Տնական մեթոդներով երեխային մի՛ բուժեք. Քութեշը` հոդերի, երիկամի, սրտի, նշիկների վնասման պատճառ

Քութեշը սուր վարակիչ հիվանդություն է՝ հարուցված A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկով։ Սովորաբար հանդիպում է երեխաների շրջանում և ընթանում է մարմնի մեծ մասը պատող կարմիր մանր կետավոր մաշկային ցանավորմամբ։ Տարածման, կանխարգելման ու բուժման մասին զրուցել ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական բաժնի վարիչ, բժիշկ-վարակաբան Անահիտ Առաքելյանի հետ։

 – Ինչպիսի՞ հիվանդություն է քութեշը։

– Քութեշը սուր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկն է, և կլինիկական հիմնական նշաններն են՝ բարձր ջերմություն, թարախային անգինա, մարմնի ցան։ Ինչպես ցանկացած վարակիչ հիվանդություն՝ քութեշն էլ ունի շրջաններ՝ գաղտնի, ծաղկման և լավացման։

Կարդացեք նաև

Գաղտնի շրջանը կարող է տևել 1-3 օր, բայց այդ ընթացքում երեխան վարակիչ է։ Հետո սկսվում են կլինիկական նշանները՝ բարձր ջերմություն, անգինայի երևույթներ, իսկ 2-րդ կամ 3-րդ օրը դիտվում է առատ ցան։ Սկզբնական շրջանում ցան կարող է դիտվել կրծքավանդակի վերին հատվածում, ապա տարածվել ամբողջ մարմնով։ Լինում է մանր կետավոր ցան, իսկ քիթ-շրթունքային եռանկյունին ցանից զերծ է լինում։ Քութեշին բնորոշ է նաև ծալքերի շրջանում՝ թևատակ, արմնկափոս, աճուկ, մուգ կարմիր բծերի առկայությունը։ Երեխայի մաշկը լինում է սագամաշկի նման, ինչը միայն քութեշին է բնորոշ, ու երբ ձեռքով սեղմում ես, այդ հատվածում մինչև 15-20 վայրկյան կարող է ձեռքիդ տեղը մնալ։ Դրսևորվում է նաև թարախային անգինա, իսկ լեզուն մորու նման է դառնում։ Սկզբում լեզուն պատված է լինում սպիտակ փառով և տակից սպիտակ կետիկներն արտահայտված են լինում, ինչն առաջին հայացքից հիշեցնում է մորու։ Երեխայի բկանցքը դառնում է ալ կարմիր։

Քանի որ թարախային անգինա է լինում, երեխաների մեծ մասը հրաժարվում է սննդից, և անգամ ջուր խմելը ցավ է պատճառում։ Այս դեպքում սնունդը պետք է լինի գոլ կամ սառը վիճակում։ Երբ երեխան հիվանդանում է՝ մայրիկները սկսում են տաք թեյեր, ապուրներ տալ, իրականում, նման դեպքերում, տաքն ավելի է վատացնում վիճակը, քանի որ այտուցն ավելանում է, ցավերը՝ շատանում։

Բակտերիաներն ինչպե՞ս են հայտնվում երեխայի օրգանիզմում։

– Հիվանդ մարդու հետ շփման արդյունքում։ Պարտադիր չէ, որ երեխան շփվի քութեշով հիվանդի հետ։ Ստրեպտոկոկային վարակ ունեցողի հետ շփվելիս էլ է վարակվում, օրինակ, թարախային անգինայի դեպքում։ Քութեշը բնորոշ է 2-9 տարեկան երեխաներին։ Կարևոր է անձնական հիգիենայի պահպանումը՝ հաճախակի լվացվելը։

Որո՞նք են քութեշի հետևանքով առաջացող բարդությունները։

– Ուշադրության է արժանի ռևմատիկ տենդը։ Եթե ճիշտ բուժում չիրականացվի՝ կարող են առաջանալ բարդություններ՝ ռևմատիկ տենդ, օստիտ, սինուսիտ։ Կարող է ազդել երիկամների վրա։ Նշեմ, որ երբ մեծ տարիքում ռևմատիկ հիվանդություններ են հայտնաբերվում, ռևմատոլոգներն ասում են, որ սրանք մանկական տարիքում չբուժված ստրեպտոկոկային վարակներն են։ Որպեսզի բարդություններ չլինեն, պետք է նշանակված 10-օրյա հակաբիոտիկները խմեն։

Ընդգծեմ, որ ցանավորումը կարող է տևել 3-7 օր։ Ցանավորումից հետո թեփոտման շրջանն է ու մայրիկները երբեմն ասում են՝ հագուստը փոխելիս ալյուրի նման հետքեր են մնում հագուստին, իսկ ձեռքերի և ոտքերի մաշկը սկսում է թիթեղի նման պոկվել։ Ձեռնոցների և գուլպաների սինդրոմ է դա կոչվում։ Մայրիկների մոտ խուճապ է լինում սովորաբար, քանի որ արդեն հիվանդանոցում չեն լինում, բայց այստեղ վտանգավոր որևէ բան չկա։ Դա հիվանդության վերջնական փուլն է․ ընդամենը պետք է քսուքներով խոնավեցնել երեխայի մաշկը՝ դիսկոմֆորտ չլինելու համար։

Բուժման ի՞նչ եղանակներ կան։

– Եթե բկանցքում հայտնաբերվել է A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկ և կան կլինիկական նշաններն ու երեխան 2 տարեկանից մեծ է, անպայման պետք է ստանա սպեցիֆիկ բուժում։ Արագ թեստեր կան, որ կատարում և 20 րոպեում արդյունքն իմանում են՝ բկանցքում կա՞ տվյալ ինֆեկցիան, թե՞ ոչ։ Երեխան 10 օր պետք է հակաբիոտիկ ստանա, և ուզում եմ ծնողներն էլ ուշադիր լինեն։ Երբ 3-4 օր հետո երեխան լավ է լինում ու բուժումը շարունակելու համար տուն ենք ուղարկում, ու մայրիկները, տեսնելով, որ երեխան լավ է, որոշում են նրան «ավելորդ» դեղորայք չտալ, սա շատ սխալ է ու հանգեցնում է կրկնավարակի։

Լինում են դեպքեր, որ բարձր ջերմության դեպքում մայրիկները օշարակներ են տալիս երեխային, ու, երբ ցան է լինում, մտածում են՝ օշարակից է, տալիս են հակաալերգիկ դեղորայք կամ ինքնուրույն որոշում են հակաբիոտիկով բուժել ու տարիներ հետո երեխայի մոտ երիկամային, սրտային, ռևմատիկ խնդիրներ են լինում։

Կարո՞ղ ենք ասել, որ հաճախ անգինայով հիվանդացող երեխաները ռիսկի խմբում են։

– Այո, ուղղակի ոչ միշտ է, որ թարախային անգինաների պատճառը կարող է լինել բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկը։ Բազմաթիվ այլ միկրոբներ կան, որոնք ևս կարող են առաջացնել թարախային անգինա։ Հաճախակի անգինայով հիվանդացող երեխաների մայրիկներին ուզում եմ հորդորել, որ անպայման այցելեն բժշկի, կատարեն հետազոտություններ, քանի որ հետագա բարդությունները կարող են վտանգավոր լինել երեխայի կյանքի համար։

Քութեշը և ջրծաղիկն ունե՞ն նմանություններ։

– Բժշկի համար՝ ոչ։ Ցանի բնույթը տարբեր է։ Քութեշի դեպքում երեխան միանգամից ցանավորվում է՝ բացի քիթ-շրթունքային եռանկյունուց։ Ջրծաղիկը սկսվում է բարձր ջերմությամբ՝ 1-2 օր, հետո՝ եզակի ցանային էլեմենտներ, և տարածումն աստիճանաբար է լինում։

Քութեշի դեպքում ևս կարող է քոր լինել։ Քութեշին բնորոշ է սրտի ռիթմի խանգարումը, երբ սրտի աշխատանքը մի փոքր դանդաղում է, իսկ 2-3 շաբաթ անց երևույթն անցնում է։ Բնորոշ է նաև պարանոցի հատվածում լիմֆատիկ հանգույցների մեծացումը։ Սա վերահսկելի և բուժելի է, ուղղակի պետք է հետևել մասնագետի խորհրդին։

Քութեշի դեպքում երեխային լողացնել կարելի՞ է։

– Խորհուրդ եմ տալիս լողացնել, որովհետև երեխայի մաշկի հիգիենան կարևոր դեր ունի, նպաստում է արագ ապաքինմանը։ Երեխային չի կարելի լողացնել միայն այն դեպքում, երբ ունի բարձր ջերմություն՝ 38 աստիճան և ավելի։

Քութեշն ուղեկցվում է անգինայով. ճի՞շտ են աղաջրով ողողումները։

– Աղաջրով ողողումը չի վնասի, կարևորը՝ տնական այլ մեթոդներով բուժումներ չանեն։ Տատիկների հին մեթոդներով չի՛ կարելի ողողումներ անել։ Դեպքեր են եղել, երբ տնական միոցներով փորձել են մաքրել կոկորդի թարախային փառը՝ զանազան նյութերով, գդալով ու էլ ավելի են վատացրել երեխայի վիճակը, որովհետև նշիկները փխրուն գեղձային օրգաններ են, որոնց վնասելը կարող է լուրջ ու բարդ հետևանքներ ունենալ։ Հիմա հատուկ սփրեյներ կան կոկորդի համար, որոնք անվտանգ են, հարմարեցված են տվյալ տարիքի երեխայի առանձնահատկություններին և շատ լավ օգնում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031