Փաշինյանի խաչակնքմանը չեմ հավատում․ ինքը մեկ էլ քրիստոնյա է դարձե՞լ․ Սարգիս Շահինյան
Շվեյցարիայի հայկական և հայամետ կազմակերպությունների խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանն այն կարծիքին է, որ Շվեյցարիան ավելին կարող է անել Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում, քան հիմա է անում։
«Գործունեություն է տեղի ունենում, կապ կա Շվեյցարիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների միջև, սակայն, հաշվի առնելով, թե մինչև այժմ Շվեյցարիան ինչ է կարողացել շահել իր միջնորդության միջոցով, ես որոշ վերապահումներ ունեմ իրենց կարողության հետ կապված։ Իրենց կարողությունը շատ մեծ է, որովհետև այս տարի ԵԱՀԿ նախագահությունն իրենց է վերադառնում, սակայն, չեզոքությունը, որ Շվեյցարիան միչև Ուկրաինայի պատերազմը ցույց է տվել, այլևս չկա, որովհետև դիրքորոշումը հստակ է եղել։ Շվեյցարիայի ԱԳ կողմից վերջնական բացակայությունը դատապարտության այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ցեղասպանությունն ու Արցախի էթնիկ զտումը, հասկացնել տալիս է, որ ոչ այդքան հստակ դիրքորոշում կա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
Անդրադառնալով Եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավին, նա դատապարտեց և՛ իշխանությունների գործողությունները, և՛ Բագրատ Սրբազանի շարժումը, դա համարելով առիթ, որ իշխանությունները հարձակվեն Եկեղեցու վրա․ «Եկեղեցին չպետք է քաղաքական խնդիրներով զբաղվի։ Սա ինձ համար շատ կարևոր կետ է։ Կարևոր է նաև, որ իշխանությունը զբաղվի իր խնդիրներով։ Կա Սահմանադրություն, որտեղ հստակորեն նշված է, որ քաղաքական ուժը որևէ կերպ չի կարող եկեղեցու գործունեությանը միջամտել։ Այն, ինչ տեղի է ունենում, բացեիբաց հակասահմանադրական գործողություն է»։
Նա նկատեց, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ են՝ որպես ինստիտուտ․ «Եկեղեցին ոչ միայն ՀՀ և ժամանակին Արցախի տարածքի հետ կապված կապեր ուներ, այլ ամբողջ Սփյուռքի, այսինքն՝ 10 միլիոն ժողովրդի։ Դուք չեք կարող այս ձևով ոչնչացնել մի ինստիտուտ, որը նույնիսկ պետականության բացակայության ժամանակ պահել է հայկականությունն ամբողջ աշխարհում։ Ծայրահեղ ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ արժեքները խառնվել են։ Չենք կարողանում իբրև ժողովուրդ հասկանալ՝ ով ով է, ով ինչ իրավասություն ունի։ Չկարծեք, որ ես մի րոպե հավատում եմ Փաշինյանը խաչակնքմանը զանազան եկեղեցիների մեջ․ ինքը մեկ էլ քրիստոնյա է դարձե՞լ, ուզում է ժողովրդի վրա ծախել եկեղեցու հանդեպ իր հավատարմությո՞ւնը, որին առաջին հերթին ինքը չի հավատում․․․»։
Ըստ նրա՝ հունիսի 7-ին սպասվող ընտրությունները կարող են շանս լինել՝ իրավիճակը փոխելու, բայց դրա համար, ներկա իշխանություններին փոխելու համար քաղաքական տարբեր ուժեր պետք է «համախոհություններ ստեղծեն»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



