«Աղջիկս գիտեր, որ ես գործուղման եմ, ընդ որում՝ Արցախի Հանրապետություն». Արսեն Բաբայան

22 օր կալանավայրում անցկացնելուց հետո ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ արձակվեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորության դիմաց:

«Բնականաբար, չէի ուզի լինի այնտեղ, որտեղ էի: Բայց ի՞նչ էի անում, անում էի ինձ պարտադրված քայլ. լինել այնտեղ, որտեղ պիտի չլինեի: Տեսակցություն չունենալը, իհարկե, իրենից որոշակի դժվարություններ էր ենթադրում: Բայց ակնհայտ է, որ անչափահաս երեխաներիս ու կնոջս թույլ չէի տալու գալ և բանտում հանդիպել ինձ հետ: Եվ այստեղ շատ ավելի կարևոր էր հեռախոսազանգի թույլտվությունը, որ ուղղակի կարողանայի դստերս հետ հեռախոսով խոսել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով իր տեսակցությունների վրա դրված արգելքին:

Հետագայում տեսակցությունների արգելքի վերացումը, ըստ Ա. Բաբայանի՝ ձևական մարդասիրական գործողություն էր, որն իր մեջ որևէ բովանդակություն չուներ:

Ազատ արձակվելուց հետո երեխաներին տված պատասխանի մասին խոսելիս՝ Բաբայանը 168.am-ին ասաց, որ տղան դեռ 1,5 տարեկան է, ուստի չի «խորանում» այդ հարցում.

«Իսկ աղջիկս գիտեր, որ ես գործուղման եմ, ընդ որում՝ Արցախի Հանրապետություն»,:

Արսեն Բաբայանը որոշել է իրավապաշտպան գործունեությամբ զբաղվել: Ասում է՝ մեղադրյալ լինելը որևէ կերպ չի կարող խանգարել իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելուն:

«Ես իրավապաշտպան գործունեությամբ կարող եմ զբաղվել անգամ ազատազրկված լինելով: Համարենք, որ ես հոկտեմբերի 21-ից զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ, նախ՝ իմ գործով, ապա նաև՝ ծանոթանալով, տեղեկանալով այլ անձանց նկատմամբ կիրառված նույնանման կամ մի փոքր ավելի քիչ ապօրինություններով»,- ասաց Բաբայանը:

Ավելի վաղ 168.amտեղեկացրել էր, որ Բաբայանը վստահ է, թե իրեն առաջադրած քրեական գործը «շատ ուղիղ թելով» կապված է ՍԴ նախագահից ազատվելու՝ իշխանությունների վարած քաղաքականության հետ:

Ա. Բաբայանից հետաքրքրվեցինք, արդյո՞ք ազատության մեջ հայտնվելուց հետո հանդիպել է Հրայր Թովմասյանի հետ, ի պատասխան՝ նա ասաց. «Ոչ»:

Նաև հավելեց, թե ապագայում ևս նման հանդիպում չի նախատեսում, քանի որ դրա առիթը չկա:

«Պարոն Թովմասյանի նկատմամբ ունեմ շատ բարձր հարգանք, որոշակի մտերմություն ունենք նաև, բայց ամեն օրվա ընկերներ չենք, որ ամեն օր իրար տեսնենք, չկա նման բան»,- ասաց Արսեն Բաբայանը:

Եթե «ամեն օրվա ընկերներ չեն», ինչո՞ւ այս հարցում իշխանությունները հենց Բաբայանին ընտրեցին: Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ այսօր օրվա իշխանությունների համար էական չէ, թե ում կընտրեն ու կձերբակալեն:

«Վերջին շրջանում իրավապահ համակարգում մի հետաքրքիր տենդենց կա: Նախ գտնում են մարդուն, գտնում են մի հոդված, փորձում են ինչ-որ վարկած հնարել, անձին ազատազրկել ու փորձել հիմնավորել: Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ դե կներեք, լավ, չստացվեց, թյուրիմացություն էր»,- ասաց Բաբայանը:

Մեր զրուցակիցը չբացառեց, որ իրեն ընտրելը կապված էր նաև վերջին շրջանում Ֆեյսբուքում իր ակտիվության հետ: Ասում է՝ այդ ձևով փորձում էր հուշել իշխողներին, որ չգնան այս ճանապարհով, բայց չէին լսում:

«Դա էլ ուներ իր ազդեցությունը, քանի որ իմ քննադատությունները հիմնականում վերաբերում էին իրավական ոլորտին: Ես միշտ ասում էի՝ տղերք, մի՛ արեք, որովհետև վատ կլինի, որովհետև ես ամաչում եմ, որ եվրոպական որևէ կառույց ՀՀ-ի հետ կապված բացասական եզրակացություն է տալիս»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ այդուհանդերձ պատրաստ է կրել բոլոր այն զրկանքները, որոնք կնպաստեն ՀՀ զարգացմանը:

«Եթե ամեն դեպքում որոշեն, որ մինչև վերջ են թքում ամբողջ օրենսդրության և ամբողջ իրավունքի վրա, ապա չկա այլ տարբերակ, քան պատրաստ լինելն և դրանք կրելը»,- ասաց Բաբայանը՝ հույս հայտնելով, որ ինչ-որ փուլի վերջին սահմանագիծն իշխանությունները չեն հատի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս