Սահմանազատում, կամ` հանրաքվեով տարածքների փոխանակում. Փաշինյանը` փոխադարձ վերահսկվող տարածքների մասին

Նիկոլ Փաշինյանը հայաստանյան լրագրողների հարցերին ի պատասխան` անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանազատման գործընթացին:

Նա նախ հիշեցրել է երեկ ստորագրված եռակողմ համատեղ հռչակագրի 5-րդ կետը, որտեղ նշվում է.

«Մենք ընդունում ենք անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում»։

Ըստ այդմ` Փաշինյանը շարունակել է, որ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը նշանակում է հետևյալը. Խորհրդային Հայաստանի տարածքը ճշգրիտ նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ, Խորհրդային Ադրբեջանի տարածքը ճշգրիտ նույնական է անկախ Ադրբեջանի տարածքի հետ: Եվ սա, ըստ նրա, արձանագրված է և նախաստորագրված։

Կարդացեք նաև

«Մենք, այո, ճիշտ ենք ասում, որ կան տարածքներ, որ այս տրամաբանությամբ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բայց նաև պիտի ասենք, որ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ։ Պիտի սահմանազատման գործընթացը շարունակվի, և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Արդբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պետք է վերադարձնեն մեզ: Կամ էլ համարժեքության սկզբունքի հիման վրա, օրինակ, հանրաքվեի միջոցով որոշակի տարածքների փոխանակում իրականացվի այն տրամաբանությամբ, որ 29 հազար 743 քառ. կմ տարածքն անխախտելի մնա»,- շեշտել է Փաշինյանը։

Եվ սա այն դեպքում, երբ իր  «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերտառությամբ հոդվածում Փաշինյանն ուշագրավ ձևակերպում է անում` նշելով.

«Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգն արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա»: Այսինքն, ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, և Նիկոլ Փաշինյանն անգամ սրանից հետո շարունակում է պնդել, թե 29 հազար 743 քառ. կմ տարածքն անխախտելի է մնացել:

Մանրամասները` տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս