Բենզինի պայթյունից տուժած պացիենտները ստանում են վերականգնողական բուժում. արտերկրում բուժում ստացած պացիենտներից 3-ն անչափահաս են. ԱՆ խոսնակ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվել էր իր կողմից 9 ամիս տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության վրա և էթնիկ զտման ու բռնի տեղահանության էր ենթարկում խաղաղ բնակիչներին, սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցավ ևս մեկ ողբերգություն՝ պայթյուն բենզինի պահեստում, որի հետևանքով եղան զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ։

Երբ Ադրբեջանը սկսել էր ցեղասպանություն իրականացնել խաղաղ բնակիչների դեմ, հարյուրավոր բնակիչներ շտապել էին բենզինի պահեստից բենզին վերցնել, որպեսզի փրկեին իրենց երեխաներին։ Մարդիկ հավաքվել էին պահեստի մոտ՝ սպասելով իրենց հերթին, սակայն տեղի ունեցավ ողբերգական պայթյունը…

Պայթյունից տուժած շատերը տեղափոխվեցին Հայաստան, ցավոք, որոշ անձանց կյանքը չհաջողվեց փրկել, իսկ մյուսներն ամիսներ շարունակ իրենց բուժումը ստացան տարբեր բժշկական կենտրոններում, ոմանք՝ արտերկրում։

Ի՞նչ վիճակում են պայթյունի հետևանքով վիրավորում ստացած անձինք, բուժման ի՞նչ փուլում են գտնվում։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը պատասխանելով այս հարցերին, տեղեկացրեց, որ պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները դուրս են գրվել բժշկական կենտրոններից, սակայն նրանք շարունակում են ստանալ վերականգնողական բուժում  Այրվածքաբանության ազգային կենտրոնում։

«Այրվածքների դեպքում բուժումը ենթադրում է երկարատև բուժում, ուստի պացիենտներն առաջին փուլն անցել են, հիմա արդեն շարունակում են ստանալ ռեկոնստրուկտիվ՝ վերականգնողական բուժում։

Տարբեր տեսակի վիրահատություններ են իրականացվել և իրականացվում, այդ թվում՝ պլաստիկ, որը տեղի է ունեցել Հայաստանում։

Արտասահմանյան նեղ մասնագիտական կլինիկաներում բուժում ստացած պացիենտներից 3-ն անչափահաս են։ Նաև արտերկրում բուժում ստացող 22 պացիենտները վերադարձել են Հայաստան։ Սակայն նրանց մի մասը նորից կմեկնի և որոշակի բուժծառայություններից օգտվելուց հետո, կրկին կվերադառնա, այնուհետև բուժօգնությունն ամբողջովին կստանան Հայաստանում։ Այսինքն՝ արտերկրից բոլորը վերադարձել են, սակայն շարունակում են ստանալ ամբուլատոր բուժօգնություն, բուժման պրոցեսը երկար կտևի»,- նշեց Մարիամ Ծատրյանը։

Ըստ մեր զրուցակցի, պացիենտները ստանում են հատուկ մերսումներ, մաշկի վերականգնման հատուկ բուժումներ, նաև պլաստիկ վիրահատությունների ենթարկվում։

«Պացիենտներին տրամադրվող բուժօգնությունն ամբողջովին անվճար է՝ պետական պատվերի շրջանակներում է։

Ունեցել ենք պացիենտներ, որոնց վերքերը ծանր էին, հետո՝ միջին ծանրության, հետո նրանք լավացումով դուրս են գրվել։ Ցավոք, եղել են դեպքեր, երբ չի հաջողվել նրանց կյանքը փրկել. խոսքը հիվանդանոցային մահերի մասին է՝ մոտ 40-ից ավելի էին»,- եզրափակեց Մարիամ Ծատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս