«Կոռուպցիոն մեղադրանքներ ներկայացվում են նրանց, ովքեր հրաժարվում են ծառայել Նիկոլ Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով
168TV-ում Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն այս շաբաթ Էդուարդ Շարմազանովն էր:
2018թ. ապրիլյան հեղափոխական իրադարձություններին Ռուսաստանի աջակցության մասին
2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունն իշխանազավթում էր ռևանշիստների կողմից: Ռևանշիստներ ես անվանում եմ նրանց, ովքեր տերպետրոսյանական թևի կամ Ղարաբաղյան հարցում փուլային տարբերակի կողմնակիցներ են, և 1998թ.-ին Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակը, պլյուս՝ ՀՅԴ, փաթեթային լուծման կողմնակիցները հաղթեցին քաղաքական պայքարում: Նրանք հեռացան: Առաջին փուլը տեղի ունեցավ 2008-ին, երբ ռևանշիստները Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքով փորձեցին վերադառնալ իշխանության. դա չստացվեց կամ մասնակիորեն ստացվեց՝ թուլացնելով Հայաստանի իշխանության և պետականության դիրքերը, և վերջնական փուլը տեղի ունեցավ 2018թ. ապրիլին: Սա իմ մեկնաբանությունն է:
Ինչ վերաբերում է ռուսական շահագրգռվածությանը, չեմ ուզում հիմա խոսել այդ մասին, որովհետև միևնույն ժամանակ՝ մենք կարող ենք շատ հստակ խոսել սորոսական շահագրգռվածության, աղանդավորների, գրանտակեր կազմակերպությունների, այն միջազգային շրջանակների շահագրգռվածության մասին, որոնք մշտապես հանդես են եկել հակապետական հայտարարություններով: Ես մի բան կարող եմ ասել, որ տվյալ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը ցիտում էր այլ պետության ներկայացուցիչներին հենց Հրապարակից, իսկ հետագայում մեզ մեղադրում էր ինքնիշխան չլինելու մեջ:
Սա բազմագույն հեղաշրջում, իշխանազավթում էր, որն ուղղված էր Հայաստանի ինքնիշխանության դեմ: Եվ անկախ նրանից՝ ով է համաձայն, ով՝ ոչ, Սերժ Սարգսյանի իշխանությունն այն իշխանությունն էր, որը կարող էր ազգային հարցերում «ոչ» ասել թե Հյուսիսին, թե Հարավին, թե Արևելքին և թե Արևմուտքին:
Մենք հայաստանակենտրոն ենք: Մենք ոչ ռուսամետ ենք, ոչ արևմտամետ: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ մենք «իզմեր» ունենք, և մեր բոլոր քայլերում հստակ ունենք ՀՀ շահը:
ՀԱԿ-ի ու մեր իշխանությունների՝ Ղարաբաղյան հարցում տեսակետների նմանության ու համագործակցության մասին
Ես հաղորդման սկզբում ասացի, որ իշխանության են եկել 98թ. ռևանշիստները, ղարաբաղյան հարցում ոչ ազգային լուծման կողմնակիցները: Ինչ վերաբերում է Առաջին նախագահի թեզին, դրանից հետո այդ թեզն ընտրությունների ժամանակ ստացավ 1 % ձայն: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 4 վարչակարգերից միակի ղեկավարն է, որն Արցախյան և առհասարակ բոլոր կարևորագույն հարցերում պատասխանատվությունն իր ուսերից գցում է՝ ուղղելով դեպի հասարակությունը: Տեր-Պետրոսյանն ունեցել է հայեցակարգ, լավ թե վատ, համամիտ եմ թե ոչ, բայց ունեցել է, Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանն ունեցել են հայեցակարգ ու ներկայացրել են: ՍերԺ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից մինչև Եվրախորհրդարանի ամբիոն, հստակ նշել է, որ պետք է լուծվեն պատճառները, այլ ոչ թե հետևանքները, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանն արհամարհում է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Փաշինյանը որևէ բան չի ասում, պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա, և այստեղ մենք գործ ունենք անպատասխանատու իշխանության հետ: Այո, մենք կողմ ենք փոխզիջումների, բայց դրանք պետք է լինեն խելամիտ սահմանների, 3 սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման ճանաչում:
Այո, Լևոն Տեր-Պետրոսյանի այն ժամանակվա ուղերձն ուղղված է այսօրվա իշխանություններին՝ պատրաստել խաղաղության:
Մենք գիծը քաշել ենք, ասել ենք՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Փաշինյանը երբեք նման բան չի ասել:
Մենք մի հայրենիք ունենք, երկու պետականություն: Բայց Նիկոլ Փաշինյանը գնում է ու Արցախում նման անբովանդակ հայտարարություն է անում՝ «Արցախը Հայաստան է, ու վերջ», և դրանով թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում, Հայաստանը դրանով ուղիղ համարում հակամարտության կողմ, այնինչ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է:
Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
ՀՀԿ-ի գլխավոր խնդիրներից մեկը նա է, որ մշտապես պահպանենք զգոնությունը և թույլ չտանք Արցախյան հիմնահարցում ոչ հայանպաստ զարգացումներ: Դժբախտաբար, այս 1.5 տարին ցույց են տվել, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Վիեննայից, Սանկտ Պետերբուրգից ու Ժնևից, որը դեղին քարտ էր Ադրբեջանին՝ պատերազմը սկսելու համար: Փաշինյանը բարով-խերով դա «ջրեց» ու տեղը ստացավ Դուշանբեի վերելակային դիվանագիտությունը: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝ պետք է երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, հստակ առ այսօր չի ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կարծեմ Անվտանգության խորհրդի նիստում օգտագործեց «Ղարաբաղի հայեր» արտահայտությունը: Սա ի՞նչ ասելու բան է. այսինքն՝ եթե կան Ղարաբաղի հայեր, ուրեմն կան նաև Ղարաբաղի ադրբեջանցինե՞ր…
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն, մենք դեռևս ամիսներ առաջ ենք ասել, որ դա Նիկոլ Փաշինյանի վերջին փամփուշտն է: Այսօրվա իշխանությունը տեսնում է, որ ինքը բոլոր ոլորտներում ձախողել է՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարից: Կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրում են նրանց, ովքեր «չեն կզում» նրա իշխանության առջև, չեն պարում նրա դուդուկի տակ:
Մեզ համար սպասելի էր, և ինչո՞ւ հենց այս ժամանակն ընտրվեց: Միգուցե նաև Բրատիսլավայի հանդիպումը նպաստեց, բայց ավելի կարևոր եմ ուզում համարել Սերժ Սարգսյանի քաղաքական և արտաքին քաղաքական ակտիվությունը: Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին ու նրա ողջ քարոզչամեքենային:
Կոռուպցիայի մասին
Ի՞նչ է, հիմա կոռուպցիա չկա՞: Հիշենք և Դավիթ Սանասարյանի, և փոխնախարարների դեպքը, ինչի՞ 350 000 դոլար աննպատակ ինքնաթիռ վարձել ու թռչել Լոս Անջելես, աննպատակ այցերը, օրինակ, Սինգապուր, Վիետնամ, ի՞նչ արեց, ոչ մի բան: Իսկ որ թաքուն ժողովրդից 1.5 միլիոն դրամ դարձրեց նախարարների աշխատավարձերը: 5 միլիոն դրամ միայն գորգ լվանալու համար են ծախսում: Ըստ մամուլի հրապարակումների՝ 2 միլիոն դոլար ծախսել են պարոն Փաշինյանի առանձնատունը զրահապատելու համար: Սա կոռուպցիա չէ՞: Ես եղել եմ ԱԺ փոխնախագահ: Մենք լավագույն դեպքում պարգևատրում ստացել ենք տարին մեկ անգամ, այն էլ՝ ոչ բոլորը: Հիմա բացեք, նայեք, թե կառավարությունում, ԱԺ-ում, քաղաքապետարանում ինչքան պարգևավճարներ են ստանում:
Ես երբևէ չեմ ասել, որ մեր իշխանությունում սրբեր են եղել: Նախկին իշխանությունն իր բացթողումների ու սխալների համար քաղաքական պատասխանատվություն կրել է: Մենք պետք է նայենք էսօրվա պրոբլեմներին, ու մեր հայացքները պետք է ուղղված լինեն ապագային, որպեսզի մենք չկատարենք մեր պետականության համար աններելի սխալներ:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամենախայտառակն է հեռանալու, որովհետև ինքը խաբել է ժողովրդին, սխալ սպասումներ է առաջացրել:
Նախկին ավտորիտար համակարգի մասին
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ նախկին համակարգն ավտորիտար էր: Բա եթե ավտորիտար էր, իր թերթը ո՞նց է բարգավաճել, ինքը ո՞նց է հայտնվել Պառլամենտում ու դարձել ֆրակցիայի ղեկավար: Բա եթե մեր երկիրն ավտորիտար երկիր լիներ, ինքը ո՞նց է թավշյա հեղափոխություն արել: Ավտորիտար երկրում իրեն չէին թողնի հասներ Ռադիոտուն, նույնիսկ Գյումրիից Վանաձոր չէր կարող հասնել: