Երբ հեքիաթները կրկին կողքի բաժնում էին, կամ ինչո՞ւ չստացվեց նորից
Եվրոպայի առաջնության հերթական ընտրական փուլը ավարտված է Հայաստանի ազգային հավաքականի համար։ Ընտրական փուլի արդեն միջնամասում պարզ էր, որ այս անգամ ևս, դժվար թե, ստացվի, բայց հետո եղավ Իտալիայի հետ տնային խաղը, որտեղ ազգային ընտրանին պարտվեց, բայց ցուցադրեց վստահ և հավատ ներշնչող ֆուտբոլ, իսկ հետո էլ հայ ֆուտբոլիստները տանը հրաշալի խաղով հաղթեցին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին՝ մեծ հույս առաջացնելով հայ երկրպագուների մոտ։ Սակայն, այս խաղերին հաջորդեցին ոչ-ոքին հետնապահ Լիխտենշտեյնի հետ և Հունաստանից և Իտալիայից կրած պարտությունները։ Եթե Հունաստանի հետ խաղին շատերը գնացել էին մարզադաշտ, իսկ տանը հետևող երկրպագուներն էլ մինչև վերջին րոպեն հավատում էին լավ արդյունքին, ապա Իտալիայի հետ խաղը մինչև վերջ դիտել կարողացել են միայն շատ ամուր նյարդեր ունեցող երկրպագուները։
Հայաստանի հավաքականը ընտրական փուլերում խաղում է արդեն դասական սկզբունքով՝ ոչ հստակ մեկնարկ, լավ խաղեր միջնամասում, որից հետո երկրպագուները վստահ են լինում հաջորդ փուլ դուրս գալուն և մեկ-երկու անհաջող խաղ, որը կրկին ոչնչացնում է այդքան երկար սպասված հրաշքը։ Բայց, եթե նախորդ անգամները հավաքականին խանգարել է բախտը, մրցավարները, անհաջողությունը և այլն, ապա հիմա տպավորություն է, որ հավաքականի նման խաղում մեղավոր է ոչ ոք՝ բացառությամբ հենց ազգային հավաքականի։ Ինչո՞ւ։
1․ Խնդիրներ, լուրջ խնդիրներ՝ կապված կազմի հետ
Վերջին խաղերում կա հստակ արդարացում՝ «Հենոն չէր խաղում»։ Բայց մի՞թե հիմա արդարացում կարող է լինել այն, որ վերջին տարիների հավաքականի հույսը բացակայում է։ Չէ՞ որ Մխիթարյանը արդեն 30 տարեկան է և չի կարող հավաքականի կազմում անցկացնել ևս 10 տարի՝ մինչև վերջապես տեղի ունենա այդքան սպասված սերնդափոխությունը։
Եթե դիտարկենք վերջին խաղերի օրինակով, կարող ենք նշել, որ հավաքականի կազմում ընգրկված չէին Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը և այլն։ Իհարկե, սրանք լուրջ կորուստներ են, բայց պետք է գիտակցել նաև, որ այս ֆուտբոլիստները արդեն բավականին մեծ են (Մարկոսը արդեն ավարտել է կարիերան հավաքականում)։ Իհարկե, կան երիտասարդ ֆուտբոլիստներ հավաքականում (էրիկ Վարդանյան, Էդգար Բաբայան, Սարգիս Ադամյան և այն), բայց նրանք էլ բավական չեն։ Երիտասարդական հավաքականում (և ոչ միայն) ևս կան ֆուտբոլիստներ, որոնք փորձառու չեն, բայց կարող են ստանալ հավաքականում փորձառություն ձեռք բերելու հնարավորություն։ Մնում է, որ մարզիչները ռիսկի դիմեն և հնարավորություն տան նրանց, իսկ երկրպագուներն էլ հասկանան, որ արդեն պետք չէ կառչել կարիերայի մայրամուտում գտնվող Արաս Օզբիլիսից կամ արդեն վաղուց ակումբ և պրակտիկա չունեցող Յուրա Մովսիսյանից, ովքեր անցկացրել են հրաշալի տարիներ ազգային հավաքականում, բայց արդեն ֆիզիկապես չեն կարող նույն կերպ խաղալ հավաքականում։
Բայց որտեղի՞ց գտնել երիտասարդ ֆուտբոլիստներ և կատարել սերնդափոխություն։
Այս հարցը վերջին տարիներին ամենաարդիականն է և Ֆուտբոլի ֆեդերացիան պարբերաբար նշում է, որ ամեն ինչ անելու է հայեցակարգ ունենալու և մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար։
Առայժմ մնում է միայն սպասել և որքան հնարավոր է շատ փորձելու հնարավորություն տալ երիտասարդներին։
2․ Խնդիրներ ազգային հավաքականի ներսում
Ֆուտբոլի ֆեդերիացիայի և ՀՖՖ գործկոմի միջև կոնֆլիկտների մասին պարբերաբար լինում էին տարբեր խոսակցություններ։ Սա ոչ միայն գործող նախագահ Արթուր Վանեցյանի, այլև Ռուբեն Հայարպետյանի օրոք էր։ Սակայն, այս խոսակցությունները իրական թվացին վերջերս, երբ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը։ Վերջինիս պաշտոնական նշանակումից հետո ՀՖՖ գործկոմի անդամները քննադատեցին այդ որոշումը, նշելով, որ իրենք կողմ չեն քվեարկել այդ նշանակմանը և իրենց հետ նշանակումը չի քննարկվել։ Միայն օրեր անց տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի նիստ, որտեղ անդամները կողմ քվեարկեցին Խաշմանյանի նշանակմանը։
Առհասարակ, տպավորություն է, որ ազգային հավաքականում մթնոլորտը անառողջ է, ինչը լրջորեն ազդում է նաև հավաքականի խաղի վրա։
3․ Նվիրվածության պակաս
Ինչպես նշեցինք հավաքականի ընդհանուր մթնոլորտը ազդում է խաղի վրա։ Տպավորություն է, որ հավաքականը ոչ թե չի կարողանում խաղալ, այլ պարզապես չի ուզում։ Իտալիայի և Բոսնիայի հետ խաղերից հետո մարզադաշտի տարբեր անկյուններից լսվում էր՝ «դե որ ուզում են, խաղում են» արտահայտությունը։ Սա, թերևս, նկարագրում է այսօրվա հավաքականի վիճակը։ Միայն այս կերպ կարելի է բացատրել այն, որ կարևորագույն խաղում 1։0 հաշվով պարտվելիս վերջին րոպեներին ֆուտբոլիստները խախտում են կանոնները, չեն փորձում գոլ խփել ընդամենը 1։0 հաղթելիս և այլն։
Գուցե, հավաքականում նման խնդրի պատճառը նաև այն էր, որ ֆուտբոլիստներից շատերի մոտ չկա մրցակցություն և նրանք վստահ են, որ վնասվածք չունենալու դեպքում հստակ հրավիրվելու են հավաքական։ Ստացվում է, որ հավաքականի ֆուտբոլիստների համար հավաքական հրավիրվելը դարձել է աշխատանք, այլ ոչ թե երկիրը ներկայացնելու պատասխանատվություն։
Ամեն անգամ ընտրական փուլի ավարտին երկրպագուները հիասթափվում են, բայց ունենում են հույս և անհամբեր սպասում են մյուս ընտրական մրցաշարին։ Այս անգամ իրավիճակը փոխվել է և միայն ամենալավատեսներն են հավատում, որ այս հավաքականը մյուս մրցաշարում կարող է ինչ-որ արդյունք գրանցել։ Հիմա կա հստակ գիտակցում, որ ինչ-որ բան պետք է փոխել։ Գուցե հիմա է հենց այն ժամանակը, որ պետք չէ կրկին սպասել հրաշքի և աշխարհի ինչ-որ ծայրից նոր Մխիթարյան գտնելուն, այլ պետք է ռիսկի գնալ, մտածել նորովի և աշխատել, շատ աշխատել:
Սիրարփի Աղաբաբյան