ԵՄ-ի հետ Հայաստանը 2017թ. փայլուն փաստաթուղթ է կնքել՝ CEPA-ն. այն ՔՊ-ն մի կողմ է դրել. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու ԵՄ-ն ունեն փայլուն փաստաթուղթ՝ CEPA-ն, որը կնքվել է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Այն ինստիտուցիոնալ քաղաքական բարեփոխումների հնարավորություն է տվել բոլորին՝ ՀՀ ժողովրդավարացման, քաղաքական համակարգի կատարելագործման, խորհրդարանական ժողովրդավարական համակարգի կառուցման համար։
«Ավելին՝ նույն CEPA-ում ԵՄ անդամ բոլոր պետություններն արձանագրել ու օրենքի ուժ են տվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Նույնիսկ այդ փաստաթղթում նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամրագրել են արցախահայերի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այսինքն՝ նույնիսկ այստեղ հայկական շահ կա, եթե իրենք ուզում են իսկապես հայ-եվրոպական հարաբերությունները զարգացնեն, այդ փաստաթուղթը կա, բայց նրանք ի՞նչ են անում դրա փոխարեն, CEPA-ն դրել են մի կողմ, որովհետև այն սպասարկում է ՀՀ շահը, նույնիսկ դրա մասին դրական խոսում են ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարները։ Սերժ Սարգսյանի իշխանության ընթացքում Հայաստանն ընկալելի էր և՛ ԵՄ-ի, և՛ ՌԴ-ի համար»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա գնահատմամբ՝ օրվա իշխանությունը բոլորի հետ հարաբերությունները փչացրել է, բոլոր փաստաթղթերի հերն անիծել է, այդ թվում՝ CEPA-ի, և Հայաստանը տանում է դեպի տոտալ թրքացում։
«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, լոմը ձեռքները վերցրած, 6 տարի է՝ քանդում են ՀՀ արտաքին քաղաքական, գաղափարական, տնտեսական, դաշնակցային, եկեղեցական, բարոյական բոլոր հիմքերը»,- շեշտեց Է. Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում