Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հինգ ամսում աճել է 11.2 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մայիս ամիսներին 11.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22 տոկոսով:
Շինարարության ծավալը 2024-ի առաջին 5 ամսում ավելացել է 14.9 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում աճը եղել է 24.6 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 3.7 տոկոսով:
2024 թվականի հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 2.2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 1.5 տոկոս աճ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա առաջին 5 ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2 անգամ: Ընդ որում՝ արտահանումն աճել է 2.5 անգամ, իսկ ներմուծումը՝ 99.6 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-մայիս ամիսներին կազմել է 397.69 դրամ: