Լավ ապրելու հեռանկարները հեռանկարային չէին. Ի՞նչ է փոխվել մարդկանց կյանքում իշխանափոխությունից մեկ տարի անց

Շուտով կլրանա իշխանափոխության մեկ տարին։ Սպասվում է, որ այդ առիթով մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի։ Հիշեցնենք, որ անցած տարվա այդ օրը հեղափոխության առաջնորդն առաջին անգամ ընտրվեց Հայաստանի վարչապետ։

Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, ևս մեկ անգամ ի լուր բոլորի կհայտարարի, որ կատարել է տված բոլոր խոստումները. այստեղից-այնտեղից որոշ ցուցանիշներ կբերի, կփորձի տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ լավ է, Հայաստանի տնտեսությունը բռնել է տնտեսական հեղափոխության ճանապարհը և թռիչքաձև աճում է, հարյուր-հազարավոր մարդկանց աշխատավարձ, թոշակ ու նպաստ է բարձրացել, տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են ի հայտ եկել, բյուջեի եկամուտներն են կտրուկ ավելացել, ու այդպես շարունակ։

Իսկ այն մասին, թե այդ ամենից իրականում որքանով է փոխվել մարդկանց կյանքը, բնականաբար, ոչինչ չի ասվի։ Չի ասվի, որովհետև ասելու բան չկա։

Թվում է, թե մեկ տարին քիչ ժամանակ չէր, որպեսզի հասարակությունն իրապես զգա հեղափոխության արդյունքները։ Բայց նոր իշխանություններին առայժմ չի հաջողվում գտնել տնտեսության ու սոցիալական իրավիճակի բարելավման բանալին։ Գործընթացները երկրում դանդաղ են տեղից շարժվում, մինչդեռ սպասումները շատ բարձր էին։

Հասարակության շրջանում ձևավորված հույսերը, որ իշխանափոխությունից հետո սկսելու են լավ ապրել, մարդկանց հանեց փողոց։ Սակայն ակնկալիքները, որ հեղափոխական տեմպերով փոխվելու է իրենց սոցիալական վիճակը, չեն արդարանում։ Ու հիմա մարդիկ օր օրի համոզվում են, որ սպասելիքները հեռու են իրականություն դառնալուց։

Որքան էլ վարչապետը հայտարարի, որ իր տված խոստումները 100 կամ 99 տոկոսով կատարել է, այնուհանդերձ ակնհայտ է, որ կառավարության գործունեության անցած մեկ տարում սոցիալական իրավիճակը Հայաստանում ոչ միայն ոչնչով չբարելավվեց, այլև ավելի վատացավ` պայմանավորված մի շարք գործոններով, այդ թվում` առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում առկա գնաճային դրսևորումներով և հասարակության եկամուտների դանդաղ աճով։ Հասկանալի է, որ երկրում կուտակված սոցիալական խնդիրների լուծումն անհնարին է պատկերացնել առանց տնտեսության զարգացման և բարձր տնտեսական աճի ապահովման։ Ցավոք, դրա համար բավարար հիմքեր չկան։

Իշխանափոխությանը հաջորդած մեկ տարին ցույց տվեց, որ արագ փոփոխությունների հույսերը դատապարտված են։ Առաջիկա տարիներին ակնկալվող չափավոր տնտեսական աճի պայմաններում անիմաստ է սոցիալական վիճակի բարելավման հետ կապված լուրջ սպասելիքներ ունենալ։ Կառավարությունն այս ընթացքում չկարողացավ հիմքեր ստեղծել՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հասարակության սոցիալական խնդիրների լուծման համար։

Բացառությամբ նվազագույն շեմի, անցած մեկ տարում կենսաթոշակների որևէ բարձրացում տեղի չունեցավ։ Առայժմ խոսք չկա նաև առաջիկա տարիների վերաբերյալ։ Եթե հաշվի առնենք, որ դրանից առաջ ևս երեք տարի Հայաստանում կենսաթոշակ չի բարձրացրել, ապա դժվար չէ պատկերացնել սոցիալական այս խմբի վիճակը։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի խոսում այն մասին, որ ցածր կենսաթոշակները թույլ չեն տալիս արժանապատիվ անցկացնել ծերությունը, այլև սկսել է արդարացումներ գտնել դրանք չբարձրացնելու համար։ «Որպեսզի կենսաթոշակները 5 հազար դրամով ավելացնենք, անհրաժեշտ է 30 մլրդ դրամ»,- ասում է վարչապետը։

Այնպիսի տպավորություն է, որ ժամանակին, երբ ոգևորված քննադատում էր նախկիններին` գործող ցածր կենսաթոշակների պատճառով, չէր պատկերացնում, որ դրա համար փող է պետք։

Կառավարության խոստացած աշխատավարձերի կտրուկ ավելացման հույսերը, որին հասարակությունը սպասում էր դեռևս հեղափոխության առաջին օրերին, նույն արագությամբ մարեցին։ Տեղային ինչ¬ինչ լուծումներից բացի, պետական բյուջեից ֆինանսավորվող աշխատավարձերի բարձրացում այդպես էլ չնախատեսվեց, բացառությամբ նրա, որ կառավարությունը ստիպված եղավ հասարակության դժգոհությունը մեղմելու համար կուտակային կենսաթոշակային հիմնադրամի պարտադիր վճարի 2,5 տոկոսի փոխհատուցումը վերցնել իր վրա։

Չփոխեց նաև նվազագույն աշխատավարձի շեմը՝ ինչը կարող է որոշ չափով նպաստել սոցիալական առավել խոցելի խմբերի եկամուտների ավելացմանը։

Աշխատավարձի բնականոն աճի տեմպը Հայաստանում շարունակում է ցածր մնալ։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ այն տատանվում է տարեկան 3-4 տոկոսի սահմաններում։

Ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամուտների որոշ ավելացման հույսերը չարդարացան նաև եկամտային հարկի հետ կապված։ Կառավարությունն այդպես էլ անդրդվելի մնաց և հրաժարվեց եկամտային հարկը նվազեցնել ցածր աշխատավարձ ստացողների համար։

Եկամտային հարկի դրույքաչափի վերանայումից հետո այս հատվածում ընդգրկված աշխատողների գերակշիռ մասը մի բան էլ կտուժի։ Աշխատավարձի տեսքով նրանց ստացվող եկամուտները ոչ միայն չեն ավելանա, այլև կպակասեն` կենսաթոշակային վճարումների նախկին ձևաչափի վերականգնման հետևանքով։

Իշխանափոխությունը, եթե չի վնասել, ապա գրեթե չի նպաստել նաև աշխատատեղերի ավելացմանը։ Այն, որ 50 հազար հայտարարագրված աշխատատեղ է ավելացել, դեռ չի նշանակում, որ իրական աշխատատեղերը չեն կրճատվել։ Իսկ ո՞վ է հաշվել, թե նախկինում քանի չհայտարարագրված աշխատատեղ է եղել։

Չնայած իշխանափոխությունից հետո հասարակությունը սպասում էր՝ ինչպես ապրանքների, այնպես էլ՝ ծառայությունների գների նվազման, դա տեղի չունեցավ։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ թանկացել են։

Տարիներ շարունակ խոսելով հանրային ծառայությունների, մասնավորապես՝ էներգակիրների սակագների անտրամաբանական բարձր լինելու մասին, այդպես էլ քաղաքական իշխանությունը ոչինչ չկարողացավ անել դրանք նվազեցնելու ուղղությամբ։ Գազի ներմուծման գինը սահմանին բարձրացավ, ու հիմա կառավարությունը փորձեր է անում ելքեր գտնել` թանկացման հնարավոր հետևանքները տնտեսության ու հասարակության վրա մեղմելու համար։ Դժվար չէ պատկերացնել, թե գազի ներքին սակագների բարձրացումն ինչպիսի ընդգրկուն ազդեցություն կարող է ունենալ` հանգեցնելով մի կողմից՝ տնտեսության առանց այն էլ ցածր մրցունակության նվազեցմանը, մյուս կողմից՝ հասարակության սոցիալական պայմանների վատացմանը։

Գաղտնիք չէ, որ գնաճը, աշխատավարձերն ու աշխատատեղերը, հանրային ծառայությունների գներն այն հիմնական ուղղություններն են, որոնք իրենց անմիջական ազդեցությունն են ունենում հասարակության սոցիալական կյանքի վրա։ Թե իշխանափոխությունից հետո ի՞նչ է փոխվել այդ ուղղություններով, բոլորի աչքի առաջ է։

Պատահական չէ, որ հասարակության սոցիալական վիճակը՝ լավանալու փոխարեն, ինչը մարդիկ ակնկալում էին իշխանափոխության օրերին, գնալով վատանում է։ Ու չպետք է զարմանալ, երբ կառավարության գործունեությունից դժգոհողների քանակն օրավուր ավելանում է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս