
Իսկ գուցե նախագիծը հնարավորություն դառնա` Իրան-ԱՄՆ, ՌԴ-ԱՄՆ տնտեսական համագործակցությա՞ն համար
«Այս նախագծով Հայաստանը ստանում է երկաթուղային կապ՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ՝ Իրանի հետ»,- այս մասին այսօր Վաշինգտոնից պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մտահոգություններին, որ ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան համաձայնությունը կհարվածի ՌԴ-ի ու Իրանի առևտրային ու լոգիստիկ շահերին ռեգիոնում։
Ըստ նրա՝ այս նախագծով Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապ է ստանում։ Փաշինյանը նշեց, որ 30 տարի ՌԴ-ի հետ երկաթուղային կապ չունենք, ընդ որում` այս տրամաբանության մեջ ՀՀ-ն այդ երկաթուղային կապը կարող է ստանալ և՛ տրիպով, և՛ առանց տրիպի, որովհետև կարող է լինել Վրաստան-Ադրբեջան երկաթուղային կապ։
«Եկեք չմոռանանք, որ ՀՀ երկաթուղիներն այս պահին գործունեություն են ծավալում և գտնվում են ՌԴ կառավարման ներքո, և գուցե հետաքրքրություն առաջանա ՌԴ-ի համար՝ ներդրում իրականացնել Իջևան-Հրազդան երկաթուղին վերականգնելու, Իջևան-Ղազախ երկաթուղին վերականգնելու հարցում։ Իհարկե, այստեղ անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը։ Մենք երկաթուղային կապ ենք ստանում նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը շատ կարևոր է, ու չենք ունեցել, մենք երկաթուղային կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, իհարկե, լաստանավային սցենարով, այդ թվում՝ այսօր Չինաստանն է ստանում ճանապարհ, նոր երկաթուղային ճանապարհ դեպի Արևմուտք, որն այս պահին գոյություն չունի։ Հետևաբար՝ շատ էական է, թե որ դիտանկյունից նայես։
Այո, կա այդ մեկնաբանությունը, որ դա խնդիրներ է առաջացնում ՌԴ-ի կամ ԻԻՀ-ի շահերի համար, բայց եկեք այլ դիտանկյունից նայենք, գուցե սա դառնա լավ հնարավորություն, որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի ու ԱՄՆ-ի միջև, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև։
Այսօր, եկեք չմոռանանք, որ ԻԻՀ ընկերությունն իրականացնում է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցումը, առաջիկայում կսկսենք երկաթուղու կառուցումը Մեղրիի հատվածում, և դա կարող է գործակցության հնարավորություն բացել՝ նույն Երասխ-Ախուրյանի երկաթուղու վերագործարկմամբ։ Այս գործընկերությունը կարող է անսպասելի, բայց պոզիտիվ գործընկերության տեղ դառնալ»,- ասաց Փաշինյանը։