Բաժիններ՝

Նեթանյահուն խոստացել է սաստկացնել Թեհրանի ուղղությամբ օդային հարձակումները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է առաջիկա օրերին ուժեղացնել Թեհրանին հասցվող օդային հարվածները՝ հայտարարելով, որ իսրայելական զինուժը Իրանի դեմ իր արշավում դեռևս «ամբողջ ուժով» ներգրավված չէ։

«Ես հրահանգել եմ շարունակել արշավը… Մեր ուժերը հիմա հզոր հարված են հասցնում Թեհրանի կենտրոնին, և առաջիկա օրերին իրավիճակը միայն սրվելու է»,- տեսաուղերձում հայտարարել է Նեթանյահուն:

Նա նաև ցավակցություն է հայտնել Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածների հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ նշելով, որ իր երկիրը «ցավալի օրեր» է ապրում:

Կիրակի օրվա հրթիռակոծությունն առնվազն ինը մարդու կյանք է խլել իսրայելական Բեյթ Շեմեշ քաղաքում, ինչը դարձել է պատերազմի սկզբից երկրում ամենաշատ զոհեր պատճառած հարվածը:

«Երեկ այստեղ՝ Թել Ավիվում, և հիմա Բեյթ Շեմեշում մենք մեզ համար թանկ մարդկանց կորցրեցինք: Ես ի սրտե ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և ձեր բոլորի՝ Իսրայելի քաղաքացիների անունից, շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»,- ասել է Նեթանյահուն:

Իսրայելը հարված է հասցրել Իրանին փետրվարի 28-ի առավոտյան: Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության սկսվելու մասին։ Խոցվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև տարրական դպրոց Մինաբ քաղաքում։

Այս հարձակումների հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդը, ինչպես նաև երկրի ռազմական ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս