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր բովանդակությունը ռազմատեխնիկական համագործակցությունն է: Դա այն բանի արդյունքն է, որ Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին լուրջ զեղչ սպառազինության գնման հարցում, առանց նման զեղչերի՝ Հայաստանը ոչ միայն չէր կարողանա ստանալ սպառազինություն, բայց ամենակարևորը՝ չէր կարողանա Փաշինյանի բերանով հայտարարել, որ հաջորդ տարի մատակարարումներն աճելու են: Այս ամենի պատճառը արտոնյալ գներն են Ռուսաստանի կողմից:

Երկրորդ՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ կասեմ, որ այդ միությունը մնում է պրոյեկտ փոխադարձ ինտեգրացիայի մասին: Մասնակից երկրների տնտեսություններում, բացի ռազմավարական ռեսուրսներից՝ ատոմային էլեկտրակայան, գազային մատակարարում, երկաթուղի, բարդ է ասել, թե է՞լ ինչում Ռուսաստանը տնտեսապես գոյություն ունի Հայաստանի տարածքում: Կարելի է ասել, որ Ռուսաստանը տնտեսապես ներկա է ՀՀ տարածքում մեծապես՝ ոչ թե ներդրումների միջոցով, այլ՝ աշխատողների միջոցով, հայերի, որոնք իրականացնում են փոխանցումներ, այդ գումարներն ավելի մեծ են, քան ներդրումները, բայց իրենք՝ աշխատողները, երկաթուղին, ատոմային էներգետիկան, գազային հարցը չեն վերաբերում այն կետերին, որոնց շուրջ որոշումներ են կայացվել:

Հասկանում եմ, որ մամուլի քարտուղարը պետք է քարոզի հեղափոխությունը, բայց մենք՝ որպես պատմաբաններ, պետք է հիշենք, որ չկա հեղափոխություն, չի լինում հեղափոխություն, երբ այն չի շոշափում նախագահին: Այդ ի՞նչ հեղափոխություն է, երբ նախագահը մնում է նույնը: Եթե տնտեսական կառուցվածքի հիմքերն են նույնը մնում: Կառավարությունը փոխվել է փողոցային բողոքների միջոցով, դա հեղաշրջում է, իսկ հեղափոխությունը հիմքերի փոփոխությունն է՝ տնտեսության, քաղաքականության, իսկ ձեր մոտ տնտեսությունը նույնն է, «գաստարբայտերները» նույնն են, «Գազպրոմը»՝ ևս, նախագահը նույնն է, ոչ մի նոր բան:

– Հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս վստահության մակարդակն ինչպիսի՞ն է:

– Ռուսաստանի կողմից վստահություն կա, դա ակնհայտ է, իսկ հայկական կողմից՝ չկա:

– Ինչո՞վ է դա արտահայտվում՝ ըստ Ձեզ:

– Դա արտահայտվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել ստեղծել ամենամեծ հետախուզական ցանցն աշխարհում, և այդ հետախուզությունը պետք է հիմնվի Սփյուռքի վրա, և Սփյուռքի ողջ հայությունը պետք է միաժամանակ դառնա ՀՀ քաղաքացի: Մի՞թե դա բարեկամական քայլ է Ռուսաստանի հանդեպ: Ոչ բարեկամական է, մեր կողմից ամեն ինչ լավ է, ձեր կողմից՝ ոչ: Այդ թեմային ես ավելի վաղ անդրադարձել եմ ավելի մանրամասն:

– Պարոն Կոլերով, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հոկտեմբերի Փաշինյան-Պուտին հանդիպմանը պաշտոնական այցերի պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանի այցին կհաջորդի՞ ՌԴ նախագահի պաշտոնական այց: Այս հարցն ուղղում եմ, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո անընդհատ խոսվում էր ՌԴ նախագահի այցի մասին, սակայն այն տեղի ունեցավ բավականին մեծ ուշացմամբ և եղավ աշխատանքային բնույթի այց:

– Այց տեղի կունենա, այո:

– Ըստ Ձեզ՝ այդ այցերը տեղի են ունենում ժամանակի՞ն, թե՞ ուշացած են, չնայած նախորդ շրջանում ինտենսիվ շփումներ եղել են ղեկավարների միջև, սակայն դրանք չեն եղել պաշտոնական այցերի շրջանակում:

– Ոչինչ չեմ կարծում այդ մասին: Ձեզ համար դա հեղափոխություն է, մեզ համար դա հեղափոխություն չէ, Ռուսաստանի համար հարաբերությունները մնում են նախկինի նման: Դուք կարող եք նոր հազարամյակ հայտարարել հեղափոխությունից հետո, բայց մեզ մոտ այլ հաշվարկներ են, մենք համարում ենք, որ ամեն ինչ նախկինի նման է, նախկինի նման ռազմավարական հարաբերություններ:

– ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ արեց չվաճառել սպառազինություն Ադրբեջանին: Ինչպիսի՞ն կլինի այս կոչի ազդեցությունը:

– Պաշտոնական արձագանքներ եղել են արդեն Լավրովի, Կոսաչյովի կողմից, նրանք նշել են, որ Ռուսաստանը հետաքրքրված է հավասարակշռության պահպանմամբ: Իսկ Ադրբեջանը իրեն չի հայտարարել ՀԱՊԿ-ի թշնամի, ուստի ՀԱՊԿ շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ճնշում պահանջել չի հաջողվում: Ավելին, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ունի իրավունք դիմել իր գործընկերներին ռազմական աջակցության անհրաժեշտության դեպքում, կարող է ասել, որ, օրինակ՝ Իջևանում կամ Նախիջևանում կրակում են, օգնեք: Հայաստանը դիմե՞լ է, ոչ, նշանակում է, որ ագրեսիա չկա, եթե չի դիմել, նշանակում է, որ ագրեսիայի զոհ չէ, եթե ագրեսիայի զոհ չէ, ուրեմն չի կարող պահանջել չվաճառել սպառազինություն: Իսկ ի՞նչն է խանգարում համարել ագրեսիայի զոհ, եթե մենք գիտենք, որ կրակոցներ կան, եթե կան կրակողներ, ինչո՞ւ դա չեք անվանում ագրեսիա, խնդրեմ, այսօր անվանեք դա ագրեսիա, վաղը խնդրեք ռազմական աջակցություն: Ո՞վ է խանգարում դա անել: Արդեն հետո, երբ կպահանջեք ռազմական աջակցություն, իհարկե, Հայաստանը իրավունք կունենա ասել, որ մենք աջակցություն ենք խնդրել, իսկ Դուք սպառազինություն եք վաճառում: Իսկ այսպես մի փոքր տարօրինակ է ստացվում:

– Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում, որին նախորդեցին ու հաջորդեցին ուշագրավ զարգացումներ: Եթե հետևել եք դրանց, ինչպե՞ս եք գնահատում բանակցային այս գործընթացը:

– Մենք վաղուց տեսել ենք, բոլորս գիտենք, որ երկկողմ բանակցությունները՝ իրենց ինտենսիվությամբ, երկարատևությամբ, ակնհայտորեն ունեն ոչ պաշտոնական օրակարգ: Դա ոչ պաշտոնական օրակարգ է՝ մեծ, խոշոր, դա գաղտնի է պահվում բոլոր արտաքին կողմերից, և կարելի է ենթադրել, որ իրական երկկողմ հարաբերությունները՝ Հայաստան-Ադրբեջան, ավելի բարդ են, ավելի բազմաշերտ են, քան թվում է պաշտոնապես:

– Մամեդյարովն ասում է, որ «Լավրովի պլան» է քննարկվում:

– Չկա նման պլան, դա սուտ է, ընթանում են երկարատև, ինտենսիվ բանակցություններ, հենց այդ պատճառով Հայաստանը չի մեղադրում Ադրբեջանին ագրեսիայի մեջ, որպեսզի շարունակվեն երկարատև ինտենսիվ բանակցությունները:

Տեսանյութեր

Լրահոս