Բաժիններ՝

Մանկական տարիք

«Ծնողական օրհնությունը մեծագույն ժառանգություն է երեխաների համար: Այդ պատճառով էլ երեխաները պետք է ջանան ծնողական օրհնությանն արժանանալ»

– Հա´յր, ես նկատել եմ, որ երբեմն Սուրբ Պատարագի ժամանակ նորածինները ժպտում են:

– Նրանք ոչ միայն Սուրբ Պատարագի ժամանակ են ժպտում: Նորածիններն անընդհատ կապի մեջ են Աստծո հետ, որովհետև անպաշտպան են: Հիշո՞ւմ եք, թե ինչ ասաց Քրիստոս մանուկների մասին: «…երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ Հոր» (Մատթ. 18:10): Փոքրիկները կապի մեջ են Աստծո և Պահապան Հրեշտակի հետ, որն անընդհատ նրանց կողքին է գտնվում: Նորածինները երազում մեկ ծիծաղում են, մեկ՝ լացում, որովհետև նրանք և´ ուրախալին են տեսնում և´ սարսափելին: Մի դեպքում նրանք իրենց Պահապան Հրեշտակին են տեսնում և խաղում են նրա հետ: Նա շոյում է նրանց, բռնում է թաթիկները, և նրանք ծիծաղում են: Իսկ մյուս դեպքում՝ բանսարկուն նրանց ինչ-որ սարսափելի բան է ցույց տալիս և նրանք լաց են լինում:

– Իսկ ինչո՞ւ է սատանան վախեցնում նորածիններին:

Կարդացեք նաև

– Այն, որ նա վախեցնում է նրանց՝ նույնպես օգուտ է նրանց համար, որովհետև նրանք ստիպված են վախից մայրիկին կանչել: Եթե այդ վախը չլիներ, ապա փոքրիկները կարիք չէին ունենա մայրիկի գիրկը վազելու: Աստված ամեն ինչ թույլ է տալիս մարդկանց բարօրության համար:

– Իսկ երբ երեխաները մեծանում են՝ հիշո՞ւմ են արդյոք, թե ինչ են տեսել, երբ նորածին էին:

– Ոչ, մոռանում են: Եթե փոքրիկը հիշեր, թե քանի անգամ է տեսել իր Հրեշտակին, ապա հպարտության մեջ կընկներ: Այդ պատճառով էլ, մեծանալով՝ ամեն բան մոռանում է: Աստված իմաստությամբ է գործում:

– Նրանք այդ ամենը Մկրտությունից հետո՞ են տեսնում:

– Իհա´րկե, Մկրտությունից հետո:

– Հա´յր, իսկ կարելի է չմկրտված նորածնին Սուրբ Մասունքներին մոտեցնել:

– Ինչո՞ւ չի կարելի: Կարելի է նույնիսկ խաչակնքել նրան Սուրբ Մասունքներով: Այսօր ես մի մանկիկի տեսա, որ փոքր Հրեշտակի էր նման: «Ո՞ւր են թևերդ»,- հարցրեցի նրան: Նա շփոթվեց և չիմացավ, թե ինչ պատասխանի… Աթոս լեռան վրա, գարնանը, երբ ծառերը ծաղկում են, իմ խցի ցանկապատի մոտ աճող թփի ճյուղերից կարամելի կոնֆետներ եմ կախում: Երբ ինձ մոտ այցելուներ են գալիս փոքրիկ երեխաների հետ՝ ես ասում եմ. «Երեխաներ, խնդրում եմ կոնֆետները հավաքեք թփի վրայից, որովհետև եթե անձրև գա՝ դրանք կհալվեն ու կփչանան»: Որոշ խելամիտ երեխաներ հասկանում են, որ ես եմ դրանք ճյուղերից կախել և ծիծաղում են: Մյուսները հավատում են, որ կոնֆետներն իրենք են թփերի վրա աճել, երրորդները չգիտեն հավատալ, թե՝ ոչ… Փոքրիկներին նաև մի քիչ արեգակ է հարկավոր:

– Հա´յր, շա՞տ կոնֆետներ եք կախում:

– Դե, եթե կախել՝ ուրեմն շատ: Երբ ինձ համեղ քաղցրավենիք են բերում՝ ես մեծերին չեմ տալիս: Նրանց լոխում եմ հյուրասիրում: Երբ ինձ համար լավ քաղցրավենիք են բերում՝ ես դրանք պահում եմ Աֆոնիադայի* երեխաների համար: Այստեղ, մենաստանում նույնպես երեկ կարամելներ և շոկոլադներ եմ տնկել, իսկ այսօր դրանք արդեն ծաղկել են: Նկատե՞լ եք: Իսկ ինչու ո´չ. եղանակն արևային է, հողը՝ լավը, լավ փորել եք, այդ պատճառով էլ շոկոլադներն այդքան արագ ծաղկել են**: Ա´յ կտեսնեք, թե ի՜նչ ծաղկանոց եմ ձեզ համար պատրաստելու: Իսկ դուք ի՞նչ եք մտածում: Մեր սեփական բերքը կհավաքենք:

– Հա´յր, ուխտավորները տեսան, թե ինչպես են մարգից կոնֆետներ ու շոկոլադներ դուրս ցցվել ու զարմացան: «Հավանաբար երեխաներից մեկն է դա արել»,- ասացին նրանք:

– Ինչո՞ւ չասացիր նրանց, որ դա մի մեծ երեխա է արել:

* Աֆոնիադա – Սուրբ Աթոս Լեռան վրա տեղակայված դպրոց՝ տղաների համար:

**  Դրա նախորդ օրը ծեր ճգնավորը մի քանի կարամելի կոնֆետ ու շոկոլադ էր «տնկել» նոր վարած մարգի մեջ, վրայից էլ յասամանի ճյուղեր էր դրել, որպեսզի քաղցրավենիքը ծաղկած երևա:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս