Մտադի՞ր է ԱՄՆ-ն միջամտել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը. սենատոր Լինդսի Գրեմի պարզաբանումը
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգների խնդիրը չէ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությունը, և որ ԱՄՆ-ն չպետք է միջամտի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեիի սպանությունից հետո ստեղծված իրավիճակին:
Պատասխանելով հաղորդավար Քրիստեն Ուելքերի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ունի ծրագիր, որը երաշխավորում է, որ Իրանի ապագան կորոշեն հենց իրանցիները, և որ Իրանն այլևս չի լինի «ահաբեկչության հիմնական հովանավոր պետություն», Գրեմը հայտարարել է, որ դա ամերիկացիներից կախված չէ:
«Դա ո՛չ նրա, ո՛չ իմ պարտականությունների մեջ չի մտնում»,- ասել է Գրեմը: «Քանի՞ անգամ պետք է ձեզ կրկնեմ: Մեր խնդիրն է համոզվել, որ Իրանն այլևս ահաբեկչության խոշորագույն հովանավոր պետությունը չէ, օգնել ժողովրդին ձևավորել նոր կառավարություն: Ոչ մի գործողություն տեղում»:
Միևնույն ժամանակ, հարցազրույցի ընթացքում Գրեմը պնդել է, որ Միացյալ Նահանգների շահերից էր բխում համոզվել, որ Խամենեին մեռած է:
«Ամերիկայի շահերից է բխում համոզվել, որ Իրանն այլևս չի կարող լինել ահաբեկչության խոշորագույն պետական հովանավոր»,- ասել է ամերիկացի սենատորը:



