ՄԱՐԴ ԿԱՐԱ ՍԽԱԼՎԻ. ՇԱՏ ԵՄ ՍԽԱԼՎԵԼ, ԲԱՅՑ «ՖԱԼՇ» ՉԵՄ ԱՊՐԵԼ. ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ նախկին փոխխոսնակն այս անգամ խոսում է ոչ թե քաղաքականության, այլ իր մարդկային պատմությունների մասին՝ մանկության հիշողություններից մինչև ընտանեկան սկզբունքներ։

Անկեղծ զրույցում Շարմազանովը բացահայտում է կյանքի այն դրվագները, որոնք քիչ են հանրայնացվել։ Նրա խոսքով՝ մանկության տարիներին ֆուտբոլն իր մեծ սերն էր, սակայն ընտանիքում առաջնայինը կրթությունն ու կարգապահությունն էին։
«Հորիցս թաքուն ջութակի պատյանի մեջ դնում էի ֆուտբոլային պարագաներս ու գնում մրցումների։ Մի անգամ մրցման ժամանակ հայրս այնտեղ էր, տեսավ ինձ, ասաց՝ մեկ է, պատժվելու ես, բայց եթե լավ չխաղաս՝ երկու անգամ ես պատժվելու»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ այն տարիներին երեխաներն ավելի զուսպ էին իրենց ցանկություններում ու պահանջներ չէին ներկայացնում ծնողներին, հիշում է, երբ առաջին անգամ Երևան էին եկել, կոշիկները փոքր էին, սեղմում էին:
Շարմազանովը խոստովանում է՝ երբեք չի փորձել իրեն ներկայացնել իդեալական կերպարով.«Մարդը կարող է սխալվել։ Ես շատ եմ սխալվել, բայց ես «ֆալշ» չեմ ապրել»։

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին, ընդգծում է.
«Եթե դիտողություն է եղել, ինքը նուրբ է արել, որ ես ինձ վատ չզգամ, չփակվեմ։ Ես փակվող մարդ եմ։ Որևէ մեկն անսխալական չէ, բայց ինքը նույնիսկ անարդարացի թիրախավորումն արժանապատիվ է վերցրել իր վրա»։
Խոսելով ընտանիքի մասին՝ Շարմազանովը շեշտում է, որ հանրային կյանքի ու քաղաքական գործունեության ֆոնին միշտ փորձել է զերծ պահել ընտանիքին ու երեխաներին։

«Միշտ ընտանիքս հեռու եմ պահել։ Եթե իմանայի, որ Նարեն 2018-ին այդպիսի նամակ է գրելու, կզրուցեի, կհամոզեի, որ չաներ, որ երեխան չթիրախավորվի»,- ասում է նա։
Նրա խոսքով՝ ամենակարևոր արժեքը, անկախ զբաղեցրած պաշտոններից ու հանրային կարգավիճակից, ընտանիքն է։
Մանրամասները՝ տեսանյութում։



