Իշխանություն և հեղափոխություն

Կայանալիք արտահերթ ընտրությունները, որքան էլ կարևոր քաղաքական հանգրվան են, սակայն այն պատկերացումը, թե դրանք վերջնական հանգուցալուծում են տալու ընթացիկ քաղաքական խաղին, վերջնական մի իրավիճակ են արձանագրելու, հիմնովին սխալ կարող ենք համարել: Ընդ որում՝ անկախ ընտրությունների արդյունքներից իսկ:

Ընտրություններն իրենց արդյունքներով հանդերձ՝ ավարտի կարող են հասցնել հեղափոխական ցիկլի «տեխնիկական»՝ իշխանափոխությունը ֆորմալ ավարտուն տեսքի բերելու՝ կարևոր, բայց ոչ միակ ու ոչ վճռական մասը միայն:

Բայց նույնիսկ իշխանափոխության խնդիրը դրանք լուծում են միայն մասամբ:

Հարցն այն է, որ պաշտոնական իշխանությունն ու իշխանությունն ընդհանրապես նույն բանը չեն. առաջինը երկրորդի մա՛սն է ընդամենը, ը՛նդ որում՝ մակերեսայինը, և արտացոլում է ավելի խորքային, ավելի լայն, ոչ ֆորմալ և ոչ այնքան լավ հաշվարկելի հարաբերություններ: Իսկ այդ ավելի լայն հարաբերությունները, որոնցից էլ կազմված է իշխանությունն ավելի լայն՝ ոչ միայն պաշտոնական իմաստով, միայն որոշ չափով ճշգրտվում, բայց վերջնականապես չեն վճռվում ընտրություններով:

Զարմացողներին կամ չհասկացողներին միանգամից թարմ օրինակ բերենք:

2017-ի ապրիլի սկզբի դրությամբ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում ուներ կայուն և անվիճելի մեծամասնություն: Ո՛չ միայն ՀՀԿ-ն, այլև Սարգսյանին վարչապետ ընտրած ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն վերահսկելի էին համարվում, իսկ ըստ որոշ լուրերի՝ ընդդիմադիր «Ելք» դաշինքը նույնպես որոշ չափով մասն էր իշխանական մեծ համակարգի: Համենայն դեպս, «Ելքի» մեջ իսկ փոքրամասնություն կազմող ՔՊ-ի անցումը փողոցային պայքարի և ընդհանրապես ավելի արմատական դիրքերի (մոտավորապես 2017-ի ամառվանից սկսած), ինչին նույնիսկ «Ելքի» մյուս ուժերը չէին միացել, ինչո՞ւ պետք է դիտվեր լուրջ կամ ընդհանրապես որևէ վտանգ ԱԺ-ի ճնշող մեծասնությունը վերահսկող (էլ չասած մնացածի մասին) Սարգսյանի համար, եթե իշխանության խնդիրը և ընդհանրապես քաղաքական պայքարի խնդիրը լուծելի լիներ միայն այնպիսի ֆոմալ ընթացակարգով, որպիսիք ընտրություններն են և դրանց արդյունքով ԱԺ և կառավարության, ընդհանրապես պետական մարմինների վերահսկողությունը:

Նրա համար կարող էին և դարձան խնդիրը, քանզի իշխանությունը միայն պաշտոնականը չէ, իշխանության հարցը միայն պաշտոնական դիրքավորմամբ չի լուծվում: Սերժ Սարգսյանը կորցրեց իր պաշտոնական իշխանությունը, որովհետև նախ կորցրեց փաստացի իշխանությունը՝ իրավիճակի վրա վճռապես ազդելու կարողությունը: Թե ինչպես և ինչու այդպես եղավ՝ առանձին վերլուծության առիթ է, որին այստեղ չենք անդրադառնա: Միայն հիշեցնենք, որ իր պաշտոնավարման 10 տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը տեսել է և ինտենսիվ հրապարակային պայքար իր դեմ, և ներվերնախավային ինտրիգներ, և այլ մարտահրավերներ, և արտաքին սպառնալիքներ, բայց դրանցից ոչ մեկն առանձին-առանձին չեն հանգեցրել իշխանափոխության, ի տարբերություն 2018-ի գարնան, երբ ոչ թե մեկ, այլ երկու-երեք գործոն համընկան իրար հետ:

Իշխանությունը, լայն իմաստով, որով այստեղ վերցնում ենք, հյուսված է բազմաթիվ փոփոխական գործոնների նուրբ փոխհարաբերությունից: Մենք բերեցինք ընդամենը մեկ օրինակ, թե ինչպես այդ նուրբ փոխհարաբերությունը կարող է խիստ հակադրության մեջ մտնել պաշտոնականի հետ, բայց իրականում, պատմությունը, իհարկե լի է նման օրինակներով:

Կա, ուրեմն, իշխանության պաշտոնականը, բայց կա նաև իշխանությունն ավելի լայն, ընդգրկուն, բովանդակային իմաստով, որի կարևոր, բայց ոչ միակ, ու որոշ դեպքերում՝ ոչ վճռորոշ մասն է պաշտոնականը:

Սովորական, այսպես ասած, շարքային իրավիճակներում այդ տարբերությունը գրեթե չի զգացվում և էական էլ չէ, բայց քաղաքական ավելի շեշտված, վճռական, մանավանդ՝ հեղափոխական փուլերում, իշխանության այս առնվազն երկշերտ էությունն առավել քան կարևոր է:

Ի՞նչ բան է իշխանությունը:

Աշխարհիս բարդ հարցերից է սա:

Իշխանությունը նյութական մարմին չի, շոշափելի առարկա չէ, ոչ էլ որևէ իրավական, ֆորմալ դիրքի հետ նույնացող երևույթ, որ հնարավոր լինի դա հստակ չափել, հաշվարկել կամ սահմանել:

Իշխանությունը նաև միասնական չէ, այն իմաստով, որ հազվադեպ է ամբողջովին պատկանում մեկ սուբյեկտի՝ մարդու թե խմբի, առավել հաճախ այն այլևայլ չափի ձգողական կետերի միջև է բաժանված, և ամբողջությունը հենց այդ կետերի փոխհարաբերությունն է: Ձգողական կետերից մեկը կարող է լինել գերիշխող մյուսների նկատմամբ, բայց գերիշխանությունն էլ չի նույնանում բացարձակ, ամբողջական իշխանության: Այս պատկերի նմանակները կարելի է գտնել այլևայլ տիեզերական համակարգերում՝ աստղային, գալակտիկ, մետագալակտիկ և այլն, բայց մարդկային համակարգերն ավելի, է՛լ ավելի բարդ են:

Հին լեզուներում, օրինակ՝ լատիներենում, գրաբարում, ոչ թե մեկ, այլ մի քանի բառերով արտահայտվում էին իշխանության հասկացության նրբերանգներն ու տեսակները, մինչ մենք այսօր «իշխանություն» բառն օգտագործում ենք շատ նեղ, տեխնիկական իմաստով՝ օրվա կառավարություն, օրվա իշխող ուժ:

Օրինակ, լատիներենում` autoritas, potesta, imperium հասկացությունները, որոնք արտահայտում էին իշխանությունը՝ որպես հեղինակություն, որպես «ունեցվածք» (իշխանություն ունենալ), որպես հրամանատարություն և այլն:

Հին հայկական հասկացություններն այդ չափի ուսումնասիրված չեն, որքան լատինականները, բայց այստեղ էլ՝ համադրելով բառարանային տվյալներն ու հին աղբյուրների վերլուծությունը, կարելի է առանձնացնել մի շարք կարևոր եզրեր:

Օրինակ, իշխել՝ բուն իմաստով նշանակում է՝ կարողանալ, համարձակվել: Սա իշխանության առավել ներքին, սպոնտան կողմն է՝ երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում, համարձակվում է անել կամ ասել այս կամ այն բանը: Օրինակ, ասում է՝ «ինչպես ես իշխում այդպես խոսել թագավորի հետ»՝ ինչպե՞ս ես համարձակվում, քեզ իրավունք վերապահում: Իշխելն այդ իմաստով ինքնաբուխ, ներքին իշխանությունն է՝ կարողությունը: Դա դառնում է պաշտոնապես ձևակերպված, եթե ինչ-որ մեկը համարվում է իշխան, զբաղեցնում է այս կամ այն ոլորտում, տարածքում իշխողի դիրքը: Օրինակ, ասվում է՝ «իշխան սպարապետության», ինչը նշանակաւոմ է, որ այսինչն ունի իշխանություն՝ իրավունք, կարողություն «սպարապետության» «ոլորտում»: Ոչ թե պարզապես սպարապետ, այլ իշխան սպարապետության, որտեղ «պետությունը» ֆորմալ դիրքն է արտահայտում, իսկ իշխանությունը՝ բուն կարողությունը, իրավունքը, զորությունը:

Բացի իշխել և նրանից կազմած իշխան, իշխանություն բառերից, գրաբարում կարևոր են նաև՝ տեր, տիրելը, տերությունը, որոնք նշանակում են՝ մեկի գերիշխանությունը մյուսների նկատմամբ: Օրինակ, հայոց թագավորը տեր էր հայոց իշխանների, որևէ նախարար տեր էր իր տոհմում, ընտանիքի գլխավորը՝ տանուտեր էր, և այլն: Մեծ պետությունները կոչվում են տերություն, որոնց կազմի մեջ կարող են լինել առանձին իշխանություններ, բայց նա, ով բոլորից բարձր է, տերն է: Իշխաններ կարող են շատ լինել, բայց նրանց տերը մեկն է:

Օգտագործվում է նաև «կալ» արմատը՝ կալել, բռնակալել, տիրակալ և այլն, որն իշխանության մեկ այլ երանգ է՝ անմիջապես վերցնելու, տիրանալու, նաև՝ ունենալու, պահելու իմաստով: Սա իշխանության բռնի, ուժային երանգն է՝ այն, ինչ կարող ես ուժով, բռունցքով վերցնել, բռնել, պահել, յուրացնել:

Վերջապես «պետ» արմատն ավելի մոտ է պաշտոնական իշխանությանը. այս կամ այն ոլորտում առաջինը, առաջնորդ լինելն է՝ սպարապետ, հազարապետ, դահճապետ, և այլն, ընդհուպ՝ մինչև վարդապետ, որից՝ վարպետ, և այլն: «Պետ» արմատից է գալիս մեր «պետություն» բառը, որն այդու նշանակում է՝ հենց ֆորմալ իշխանությունը, կառուցվածքը, պետական ապարատը, ոլորտային առաջնորդումը:

Տեսնում ենք, որ հայերեն բառերի միայն թռուցիկ վերլուծությունը որքան երանգներ է բացում: Եվ սա դեռ շատ մակերեսային, առանց խորանալու և առանց ամբողջն ընդգրկելու, զուտ օրինակի համար փորձի դեպքում:

Իշխանությունը, ուրեմն, նուրբ, բազմաշերտ, ոչ հստակ սահմաններով, ներքուստ շարժունակ երևույթ է:

Ամենաընդհանուր իմաստով՝ իշխանությունն ազդեցությունն է, ավելի ստույգ՝ ազդեցություն գործելու կարողությունն է՝ ֆորմալ և ոչ ֆորմալ: Այդ իմաստով նույնիսկ այս տողերի հեղինակը շատ փոքրիկ, բայց միայն իրեն պատկանող իշխանության «փայ» ունի, եթե իր գրավոր խոսքով ի զորու է գոնե մեկ տանսորդական տոկոսով այս կամ այն կողմ ազդել հանրային իրավիճակի, թեկուզ՝ մի քանի հոգու կողմնորոշման վրա: Բայց սա, իհարկե, իշխանության նվազագույն չափն է, իսկ մեր նյութում խոսքն ավելի խոշոր չափի ազդեցության կարողությունների մասին է, որոնք միմյանց հետ մրցում են ոչ թե սոսկ իշխանության, այլ գերիշխանության՝ «տերության» համար:

Իշխանություն՝ ազդեցություն ստեղծելու, ունենալու, նաև լայնացնելու և, ի վերջո, գերիշխանության հասնելու գործիքները հայտնի են և բազմազան:

Դրանց թվարկումը կարելի է սկսել անձնական հեղինակությունից, անձնական քարիզմայից (հայերեն բառաց թարգմանությամբ՝ շնորհք), ժողովրդականությունից (պոպուլյարություն), շարունակել կազմակերչական ռեսուրսով, տեղեկատվական-քարոզչական ռեսուրսով, հարստությամբ, արտաքին և ներքին կապերով, և ավարտել նույն պաշտոնական դիրքով՝ ներկա կամ նույնիսկ անցյալ: Եվ, բնականաբար, այս ցանկն էլ ամբողջական չէ, այլ պայմանական և մոտավոր:

Գերիշխանության համար լուրջ խաղի մտնելու համար, որպես կանոն, բավական է նշված ցանկից մի քանիսին, ասնեք, երեք-չորսին տիրապետելը: Այս տարրերի այս կամ այն չափի համադրությունը ստեղծում է փաստացի իշխանություն, կամ ավելի ստույգ՝ փաստացի իշխանության մի քանի բևեռներ:

Պաշտոնական իշխանությունն արտացոլումն է փաստացի իշխանության: Բայց միայն մոտավոր և ոչ միշտ նույն չափով: Որոշ պահերին տարբերությունն այնքան մեծ է դառնում, որ պաշտոնական իշխանությունը վերածվում է ձևականության և ի վերջ ընկնում է:

Այսօրվա պաշտոնական իշխանության փաստացի գերիշխանության ռեսուրսային աղբյուրներն են աննախադեպ ժողովրդականությունը, Փաշինյանի անձնական հեղինակությունը և արդեն դրանց հիմամբ զբաղեցրած պետական դիրքերը: Նրանք հաղթել են կռվում և հաղթողի հինավուրց իրավունքով վաստակել իրենց այսօրվա դիրքը: Սակայն նրանք չունեն և նույնիսկ արտահերթից հետո էլ չեն ունենալու բացարձակ իշխանություն: Խոսքը նրա մասին չէ, որ ժողովրդականությունը մարելու է, այսպես կոչված, «էյֆորիան» անցնելու: Դրանք բավականին սին հույսեր են այն իմաստով, որ ժողովրդականությունն ինքն իրենով չի մարում, այլ կարող է շատ էլ երկար տևել և նույնիսկ ամրանալ՝ կախված քաղաքական ուժի կոնկրետ քաղաքական ուղղությունից: Իհարկե, ժողովրդականությունը կարող է անկում էլ ապրել, բայց դա ամենևին էլ պարտադիր չէ, ոչ էլ մեր տվյալ շարադրանքի տեսակետից էական:

Այսօրվա իշխող թիմը զուրկ է առավելությունից փաստացի իշխանության ռեսուրսային սպեկտրի մնացած բոլոր հատվածներում: Նույնիսկ որպես կազմակերպություն՝ իշխանության հենարան՝ ՔՊ-ն չունի այս պահին առավելություն մյուսների նկատմամբ: Ժողովրդական աջակցությունը նույնպես տարերային, անկազմակերպ բնույթի է, որևէ ձևաչափերի մեջ տեղավորված չէ: Մինչդեռ, հաշվի առնելով, որ դա իշխանության գլխավոր հենարանն է, դրա կազմակերպման քայլերը պետք է վաղուց արված լինեին և առաջնային համարվեին: Իշխող թիմը, կարծես, պատրաստվում է իր իշխանությունն ամրացնել և իրացնել սովորական քաղաքական գործիքակազմով՝ ընտրություններ, կուսակցություններ, ԱԺ և այլն, բայց իր բուն առավելությունը՝ ժողովրդական լայն աջակցությունը, չի պատրաստվում որևէ կազմակերպչական մտածված ձևի բերել:

Մինչդեռ, քաղաքական պայքարը շարունակվելու է ընտրություններից հետո էլ, և մոտակա շրջանում չի մտնելու սովորական հուն: Իշխող թիմի քաղաքականությունը երկու «քարի» արանքում է լինելու: Եթե նա, իր գլխավոր հենարանի՝ ժողովրդական մեծամասնության շահերի սպասարկման ճանապարհով պետք է գնա, ապա, անխուսափելիորեն շարունակելու է դիպչել այլևայլ՝ թե՛ ներսի, թե՛ դրսի էլիտար շահերի: Իսկ դա նշանակում է կազմակերպված դիմադրության շարունակություն և ամրապնդում էլիտաների կողմից, որոնք տիրապետում են ռեսուրսների մեծ մասին: Անշուշտ, իշխող թիմը շարունակելու է փորձել փոխզիջումային քայլեր էլ անել էլիտար խմբերի հետ: Դա նորմալ և անհրաժեշտ է: Բայց, եթե այս տրամաբանությամբ չափից ավելի խորանան, ապա կթուլանա ժողովրդականությունը, և ռեսուրսային դաշտում՝ առավելության կորուստ մյուսների նկատմամբ: Հետևաբար՝ այստեղ պետք է գտնվի մի միջին ուղի, ինչն այդքան էլ հեշտ չէ, քանի որ սա միայն մարտավարական խնդիր չէ, միայն ճկունության հարց չէ, այլ նաև ռազմավարության՝ ինչպես ու ուր երկիրն առաջնորդելու մասին պատկերացման և կամքի խնդիր:

Իշխանության հարցը, էլ չենք ասում, հեղափոխության հարցն ընդհանրապես դեռ ոչ լուծված է, ոչ լուծվելու է արտահերթ ընտրություններով:

Տեսանյութեր

Լրահոս