Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով
«Ոսկոր», «Սգացող կանայք», «Խալի»․ Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով։ Պրեմիերան կկայանա հուլիսի 1-ին՝ 20։00-ին, Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։
Միմյանց հետ սյուժետային կապ չունեցող ներկայացումներ են, սակայն ունեն մեկ ընդհանրություն՝ կինը։ Բեմադրող խորեոգրաֆը ներկայացումների հիմքում դրել է կնոջ կերպարը՝ բացահայտելով նրան տարբեր իրավիճակներում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում բեմադրող խորեոգրաֆ, «Պարարվեստի զարգացման» կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրեն, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ժամանակակից պարերի բաժնի հիմնադիր վարիչ Ռիմա Պիպոյանը նշեց, որ ներկայացումներում ընդգրկված են երիտասարդ պարողներ։
«Երիտասարդ պարողներին ներգրավելու առաջարկը եղավ Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանից։ Դա շատ կարևոր է, որովհետև լավ հնարավորություն է նրանց համար։ Արդեն 4-րդ տարին է Երևանի պարարվեստի պետական քոլեջում գործում է մոդերն պար բաժինը և արդեն ունեն սերունդ, որը հարթակ քիչ է ունենում իր գործունեությունը շարունակելու համար։ Սա շատ լավ առիթ է հնարավորություն տալ ներկայանալու պրոֆեսիոնալ բեմահարթակից»,-ասաց Ռիմա Պիպոյանը։
Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը նշեց, որ իրենց դերասաններից մասնակցություն չունեն այս ներկայացումներին։ Սա համագործակցություն է, որի նպատակն է մնջախաղի թատրոնն այլ գույներով ներկայացնելը։
«Չկենտրոնանանք միայն մնջախաղի վրա, այլ օգտագործենք մարմնի լեզվի բոլոր տեսակները։ Ես երազանք ունեմ, որ մեր թատրոնը լինի համաշխարհային մակարդակով մրցունակ և կարծում եմ, որ այս համագործակցությունը կտա իր համաշխարհային պտուղները։ Արդեն տալիս է, որովհետև Փարիզից արդեն կա հրավեր այնտեղ կայանալիք փառատոնին այս ներկայացումներով հանդես գալու համար»,-ասաց Մանվել Խաչատրյանը։
Երևանի մնջախաղի պետական թատրոնն այս տարվա ընթացքում հանդիսատեսի համար ևս ունենալու է անակնկալներ։ Աշնանը թատրոնը հանդես կգա 2 նոր ներկայացմամբ։ Հանդիսատեսի դատին կհանձնի «Կոմիտաս» ներկայացումը, որի հեղինակն ու ռեժիսորը Արսեն Խաչատրյանն է։ Կոմիտասի կերպարը մարմնավորելու է թատրոնի առաջատար դերասան Կարեն Խաչատրյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ թատրոնը հանրության դատին կհանձնի նաև «Փարաջանով» ներկայացումը։ Մանվել Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս ներկայացումը խաղալու են հենց Սերգեյ Փարաջանովի թանգարանում։ Երկու ներկայացումների փորձերն ընթացքի մեջ են, նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են։