ՀՀ-ի որոշման պատասխանը. Իսրայելը կվերանայի Ադրբեջանին ժամանակակից համակարգերի մատակարարման հարցը, խոսքը նաև Spy-X-ի մասին է
Օրերս 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը, անդրադառնալով Հայաստանի կողմից՝ Պաղեստինի անկախության ճանաչմանը, նկատել էր, որ դա այս փուլում նպատակահարմար չէր, քանի որ իր մեջ լրացուցիչ ռիսկեր է պարունակում:
«Մենք գիտենք, որ իսրայելական կողմը տարբեր ձևերով աջակցում է Ադրբեջանին, և 44-օրյա պատերազմի օրերին մեծ աջակցություն է ցուցաբերել՝ և՛ զենքի, և՛ մասնագետների ու փորձի փոխանակման տեսքով: Եվ այս իրավիճակում բոլորից առաջ ընկնել և ճանաչել Պաղեստինի պետությունը, կարծում եմ, ոչ մի լավ բանի չի տանի»,- նշել էր նա:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին, գրել էին, որ Իսրայելը կվերանայի Ադրբեջանին հավելյալ սպառազինություն և համակարգեր մատակարարելու հնարավորությունը՝ պայմանավորված ՀՀ-ի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշմամբ:
Խոսքը, մասնավորապես, առաջադեմ և չափազանց բարդ ցանցային կապի համակարգերի, ՌԷՊ համակարգերի, տակտիկական, էլեկտրա-օպտիկական ուղղորդմամբ ինքնավար հարձակման հնարավորություններով օժտված SpyX համակարգի մասին է:
Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ այս տարի Բաքուն Իսրայելից խնդրել է իրեն վաճառել իսրայելական BlueBird Aero Systems ընկերության կողմից արտադրվող Spy-X համակարգը, որի գործողության հեռահարությունը 50 կմ է, թռիչքի ժամանակը՝ 1.5 ժամ:
Հավելենք, որ 168.am-ը գրել էր, որ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերելու հակաօդային պաշտպանության «Barak MX» համակարգեր, գործարքի գինը գնահատվում էր 1,2 մլրդ դոլար: Իսկ Ադրբեջանի կողմից վերևում նշված «Barak 8»-ի փորձարկման մասին խոսում էին դեռ 2016 թվականից:
Սա նշել էինք «Bulgarian military»-ի տարածած այն տեղեկության համատեքստում, որ Հայաստանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Barak 8» զենիթահրթիռային համալիրի նկատմամբ, որը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է և հայտնի է նաև՝ որպես LR-SAM կամ MR-SAM համակարգ։ Այսինքն, որքան էլ, ըստ տարբեր տեղեկությունների, Հնդկաստանը վստահեցնի, որ սահմանափակում չկա արտահանման դեպքում, սակայն հաշվի առնելով Հայաստանի և Իսրայելի միջև լարվածությունը, խնդիրներ կարող են ծագել իսրայելա-հնդկական համատեղ մշակմամբ համալիրի մատակարարման դեպքում Հայաստանին:
Ի դեպ, Ուկրաինային զենք մատակարարելու տեղեկությունների ֆոնին, Սերբիայի նախագահն էլ հայտարարել է, որ իրենք սպառազինություն են մատակարարում միայն Ադրբեջանին, Կիպրոսին և արաբական մի երկրի՝ ԱՄԷ-ին:
«Որևէ այլ մեկի հետ մենք չունենք սպառազինության մատակարարման պայմանագիր»,- ընդգծել է Վուչիչը:
Նշենք, որ հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել էր Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին, որի ընթացքում, ըստ ՊՆ-ի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ:
168.am-ը մանրամասն ուսումնասիրություն էր ներկայացրել նախկինում Սերբիայի հետ ՀՀ-ի ունեցած ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև Ադրբեջանին արված և խոստացված մատակարարումների մասին, և, որ այսօր Հայաստանին շատ դժվար է լինելու Սերբիայի և Բուլղարիայի հետ պաշտպանական և ռազմատեխնիկական նման համագործակցություն ունենալը, երբ այս երկրները լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, և, որ ադրբեջանական գազը լուրջ գործոն է: