Մայրաքաղաքի նոր լեգենդները
Նախանցած կիրակի Ղազախստանում կայացած նախագահական արտահերթ ընտրությունները` որպես քաղաքական գործընթաց, չցնցեցին արևելյան հանդարտ կյանքով ապրող երկիրը: Բնականաբար:
Ինչ-որ իմաստով դա սպասված փաստ էր: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրի միջին աշխատավարձը մոտ 450 դոլարին համարժեք է: Հնարավոր է, որ դա բավարար կամ գոհացնող աշխատավարձ չի: Բայց, եթե այս փաստին գումարենք այն, որ Ղազախստանում գործազրկության ցուցանիշը մոտ 5 անգամ ցածր է մեր ցուցանիշից` ահագին բան կպարզվի: Պաշտոնական տվյալներով՝ Ղազախստանում գործազրկությունը 4.9 տոկոս է (Ռուսաստանում այն 5.2 տոկոս է, Գերմանիայում` 3.9, Ֆրանսիայում` 9.4): ԵԱՏՄ անդամ մեր գործընկեր երկիրը շատ հարցերով է հանելուկային ու խորհրդավոր:
Խորհրդային տարիներին ղազախները երկրի բնակչության 40 տոկոսից պակաս էին: Անկախություն ստանալուց հետո պարզվեց, որ իր տարածքով Ղազախստանն աշխարհի 9-րդ երկիրն է: Բայց բնակչությամբ 64-րդն է: Այս հսկայական երկիրն ընդամենը 18-18.4 մլն բնակչություն ունի: Անկախության շրջանում բնակչության ազգային կազմը կտրուկ փոխվել է: Ղազախները հիմա կազմում են մոտ 63 տոկոս:
Ռուսները բնակչության մոտ 24 տոկոսն են, իսկ ուզբեկները` մոտ 3, ուկրաինացիները` մոտ 2: Ղազախստանում հիմա էլ ափսոսանքով են նշում, որ անկախության տարիներին պատմական հայրենիք արտագաղթեցին գերմանացիները: Ղազախստանը՝ որպես երկիր, մեկ փաստով էլ է առանձնահատուկ` 20-րդ դարում մայրաքաղաք փոխած եզակի երկրներից է:
1997թ. մայրաքաղաք հռչակվեց հյուսիսային 270 հազար բնակչություն ունեցող Ակմոլա քաղաքը: 20-րդ դարում մայրաքաղաք փոխել իրենց թույլ են տվել միայն շատ աղքատ կամ չափազանց հարուստ երկրները: Տարօրինակն այն է, որ Ղազախստանը կարելի է համարել և՛ աղքատ, և՛ հարուստ երկիր: Ի վերջո, էկերգակիրների արտահանման դիմաց ստացված միջոցները հնարավորություն տվեցին կառուցել նոր քաղաք: Մայրաքաղաքի վերանվանման վրա առանձնահատուկ չտանջվեցին ու կոչեցին Աստանա, որ թարգմանաբար հենց մայրաքաղաք է նշանակում (հավանաբար, երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այդ պահից ի մտի ուներ, որ նոր մայրաքաղաքը, ի վերջո, իր անունն է կրելու):
Նոր մայրաքաղաքն արդեն 2017թ. 1 մլն-ից ավելի բնակչություն ուներ: Քաղաքի վերակառուցման մրցույթում հաղթեց ճապոնական քաղաքաշինական ընկերություն: Ուստի քաղաքում նկատելի է և ժամանակակից եվրոպական, և ժամանակակից ու ավանդական արևելյան քաղաքաշինական ոճը: Իշիմ գետի ափերի կառուցված քաղաքը շատ քամոտ է: Երևի քամոտ լինելու առանձնահատկությունն էլ ստիպել է քաղաքային իշխանություններին ու բնակչությանը քաղաքը մաքուր պահել:
Տեղացիներն ասում են, որ նախկին քաղաքապետներից մեկը քաղաքի մաքրությունն իր պատվի գործն էր հայտարարել ու օրենսդրական ու կամային բոլոր միջոցներով տնտեսվարողներին ու բնակիչներին ստիպում էր մաքրել իրենց շրջապատը: Մաքրությունը հիմա Նուր-Սուլթան վերանվանված քաղաքի ամենաբնորոշ առանձնահատկությունն է (եկեք թաքցնեմ նախանձս ու այս թեմայի մասին ոչինչ չավելացնեմ): Կարծում եմ՝ քաղաքագետներին, սոցիոլոգներին, կառավարման ոլորտի ու այլ մասնագետների հետաքրքիր կլինի ուսումնասիրել, թե ինչպես է հնարավոր երկրի փոքր քաղաքը դարձնել մայրաքաղաք (Ալմա-Աթին իր 1.85 մլն-ը գերազանցող բնակչությամբ դեռևս երկրի ամենամեծ քաղաքն է):
Ի վերջո, հետաքրքիր է պարզել, թե կառավարչական ադմինիստրատիվ ինչ հմտություններ են պետք, որպեսզի իրենց ոլորտներում կայացած մասնագետներին հնարավոր լինի համոզել տեղափոխվել նոր բնակավայր: Ի վերջո, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների, գիտնականների, միջին օղակների կառավարիչների և այլոց տեղափոխությունը բացասաբար կարող է ազդել մյուս քաղաքների վրա: Ճապոնական քաղաքաշինարարները հաջողել են կատարել պատվիրատուի բոլոր պահանջները: Նոր մայրաքաղաքում ամեն ինչ կառուցվել է` ադմինիստրատիվ շենքերից՝ մինչև Ազգային օպերայի ու բալետի թատրոն, պատկերասրահներից՝ մինչև մարզասրահներ, գիտակրթական շինություններից՝ մինչև Պիոներ պալատներ:
Ճապոնացի ճարտարապետները նույնիսկ մեծ թենիսի բացօթյա կորտ էին կառուցել: Բայց հետագայում այն ստիպված են եղել շինության մեջ վերցնել` մշտական քամիները թենիսի բաց մրցումների հնարավորություն չեն տալիս: Նուր-Սուլթանում գործում է 13 բուհ, որոնցից միայն երկուսն են ֆիլիալներ: Որքան էլ տարօրինակ է՝ մայրաքաղաքում մզկիթների քանակը լիովին համադրելի էր քրիստոնեական (ուղղափառ և կաթոլիկ) եկեղեցիների քանակին:
Ասել է թե՝ Ղազախստանը կրոնական հարցերում տոլերանտ երկիր է: Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե անաչառ չեմ և Ղազախստանի մայրաքաղաքի մասին միայն դրական փաստեր եմ արձանագրում, թվարկենք թերությունները:
Նուր-Սուլթանի մյուս զարմանալի առանձնահատկությունն այն էր, որ բնակչության ռուսերենի իմացությունը մայրենիի մակարդակի էր` վարորդից մինչև մտավորական: Ավելին, համարյա բոլոր դասախոսները, ԱԳՆ աշխատակիցները պնդում էին, որ ռուսերենին ավելի վարժ են տիրապետում, քան մայրենիին: Երկրորդ՝ մայրաքաղաքում գրախանութներ չհանդիպեցի:
Գրախանութները գործում էին միայն առևտրային մոլերի տարածքում, որոնց առատությամբ երևանցիներին չես զարմացնի: Կարծում եմ՝ Ղազախստանի մասին մենք տեղեկատվական պակաս ունենք: Ի վերջո, խոսքը մեր հետ նույն մաքսային տարածքում գտնվող երկրի մասին է: