Սալոմե Զուրաբիշվիլիի երևանյան այցի չլուսաբանված հատվածը

Մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Բնականաբար, այցի կարևորությունը դժվար է թերագնահատել, քանի որ սա Հայաստանի հարևան, գործընկեր երկրի նախագահի առաջին այցն էր Հայաստան, որի հետ հարաբերությունները մշտապես զարգացման, խորացման, վերատեսության ենթարկելու կարիք ունեն՝ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության և փոփոխվող աշխարհի մարտահրավերները:

Սակայն սրան զուգահեռ՝ այս անգամ վրացի պաշտոնյայի այցն առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ հայ-վրացական հարաբերություններին հետևող փորձագիտական հանրությունը տեղյակ է, որ մինչ ՀՀ կատարած այցը Վրաստանի նախագահն Ադրբեջանում էր, որտեղ «փայլել» էր ադրբեջանամետ ձևակերպումներով:

«Վերջին տարիներին մենք միանման ողբերգություններ ենք վերապրել։ Մենք մինչև հիմա վերապրում ենք այն, թե ինչ է նշանակում երկրի համար օկուպացված տարածքները՝ երբ երկրիդ տարածքային ամբողջականությունը խախտված է»,- Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն ասել էր Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա այս մեկնաբանությունները լայն քննարկումների առիթ էին դարձել Երևանում: Թեմային անդրադարձել էինք նաև մենք: Բաքվում Զուրաբիշվիլիի աղմուկ բարձրացրած հայտարարություններից հետո ենթադրություններ էին հնչում, թե մինչ ՀՀ կատարելիք այցը Վրաստանի նախագահը կընդունի սխալը և Երևանում այլ հռետորաբանությամբ հանդես կգա՝ չվտանգելով հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների հեռանկարը: Մի շարք կարծիքների համաձայն՝ Բաքվի այցից հետո Զուրաբիշվիլիի այցը Երևան լավ հնարավորություն էր բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ քննարկելու միմյանց համար զգայուն այս հարցում` հակամարտությունների կարգավորման սկզբունքների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի Երևանում ունեցած գրեթե բոլոր բարձրաստիճան հանդիպումների ընթացքում, ինչպես թույլ են տալիս ենթադրել պաշտոնական հաղորդագրությունները, այս հարցերը քննարկվել են: Սակայն, չնայած շատերի ակնկալիքներին, Զուրաբիշվիլին Երևան էր եկել չփոփոխված մոտեցումներով: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Զուրաբիշվիլիի մեկնաբանությունները հակամարտությունների կարգավորման մի շարք հարցերի շուրջ տեղ չեն գտել հայաստանյան պաշտոնական հաղորդագրություններում: Այնինչ Վրաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրություններից կարելի է հասկանալ, թե ինչ ուղերձներով էր Երևան եկել Զուրաբիշվիլին: Սակայն, մինչ Զուրաբիշվիլիի դիտարկումները ներկայացնելը, նշենք, թե ինչպես «արձագանքեցին» հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները Զուրաբիշվիլիի Բաքվում հնչեցրած դիտարկումներին:

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումների արդյունքներն ամփոփել էին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով, որում Արմեն Սարգսյանն անդրադարձել էր տարածաշրջանային հակամարտություններին:

«Քննարկեցինք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար` նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը»,- ընդգծել էր Ա. Սարգսյանը: Առավել հստակ էր գտնվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձևաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձևակերպումներն այսուհետ ևս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,- շեշտել էր Արարատ Միրզոյանը:

Այս համատեքստում նա իր մտահոգությունն էր հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018 թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահը նաև խոսել էր Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձևակերպումների մասին՝ անընդունելի համարելով տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները: Սակայն հայաստանյան պաշտոնական հաղորդագրությունները սրանով սահմանափակվում են, այնինչ Միրզոյանի հետ հանդիպմանն իր որոշ մտահոգությունների մասին էր խոսել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ՝ ինչպես գիտեք, Վրաստանի երկու հատվածներն օկուպացված են, և Վրաստանի համար կարևոր է, որպեսզի իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչվեն ոչ միայն խոսքերով, այլև փաստացի: «Այդ տեսանկյունից շատ տխուր է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակություններն այցելում են Աբխազիա և Հարավային Օսիա և հարցեր են բարձրացնում այնպես, կարծես դրանք նույն տիպի հակամարտություններ են, և որոնում են որևէ համաչափություն: Դա շատ տխուր և ցավալի է մեզ համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Վրացի բարձրաստիճան պաշտոնյան հակամարտությունների կարգավորումից էր խոսել նաև Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Զուրաբիշվիլիի մամուլի ծառայության, Վրաստանը ճանաչում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով: «Միևնույն ժամանակ, Վրաստանը պատրաստ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Զուրաբիշվիլին:

«168 Ժամի» հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին նախ պարզաբանեց, որ Վրաստանում նախագահի լիազորությունները սահմանադրական փոփոխությունների արդյունքում էապես կրճատվել են և անցել Կառավարության ղեկավարին, ինչպես, ըստ էության, Երևանում: Ուստի, ըստ նրա՝ նման թեմաներով առավել կարևոր են Կառավարության ղեկավարի մեկնաբանությունները, քանի որ նախագահն օժտված է միայն խորհրդանշական լիազորություններով: Մենագարիշվիլիի խոսքով՝ Վրաստանը պահպանել է ու պահպանելու է իր չեզոքությունը տարածաշրջանային այս ամենազգայուն հարցի վերաբերյալ, ինչպես Վրաստանի հակամարտությունների թեմայով ժամանակին արել է Հայաստանը: Փորձագետի համոզմամբ՝ կան շատ հանգամանքներ, որոնք Վրաստանի նախագահը հաշվի չի առել և հիմնվել է միայն Արցախի ներկայացուցիչների` օկուպացված տարածքներ կատարած այցերի ու այնտեղ հնչած մեկնաբանությունների վրա:

«Ես կարծում եմ` Զուրաբիշվիլին Երևանում հասկացել է, որ այդ տոնայնությունը պետք է մեղմվի, ուստի նրա առաջին մեկնաբանությունից հետո, որը եղել է նրա առաջին հանդիպման ընթացքում, հռետորաբանության ուղղությունը փոխվել է, ինչը ողջունելի է: Հայ-վրացական հարաբերությունները լուրջ ուղեբեռ ունեն, և դժվար է նման անորակ հայտարարություններով դրանք վտանգել»,- ասաց Մենագարիշվիլին:

Իր հերթին՝ մեկ այլ վերլուծաբան՝ Սոսո Ցինցաձեն, ասաց, որ անհեռատես և սխալ մարտավարություն է ընտրվել Վրաստանի նախագահի կողմից: Սակայն, նրա խոսքով, ինչպես երևում է, Երևանը դրանք համարժեք է գնահատում, և ճիշտ մեկնաբանումներ են տրվել: «Երևանում հասկանում են, որ հռետորաբանության այս կտրուկ փոփոխությունը չի արտացոլվելու Վրաստանի պետական քաղաքականության մեջ, քանի որ Վրաստանի ազգային շահերը պարտադրում են բարիդրացիություն Հայաստանի Հանրապետության հետ և համագործակցություն, աջակցություն տարածաշրջանային անվտանգության կայացմանը»,- ասաց Ցինցաձեն:

Տեսանյութեր

Լրահոս