«Իրավաբանությունն այս մակարդակի երբեք չի իջեցվել». Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մասին
Այն, որ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է, պնդում են ոչ միայն Բաբայանն ու իր փաստաբանները, այլև շատ իրավապաշտպաններ: Իհարկե, հակադարձումներ ու հերքումներ էլ կան, որոնք պնդում են, թե Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ, և հետևաբար՝ այդ տրամաբանությամբ նրա նկատմամբ չի կարող քաղաքական հետապնդում կիրառվել:
«Քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ: Կարևոր են կոնկրետ գործողությունները, որ իրականացվում են, ու այն, թե որքանով են դրանք քաղաքական, որքանով են իրավական»,- ի պատասխան այդ պնդումների՝ հակադարձում է Արսեն Բաբայանը:
Ըստ Բաբայանի՝ գործի բուն իմաստը քաղաքական է, ինչի մասին վկայում են անգամ քաղաքական իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները: Բաբայանը հիշեցրեց, որ մինչև քրեական գործերի շարք սկսելը՝ օրվա իշխանությունները հայտարարել էին, որ այդ ամենն ուղղված է Սահմանադրական դատարանում՝ նախագահից սկսած, փոփոխություններ անելուն: Ու սա, ըստ Բաբայանի՝ իրեն առիթ է տալիս կարծելու, անգամ վստահ լինելու, որ գործով տրվող նույնիսկ իրավական հիմնավորում պարունակող գործողությունները ելնում են քաղաքական նպատակից, այն է՝ Հրայր Թովմասյանից ազատվելու՝ իշխանությունների ցանկությունից:
«Ես ինձ համարում եմ պատանդ քաղաքական իշխանությունների համար»,- ասաց Արսեն Բաբայանը:
Նա նաև հավելեց, թե հավանաբար իշխանությունները մտածել են՝ «թող Բաբայանը գնա 22 օր ազատազրկվի, մինչև կտա իրենց համար ցանկալի ցուցմունք, որովհետև ենթադրում են, որ մի երկու օր կնստի, խելքը գլուխը կհավաքի, բայց երևի տեսան, որ 22 օր նստեց, ու խելքը վաղուց գլուխը հավաքած էր»:
Բաբայանը վստահ է, որ Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելու կամ նրան պաշտոնից ազատելու նպատակին հասնելու համար գործող իշխանությունները ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնի:
Ա. Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը ևս վստահ է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին ձերբակալելուց առաջ իշխանությունները որոշակի նպատակ են ունեցել:
«Բայց երևի իրենք հասկացան, որ Արսեն Բաբայանը՝ անկախ նրանից, թե քանի օր իրեն կպահեն անազատության մեջ, այն մարդը չէր, ով կարող էր իրենց ուզած ցուցմունքը տալ»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ հավաբանար հենց այդ գիտակցությունն է օգնել իշխանություններին գնալ հաջորդ քայլին ու ազատ արձակել Բաբայանին:
Սահակյանի համար անհասկանալի է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը, թե տեղյակ չէ, որ Արսեն Բաբայանին արգելել են տեսակցել անչափահաս երեխաների հետ, ու դա թյուրիմացություն էր անվանել:
«Ինձ համար տարօրինակ է, որ վարույթն իրականացնող մարմնի ղեկավարը հայտարարում է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, այսինքն՝ թյուրիմացաբար մարդու իրավունք են խախտել»,- ասաց Սահակյանը:
Նա հավելեց, որ, եթե վարույթն իրականացնող մարմինն ընդունում է, որ խախտում է թույլ տվել, ապա պետք է նաև կրի այդ խախտման պատասխանատվությունը:
Լ. Սահակյանը ենթադրում է, որ, օրինակ, նույն տրամաբանությունից ելնելով՝ տարիներ անց գուցե հայտարարեն, որ Արսեն Բաբայանը թյուրիմացաբար 22 օր «նստել է», բայց դրա համար կրկին ոչ ոք պատասխանատվություն չկրի:
Ըստ փաստաբանի՝ Արսեն Բաբայանի իրավունքի խախտման հարցում մեղադրանքի բաժին ունի նաև այն մարդը, ով դրա մասին հայտարարել է, այսինքն՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Լ. Սահակյանը դա բացատրում է նրանով, որ նման քաղաքական գործերով յուրաքանչյուր որոշում հաստատ մի քանի ատյաններով քննարկվում է:
Ավելի վաղ Բաբայանը հայտարարել էր, թե իրեն մեղսագրվող քրեական գործում կան ապացույցներ, որոնք հիմնավորում են իր անմեղությունը, բայց նախաքննական մարմինը դրանք դատարան չի ներկայացրել:
168.am-ի հարցին ի պատասխան՝ Ա. Բաբայանի մյուս փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ այդ ապացույցների շարքում են, օրինակ, գործով անցնող մյուս վկաների ցուցմունքները, որոնց մասին պաշտպանական կողմն իմացել է ոչ թե քրեական գործում եղած նյութերից, այլ մամուլի հրապարակումներից:
Նա հավելեց, որ նախաքննական մարմնի ներկայացուցիչը դատարանում նույնիսկ «հերոսաբար» դիմադրել է, ու անգամ դատարանին չի ներկայացրել այդ ապացույցները:
«Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք կամ ապացույց գոյություն չունի: Չկա մի բան, որը կվկայի այն մասին, որ ինքը կատարել է, նման ապացույց գոյություն ունենալ էլ չի կարող այս մեղադրանքի պարագայում, քանի որ մեղադրանքում շարադրված են հանգամանքներ, որոնք գոյություն չունեն»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Ըստ Վարոսյանի՝ Բաբայանին առաջադրված մեղադրանքի դեպքում անգամ փորձ չի արվել իրականությունը մի քիչ շեղել, որ գործն ավելի համոզիչ լինի, այլ փորձել են իրականության հետ կապ չունեցող մի տեքստ հրամցնել՝ որպես մեղադրանք:
«Իրավաբանությունն այս մակարդակի երբեք չի իջեցվել»,- վստահեցնում է Ե. Վարոսյանը:
Խոսելով իրենց հետագա քայլերի մասին՝ Ա. Բաբայանն ու իր փաստաբաններն ասացին, որ պատրաստվում են օրենքով նախատեսված բոլոր հնարավորություններով պայքարել գործի վերջնական հանգուցալուծման համար:
«Հայտարարում եմ, որ զբաղվելու եմ իրավապաշտպան գործունեությամբ, նպատակ ունենալով թև ու թիկունք լինել բոլոր այն մարդկանց, ում նկատմամբ կիրականացվեն այնպիսի ապօրինություններ, ինչպիսին իրականացվեցին իմ նկատմամբ»,- ասաց Ա. Բաբայանը:
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն աջակցելու և պաշտոնեական կեղծիքներ անելու մեջ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ