«Հայ-իրանական երկաթգծի կառուցման համար գործնական առաջարկ է դրվել սեղանին». «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն
Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ երկու ծրագիր։ Ցանկություն կա, որպեսզի Իրանը Հայաստանի միջոցով և Վրաստանով միանա Եվրոպային։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե հայ-իրանական երկագծի կառուցման ծրագիրն արդյո՞ք ԻԻՀ կառավարության օրակարգում է, և իրանական կողմն ի՞նչ քայլեր է իրականացնում այն կյանքի կոչելու համար։
«Վստահ ենք, որ այս ծրագրի իրագործումը տնտեսական առումով մեծ հեղափոխություն կառաջացնի, այս փուլում մենք դեռևս ուսումնասիրում ենք ծրագիրը, այն գործնական ուսումնասիրության փուլում է, վստահ ենք, որ դրանից հետո անցնելու ենք գործնական քայլերի։ Այս ամենի լավագույն ապացույն այն է, որ վերջերս մեր ճանապարհաշինության նախարարը հանդիպել է իր հայ գործընկերոջը և քննարկել այս ծրագիրը։ Գործնական առաջարկ է դրվել սեղանին, ըստ որի՝ երկաթգծի կառուցման 30 տոկոսը ստանձնի Հայաստանը, իսկ մնացածը՝ Իրանը»,- նշեց Մոհսեն Նարիմանը։
Ըստ նրա՝ բավարար կլինի, որպեսզի Հայաստանն իր սահմանում ապահովի երկաթգծի կառուցման աշխատանքների 30 տոկոսը և շրջանցելով բոլոր քաղաքական խնդիրները, որոնք ունի հարևան երկու երկրների հետ՝ Իրանի միջոցով դուրս գա Պարսից ծոց։
«Իրականում ծրագիրը կյանքի կոչելու համար պահանջվում է երկու երկրների համատեղ ջանքերը, մենք պետք է կարողանանք նպաստել երկու երկրների տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը»,- ընդգծեց Մ. Նարիմանը։
Հիշեցնենք, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագրի մասին 2008 թվականին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ներդրումների շնորհիվ հնարավոր է իրականացնել այդ ծրագիրը։
Նշենք, որ հայ լրագրողները նոյեմբերի 16-20-ը Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ այցելել են Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգ։ Ջուլֆա քաղաքում ծանոթացել են «Արաս» տնտեսական գոտու գործունեությանը, ինչպես նաև այնտեղ պահպանվող հայկական մշակութային արժեքներին։
Զվարթ Խաչատրյան